Ներքին 45 րոպե առաջ - 18:17 11-09-2026

Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ

Աննա Հովհաննիսյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ամբողջ Վանաձորը պարալիզացված է։ Ժամեր անց Հովհաննիսյանը մեկ այլ գրառում կատարեց, որտեղ նշված է․


Նախորդ գրառմանս մեջ մի քանիսդ, որ եկել՝ հպարտ դեմքով գրում եք՝ «մարդամեկը չի քշում, միջազգային հեծանվային մրցաշար է» և այլն․․․ Ուրեմն կարդացեք։

Ցանկացած բան, որ անում են սրանք, անում են ամենափնթի ձևով։ Ոչ ոք չի ասում՝ մի՛ արեք մրցաշար։ Անելուց արեք կարգին՝ առանց մարդկանց առողջության ու կյանքի հաշվին։

Մի քանի րոպեում, իբր 15 րոպեով, փակեցին Վանաձորի գլխավոր՝ Տիգրան Մեծ փողոցը։ Ի դեպ, ոչ մի տեղ չկար որևէ զգուշացում դրա մասին։

Արդյունքում առաջացավ հսկայական խցանում։ Խցանման մեջ մնացին հարյուրավոր մարդիկ։ Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում՝ անտեր։ Մեքենաներում կային բազմաթիվ մարդիկ, որոնք շտապում էին հիվանդանոց։ Աշխատանքի գնալու մասին էլ չեմ խոսում։

Մրցաշարին պատրաստվում են այնպես, որ ամբողջ քաղաքը չպարալիզացվի։ Որ շտապօգնության մեքենաները չմնան կիլոմետրերով ձգվող խցանումների մեջ։ Մրցաշարը չեն անում մարդկանց կյանքի հաշվին։

15 րոպեն, պարզվեց, տևելու է մոտ 3 ժամ, որովհետև հեծանվորդները դեռ Դիլիջանից էլ դուրս չէին եկել, երբ միանգամից փողոցները փակվեցին։

Ու մի բան էլ․ ուզում եք ասել, որ մրցաշարն էնքան կարևոր էր, որ առանց մարդամեկի՝ անձամբ ոստիկանապետն ու փոխոստիկանապետն էին եկել Վանաձորի փողոցները փակելու՞։ Լո՞ւրջ եք ասում։

Չէ՛, ես չեմ ընդունում մարդկանց կյանքի հաշվին կազմակերպվող ձեր մրցաշարերը, եթե դուք ոչինչ չեք կարողանում կոկիկ անել։

Բոլոր ֆեյքերին բլոկելու եմ։ Ինչքան կարող եք՝ ցույց տվեք ձեր ներկայությունն իմ էջում, որ հեշտ մաքրեմ միջավայրս։

Ձեզ գուցե հետաքրքրի