ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների՝ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում անցկացվող բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև էներգետիկ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածության պատճառով։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, գրում է բրիտանական Financial Times պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփի՝ Ռուսաստանի առաջնորդի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարությունն անակնկալի է բերել ուկրաինական բանակցային խմբին։ Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է Financial Times-ին, որ պատվիրակությունը որոշել է վերադառնալ՝ հոկտեմբերի 10-ին հանդիպումները շարունակելու փոխարեն։
Հոկտեմբերի 9-ին Մայամիում բանակցություններ են անցկացրել ԱՄՆ-ի, Ուկրաինայի, եվրոպական եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, Եվրահանձնաժողովի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։
Կիևը ներկայացրել են Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Kyiv Post-ի՝ Վաշինգտոնում թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ բանակցություններն ավարտվել են նախատեսվածից շուտ, և երկրորդ օրվա հանդիպումներ չեն անցկացվի։
Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հանդիպման ընթացքում ուկրաինական կողմին զգուշացրել են՝ Կիևի կողմից զիջումների բացակայության դեպքում Վաշինգտոնը կարող է դադարեցնել Ուկրաինային ամերիկյան հետախուզական տվյալների տրամադրումը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դրանից հետո հայտարարվել է ռուսական դիզելային վառելիքը ԱՄՆ և համաշխարհային շուկաներ մատակարարելու վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերման մասին։