«Փաստ» թերթը գրում է. «Պետական քաղաքականությունն այս ոլորտում բացակա է. պետությունը որևէ կերպ չի մեղմում անշարժ գույքի համատարած գնաճի սոցիալական հետևանքները։ Այս իրավիճակից օգտվում են միայն այն քաղաքացիները, ովքեր տարիների ընթացքում կարողացել են կուտակել մեծ թվով անշարժ գույք և հիմա դրանք վարձով տրամադրելու հաշվին կրկնապատկում, նույնիսկ եռապատկում են իրենց հարստությունը, ինչն էլ ավելի է խորացնում բնակչության բևեռացումը և ավելացնում սոցիալական անարդարությունը։
Առավել տհաճ ու վիրավորական է ներկայիս իշխանությունների կիրառած սոցիալական քաղաքականության երկրորդ առանցքային դրսևորումը՝ թոշակի հազար դրամով ավելացումը՝ հանգուցյալների հարազատներին թաղման համար տրամադրվող նպաստի հաշվին։ Որպես պաշտոնական հիմնավորում՝ հնչում է աբսուրդային թեզը՝ իբր ոչ բոլոր առանձին քաղաքացիներն ունեն այդ 200 հազար դրամ միանվագ աջակցության կարիքը։ Այդ ֆոնին իշխանությունները ոչ միայն չեն ամաչում, այլ շարունակաբար բարձրացնում են իրենց աշխատավարձերը՝ նվազագույնը երկու անգամ, հետն էլ՝ անընդհատ պարգևավճարներ ստանում։ Հանրությունը դրա փոխարեն ստանում է թոշակի ընդամենը հազար դրամով ավելացում, այն էլ՝ շոշափելի գնաճի պարագայում, երբ այդ գումարը օրական կամ ամսական ծախսի մեջ կորչում է առանց որևէ նշանակալի փոփոխության։ Տպավորություն է, թե իշխանությունն ուղղակի ծաղրում է թոշակառուներին՝ 1000 դրամ նետած ողորմությունը համարելով մեծ գործ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։