Ներքին 1 ժամ առաջ - 18:54 09-10-2026

ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ստեղծումը ոտնահարում է Եկեղեցու ինքնավարության հիմնարար սկզբունքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ժողով

Հոկտեմբերի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։

Անդրադառնալով Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած ապօրինի արշավին և այս շրջանակներում Ազգային ժողովում նախաձեռնված գործընթացներին՝ ժողովականները հանդես եկան հայտարարությամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական գործողությունների ուղղորդման ներքո՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այսպես կոչված ճգնաժամի ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ։ Այս նախաձեռնությունը հերթական անգամ ոտնահարում է կրոնական ազատության և Եկեղեցու ինքնավարության միջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքները, որով լրջորեն կասկածի տակ է դրվում երկրում օրենքի գերակայությունը։

Իշխող քաղաքական ուժը ապօրինի բոլոր միջոցների կիրառմամբ, բռնաճնշումներով և եկեղեցական գործունեության արհեստական խոչընդոտմամբ փորձեր է կատարում միջամտելու Հայոց Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։

Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը, որի բարձր ամբիոնը ծառայեցվում է հակաեկեղեցական տրամադրությունների սերմանման, Եկեղեցու և եկեղեցականների դեմ ատելության, անհիմն մեղադրանքների ու վիրավորանքների տարածման համար։ Ստեղծված քննիչ հանձնաժողովին վերապահվել են օրենքով չնախատեսված լիազորություններ և իրավասություններ՝ Եկեղեցու կանոնական իրավասու մարմինների փոխարեն որոշելու Եկեղեցու ներքին կյանքին և կառավարմանը վերաբերող տարբեր հարցերի կանոնական պատշաճությունը։

Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն, գործել բացառապես սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Մեր պահանջն է պետական իշխանությամբ օժտված՝ մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր զավակից զերծ մնալ անօրինական որևէ գործողությունից, հրաժարվել իշխանական դիրքի չարաշահումից։ Որևէ կերպ արդարացված չեն Եկեղեցու ներքին կյանքի հանդեպ քաղաքական վերահսկողություն հաստատելու կամ եկեղեցական կանոնական մարմինների լիազորությունները յուրացնելու փորձերը։

Ի սկզբանե կեղծիքներով, զրպարտություններով ու մոլորություններով հիմնավորված այս գործընթացն անխուսափելիորեն բացասական ներգործություն է ունենալու ազգային կյանքում, առաջ է բերելու նոր պառակտումներ, հասարակության մեջ տեղիք է տալու թշնամանքի ու անհանդուրժողականության։ Մինչդեռ հայրենի երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները պարտավորեցնում են ամենքիս լինել միասնական, համերաշխ և հաստատակամ։ Հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու զավակներին պահպանել հոգևոր զգոնությունն ու աղոթական հանդարտությունը և հակաեկեղեցական մերժելի այս երևույթների հանդեպ իրենց դիրքորոշումն արտահայտել միմիայն արժանապատիվ ու օրինական եղանակներով։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վճռականորեն հետամուտ է լինելու օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու Հայոց Եկեղեցու և իր հավատացյալ հոտի իրավունքները։

Թող Երկնավոր Տերը խաղաղ և անվրդով պահի Հայաստան աշխարհը, համախումբ՝ հավատավոր մեր ժողովրդին, անսասան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր բոլոր կառույցներով ի սփյուռս աշխարհի։ Իմաստություն, հավատ և հուսառատություն ամենքիս՝ արժանապատվորեն հաղթահարելու մերօրյա փորձությունները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի