Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման վաշտի հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի «Նուխբա» հատուկ նշանակության ստորաբաժանման զինյալին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակը Խան Յունիս շրջանում հասցված հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» ռազմական թևի վաշտի հրամանատար Մուհամմեդ Աբու Շալուֆին, որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ներթափանցել էր Իսրայելի տարածք։ Խան Յունիսի շրջանում մեկ այլ հարվածի հետևանքով ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի «Նուխբա» հատուկ նշանակության ուժերի զինյալ Մուսա Աթեֆ Աբու Դանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վերջիններս վերջերս հարձակումներ են իրականացրել ՑԱՀԱԼ-ի զինծառայողների դեմ և փորձել են վերականգնել զինված խմբավորումների մարտունակությունը՝ այդպիսով պարբերաբար խախտելով հրադադարի համաձայնությունը։
ՑԱՀԱԼ-ը նշել է, որ հարվածներից առաջ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական բնակչության շրջանում հնարավոր վնասը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։