Ուղիղ եթեր
Ներքին 45 րոպե առաջ - 18:00 06-10-2026

Քավության նոխազ՝ ԱԱԾ տեղակալի տեսքով, և ՊՆ-ի «պատերազմը»՝ կանանց շպարի դեմ

Հայաստանի անվտանգային համակարգը հերթական անգամ ապացուցեց իր կատարյալ ձախողումը, իսկ երկրի քաղաքական ղեկավարությունը՝ պատասխանատվությունից խուսափելու և իրական մեղավորներին ջրից չոր դուրս բերելու իր հին ու փորձված գործելաոճը։

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը։ Այս հապշտապ պաշտոնանկությունը շատերը կապեցին Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած խայտառակ ու ողբերգական միջադեպի հետ։ Տպավորություն է իշխանությունը գտել է հերթական «քավության նոխազին», որպեսզի հանրային զայրույթը շեղի ԱԱԾ առաջին դեմքից և Պաշտպանության նախարարության համակարգային տապալումից։

Եթե վերլուծենք դեպքերի ժամանակագրությունը, ապա պատկերը ոչ միայն մտահոգիչ է, այլև սարսափեցնող.
Սեպտեմբերի 26. Բաքվի կողմից հայտնի է դառնում, որ ադրբեջանցի զինծառայող է կորել։ Փաստացի, այդ օրվանից նա անարգել հատել է ՀՀ պետական սահմանը և գտնվել մեր տարածքում։ Սեպտեմբերի 29. Ադրբեջանական կողմը պաշտոնապես տեղեկացնում է Հայաստանին, որ հնարավոր է՝ զինծառայողն անցել է հայկական կողմ։ ԱԱԾ-ն և Սահմանապահ զորքերը ստանում են ուղիղ ազդակ, բայց ամբողջ 3 օր շարունակ ոչինչ չեն տեսնում, չեն օպերատիվացնում տեղեկատվությունը և չեն ուժեղացնում հսկողությունը։ Հաջորդ 3 օրերը. թշնամու զինված ներկայացուցիչը հանգիստ քայլում է Սյունիքի խորքերը՝ անցնելով շուրջ 16 կիլոմետր։ Որտե՞ղ էին այդ ընթացքում մեր սահմանապահները, ո՞ւր էր զորքը, ինչո՞վ էին զբաղված հատուկ ծառայությունները։

Ու միայն այն ժամանակ, երբ այս զինված ադրբեջանցին մտնում է Շաքի գյուղի տներից մեկը, պատանդ վերցնում անմեղ երեխաներին, կրակ բացում և ծանր վիրավորում նրանց մորը, նոր միայն Հայաստանի ուժային կառույցները «ուշքի են գալիս»։

Այս ֆոնին արդյոք պե՞տք է բավարարվել ԱԱԾ տեղակալի հեռացմամբ։ Եթե պետության անվտանգության գլխավոր կառույցը 7 օր շարունակ չի կարողանում գտնել սահմանը հատած մեկ զինվորի, ապա խնդիրը ոչ թե մեկ պաշտոնյայի, այլ ամբողջ ղեկավարության մեջ է։

ԱԱԾ տնօրենն ինքը պետք է օր առաջ հրաժարական տար, կամ վարչապետը պետք է նրան պաշտոնից ազատեր՝ զինվորական կոչման իջեցմամբ՝ պետական անվտանգության սպառնալիքի և անգործության համար։ Իմանալով, որ սահմանից զինվոր է անհետացել, ԱԱԾ սահմանապահները պարտավոր էին օր ու գիշեր հսկողության տակ վերցնել բոլոր սահմանամերձ գյուղերը, ճանապարհներն ու անտառները։ Դա չի արվել, ինչը հանցավոր անփութություն է։

Հաջորդ հարցը՝ մի՞թե ՊՆ-ն սուրբ է այս պատմության մեջ։ Ինչու ոչ մի հրաժարական կամ պատժամիջոց չկա պաշտպանական գերատեսչությունում, որի առաջնային գործառույթը սահմանների անառիկությունն է։
Փոխանակ պաշտպանական գերատեսչության պատասխանատուները բարձրացնեն բանակի մարտունակությունը, փոխանակ գիշերները ցերեկ դարձնեն, «գլուխ կոտրեն» ու պարզեն, թե ինչպես է ստացվում, որ ադրբեջանցի զինվորը կարողանում է մեր պաշտպանական դիրքերի կողքով աննկատ անցնել ու 16 կիլոմետր խորանալ երկրի տարածքում, նրանք որոշել են... պատերազմ հայտարարել կանանց շպարին։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունից բոլոր ստորաբաժանումները և բանակային կորպուսները հատուկ գրություն են ստացել, որտեղ հրահանգված է խստություններ իրականացնել աշխատակազմում ներգրավված կանանց նկատմամբ։ Գրության մեջ մասնավորապես հրամայված է՝ զինվորական կանանց չշպարվել, թարթիչներ չկպցնել, ինչպես նաև չօգտագործել կարմիր շրթներկ։
Այս աբսուրդային հրահանգն, ի դեպ, ծայրահեղ զայրույթ է առաջացրել կին զինծառայողների շրջանում։

Ասպիսով, քանի դեռ երկրում ձախողումների համար պատասխանատվության են ենթարկվում միայն «միջին օղակները» կամ զբաղվում են երկրորդական հարցերով, իսկ իրական քաղաքական ու ռազմական ղեկավարությունը շարունակում է մնալ իր տաքուկ կաբինետներում, Հայաստանի սահմաններն ու քաղաքացիները երբեք պաշտպանված չեն լինելու։

Փաստը մնում է փաստ՝ մեկ տեղակալի հեռացնելով կամ կանանց շրթներկն արգելելով սահմանի անվտանգություն չես ուժեղացնի։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
19:06 Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել