Ներքաղաքական լարվածության, չհայտարարված քարոզարշավի ու Փաշինյան-եկեղեցի փոխհրաձգության ֆոնին Հայաստանում նոր ոստիկանապետ նշանակվեց։ Վարչապետի՝ հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվեց Ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալ։
Որո՞նք կլինեն նոր ոստիկանապետի առաջնային խնդիրները։
Ի շարս ոստիկանության բազմաթիվ օրախնդիր գործառույթների՝ կա մի քանի ուղղություն, որոնք առաջիկա տարում առաջնահերթ են լինելու։
Առաջինը՝ «Կրթվելը նորաձև է» արշավի ապահով ընթացքն ապահովելն է։ Այս արշավի քողի տակ, ըստ էության, ընթանում է ՔՊ-ի քարոզարշավը։ Գլխավոր բանախոսները Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են։ Արշավի դահլիճային հանդիպումների, զանգվածային միջոցառումների անվտանգությունն ապահովելուց զատ, ոստիկանության վրա կդրվի նաև դահլիճ լցնելու խնդիրը, որը նա կարող է լուծել իր կադրերով, իրազեկողներով, այն քաղաքացիներով, որոնց վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցության ունի։ Սրանից զատ՝ ոստիկանությունը պետք է այնպես աշխատի, որ չհարվածի Փաշինյանի վարկանիշին, այնպիսի գործողություններ չանի, որոնց արդյունքում Փաշինյանի հանդեպ ժողովրդի անվստահությունն ավելի խորանա։ Օրինակ՝ հունիսի 1-ին Երևան-Սևան ավտոճանապարհին խցանման մեջ պահված վարորդները երկար ազդանշաններով էին ուղեկցել Սևան սլացող Փաշինյանին, ցույց տալով, որ նրան չեն սիրում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ այս ցույցն է եղել Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկության առերևույթ պատճառը, չնայած՝ վերջինս արդարև մեղավոր չէ, որ ժողովուրդը Փաշինյանին չի սիրում։
Արամ Ղազարյանը, չնայած ոստիկանության համակարգի հնաբանակ է, սակայն վերջին շրջանում Լոռու մարզպետ էր աշխատում։ Հունիսի 2-ին նա տեղեկացրեց, որ հրաժարական է տալիս մարզպետի պաշտոնից, դադարեցնում քաղաքական և կուսակցական գործունեությունը, որը, ենթադրաբար, հնարավորություն կտա նոր ոստիկանապետին լավ հասկանալու և լիրաժեք կատարելու Փաշինյանի՝ քաղաքական ենթատեքստ պարունակող հրահանգները։ Այս առումով՝ վարկած կա, թե նրան ոստիկանապետ նշանակելուց առաջ մարզպետ էին նշանակել, որ քաղաքական փորձառություն ձեռք բերի։
Հաջորդ առաջնահերթությունը ՔՊ-ի քաղաքական մրցակիցներին է առնչվելու։ Ոստիկանությունից ակնկալվելու է ինտենսիվ աշխատանք այս ուղղությամբ։ Մասնավորապես՝ հավաքել մրցակիցների, պոտենցիալ մրցակիցների մասին տվյալներ, պարզել նրանց խոցելի կողմերը, անհրաժեշտության պարագայում՝ «սարքել» անցանկալի մրցակիցների գլխին ու մեկուսացնել նրանց մրցապայքարից, ճանապարհ հարթելով ՔՊ-ի հաղթանակի համար։
Երրորդ ուղղությունը իշխանություն-եկեղեցի հակամարտությանն է առնչվելու։ Եթե Գարեգին Բ-ն չհանձնի գահը և փորձի դիմադրել, ապա ՔՊ-ական իշխանությունը ուժային ճնշումներ է կիրառելու։ Չի բացառվում, որ ՔՊ-ն ժողովրդին կհանի փողոց Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով։ Ենթադրելի է, որ Գարեգին Բ-ի աջակիցներն էլ դուրս կգան փողոց։ Ոստիկանությունից ակնկալվելու է պաշտպանել ՔՊ-ական ցուցարարներին և հալածել կաթողիկոսի աջակիցներին։ Սա ամենալարված խնդիրն է լինելու առաջիկայում։ Ոստիկանների մի մասը, հավանաբար, կազատվեն պաշտոնից ու աշխատանքից, որ եկեղեցու դեմ գործընթացին չառնչվեն։
Կարևոր խնդիրներից մեկն էլ լինելու է քրեական ենթամշակույթի կրողներին ՔՊ-ի քարոզարշավին լծելը։ Թաղային հեղինակությունների մեծ մասն ավանդաբար սատարել է օրվա իշխանություններին նախընթաց բոլոր ընտրությունների ժամանակ։ Սակայն միշտ էլ եղել են բացառություններ, և որոշ հեղինակություններ չեն աշխատել իշխանության թեկնածուի օգտին։ Առաջիկա ընտրությունների հետ կապված նույնպես կան ռիսկեր, որ որոշ հեղինակություններ չեն աջակցի Փաշինյանին։ Արամ Ղազարյանից ակնկալվելու է, որ նա ապահովի ամեն տեսակի հեղինակությունների արդյունավետ ու լիարժեք ներգրավումը ՔՊ-ի քարոզարշավին ու ընտրությանը։ Այստեղ հարկ է հիշել, որ Արամ Ղազարյանը 2021-ի նոյեմբերին սպանված քրեական հեղինակություն «Տույի»՝ Արթուր Ղազարյանի, հորեղբոր որդին է։ Ենթադրելի է, որ քրեական ենթամշակույթի կրողների մի մասն, այս հանգամանքը հաշվի առնելով, եղբայրաբար կվերաբերվեն նոր ոստիկանապետին, կօգնեն նրան բարդ խնդիրները լուծելու հարցում։
Կարճ ասած՝ ծանր ու լարված օրեր են սպասվում ոստիկանապետ Արամ Ղազարյանին։ Չնայած ոստիկանությունը նրա համար հարազատ միջավայր է, սակայն առաջադրված քաղաքական խնդիրները ծանր են լինելու, կա ձախողման, քավության նոխազ դառնալու ռեալ ռիսկ, քանի որ Փաշինյանի վարկանիշը ցածր է, ժողովրդի մի մասը նրան չի սիրում, չի հարգում, չի վստահում։
Թաթուլ Մկրտչյան