Միտք Ներքին 7 ամիս առաջ - 10:00 25-11-2025

Քավության նոխազ են գտել. թու՛ աշնան տերևի վրա

Երևանում օդի աղտոտվածության մասին ահազանգում են ոչ միայն բնակիչները, բնապահպանները, այլև միջազգային կազմակերպությունները։ Քաղաքապետն այս ահազանգերի պատճառով անհարմար դրության մեջ է տևական ժամանակ։ Նա աջ ու ձախ շինթույլտվություններ է տալիս։ Ու դրանից հետո, բնականաբար, շինարարական փոշին ծածկում է քաղաքը։ Տիգրան Ավինյանը չի կարողանում շինթույլտվություններ չտալ կամ արգելել սկսված շինարարությունները, նույնիսկ մի կարգին տուգանել էլ չի կարողանում։ Մնում էր մեկ այլ մեղավոր գտնել ու նրան մեղադրել քաղաքի օդն աղտոտելու համար։ Եվ ահա՝ այդպիսի մեղավոր գտնվեց։ Դա աշնան տերևն է։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 24-ի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդրին՝ առանձնացնելով բակերում տերևների և աղբի այրման վնասակար ազդեցությունը։ Նա նշել է, որ այդ նյութերի այրումից առաջացած վնասը գերազանցում է անգամ շինարարական փոշու ազդեցությանը։

Նախ՝ առաջին հերթին հարկ է հասկանալ, թե ովքե՞ր են այրում աշնան տերևը։

Մարդիկ կարող են վկայել, որ աշնան տերևն այրում են կամ տեսականորեն կարող են այրել փողոցներն ու բակերն ավլողները։ Դրանք քաղաքապետարանի, թաղապետարանի աշխատակիցներն են։ Եթե քաղաքապետարանի ու թաղապետարանի աշխատակիցներն են այրում տերևը, ապա Տիգրան Ավինյանը կարող է համապատասխան վարչությունների ղեկավարներին կարգադրել, որ այսուհետև չայրեն տերևները, չթունավորեն քաղաքի օդը։ Այնինչ՝ Ավինյանն այսպես վարվելու փոխարեն ընդհանրացնում է թեման, այն ուղղելով ժողովրդի կողմը, ակնարկելով, թե ժողովուրդը վատն է, առանց հասկանալու՝ այրում է աշնան տերևն ու թունավորում է քաղաքի օդը, հետո էլ նույն դավադիր ժողովուրդը հանդիմանում է քաղաքային իշխանություններին օդի աղտոտվածության համար։

Այս գործելաոճը բնորոշ է հեղափոխականներին։ Նրանք ոչ թե փորձում են լուծել բարձրացված հարցը կամ գոնե գտնել պատճառներն, այլ հակադարձում են, գտնում մեկ այլ քավության նոխազ, վերջինիս հանդիմանում նման բաների մեջ ու թեման համարում փակված։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունները ոչ թե ուզում են լուծել օդի աղտոտվածության հարցը, այլ ցրել հարցը, ընկճելով այն բարձրացնողին՝ ժողովրդին։

Ավելին՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նույն օրը, երեկոյան հիշեցում տարածեց, թե ինչ է սպասվում աշնան տերև այրող քաղաքացիներին. «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում այրելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50 000 դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի (200 000 դրամ) չափով»։ Սա էլ Ավինյանի սպառնալիքի օրինական հիմնավորումն էր;

Այսպիսով՝ անհասցե մեղադրանքն աշնան տերևն այրողների հանդեպ օդի աղտոտվածության թեման ցրելու փորձ է։ Եթե մարդը վաղը փորձի բարձրացնել շինարարական փոշու թեման, ապա ՔՊ-ականը կարող է հակադարձել, ասելով, որ աշնան տերևն ավելի շատ թունավոր է, գնացե՛ք դրա դեմ պայքարեք, ի՞նչ եք կպել շինարարություններին։

Աշնան տերևի այրումը շինարարարական փոշու հետ համեմատությունը կարելի էր, եթե կոնկրետ մատնացույց արվեր քաղաքային իշխանության այն վարչության ղեկավարների անունները, որոնք իրենց աշխատակիցներին հանձնարարել են այրել աշնան տերևը։ Եթե չեն նշվում կոնկրետ պատասխանատուների անուններն, ապա այդպիսի անորոշ հանդիմանանքը հիմք է տալիս ենթադրելու, որ քաղաքային իշխանությունները պարզապես փորձում են սխալով ծածկել սխալը։ Այսինքն՝ ավելի մեծ սխալ բան են անում և դրանով փորձում ծածկել արված համեմատաբար փոքր սխալը։ Այդպիսով՝ հանրության ուշադրությունը սևեռվում է նոր սխալի վրա, և քիչ է խոսվում նախորդի մասին։ Ահա՝ այսպիսի մանր հնարքներ են գործում քաղաքային իշխանությունները, որ իրենց վրայից գցեն օդի աղտոտվածության պատասխանատվությունը և այն բարդեն ժողովրդի վրա։

Պատկերավոր ասած՝ Տիգրան Ավինյանը աշնան տերևը կապեց անարգանքի սյանն ու թուքումուր արեց նրա վրա։ Այս քայլը գուցե որոշ ժամանակ շեղի հանրության ուշադրությունը քաղաքում ծավալվող փոշոտ շինարարությունից։ Ու եթե որևէ մեկը խոսի օդի կեղտոտվածությունից, ապա ՔՊ-ականը կարող է մատնացույց անել աշնան դեղնած, չորացած, ծառից ընկած տերևը ու բոլոր մեղքերը բարդել խեղճի վրա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան