Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Խաչվերացի՝ Սուրբ Խաչի վեր բարձրացման և փառաբանության տոնը։
Տոնի առիթով Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագից առաջ ժամերգության ընթացքում կատարվեց Անդաստան, որի ընթացքում օրհնվում է աշխարհի չորս կողմերը՝ հայցելով Աստծո խաղաղությունն ու օրհնությունը մեր ժողովրդին, Հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն։
Սուրբ Խաչ եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ելևմտից Տեսուչ՝ Գերաշնորհ Տեր Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը։
Սրբազան Հորը Պատարագին աղոթակից էին Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ,Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր՝ Հոգեշնորհ Հայր Շնորհք աբեղա Պալոյանը, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվներ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը և Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Քոչարյանը ։ Սուրբ
Պատարագին մասնակցում էին բազմաթիվ ուխտավորներ և հավատացյալներ, որոնք Խաչվերացի տոնի առիթով համախմբվել էին Աստծո Տանը՝ միասնական աղոթքով փառաբանելու Սուրբ Խաչը և հաղորդակից լինելու օրվա հոգևոր խորհրդին։
Ընթացս Սուրբ Պատարագի խոսված իր քարոզում Գերաշնորհ Տեր Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանն անդրադարձավ Խաչվերացի տոնի խորախորհուրդ նշանակությանը՝ ընդգծելով Սուրբ Խաչի կարևորությունն ու անփոխարինելի տեղը քրիստոնյայի կյանքում։ Սրբազան Հայրը խոսեց այն մասին, որ Քրիստոսի Սուրբ Խաչը հավատացյալի համար դառնում է զորության ու տոկունության աղբյուր, դժվարությունների ժամանակ՝ հույսի և ապավենի նշան, իսկ հավատքի ճանապարհին՝ Քրիստոսին հետևելու և Նրա սիրով ապրելու կոչ։
Սրբազան Հայրն իր եղբայրական սերն ու ջերմ բարեմաղթանքները հղեց նաև Արագածոտնի թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին՝ մաղթելով Աստծո զորակցությունն ու օրհնությունը, հոգու խաղաղություն և տոկունություն՝ իր աստվածահաճո առաքելության մեջ։
Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Սուրբ Խաչի հանդիսավոր թափոր, որի ընթացքում հավատացյալները, խաչի առաջնորդությամբ, աղոթքով և օրհնությամբ շրջեցին եկեղեցու շուրջ:
Խաչվերացի տոնը մեզ կրկին հիշեցնում է, որ քրիստոնյայի կյանքի ճանապարհը անցնում է Խաչի խորհրդի միջով․ Խաչը փորձության մեջ՝ տոկունություն է, վշտի մեջ՝ մխիթարություն, հուսահատության մեջ՝ հույս, իսկ Քրիստոսի հետ՝ հաղթանակ և հարություն։