Գյումրեցի երկու եղբայրների հայրը՝ Աշոտ Թորոսյանը, այսօր բողոքի ակցիա է իրականացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց։ Տղամարդը պնդում է, որ իր որդիներին անհիմն կերպով կալանավորել են, և արդեն երկար ժամանակ նրանք պահվում են կալանքի տակ։
Oragir.News-ի հետ զրույցում Աշոտ Թորոսյանն ասում է, թե իր որդիները որևէ առնչություն չունեն այն քրեական գործին, որի շրջանակում ներգրավված են։ Խոսքը թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործի մասին է։
«Իմ տղաները իմ հետ երկաթ են հավաքում, վաճառում, իրենց աշխատանքով են ապրում։ Այդ գործի հետ որևէ կապ չունեն»,- նշում է կալանավորված եղբայրների հայրը։
Աշոտ Թորոսյանը նաև շեշտում է, որ որդիները ընտանիքներ ունեն, նրանց խնամքին մանկահասակ երեխաներ են։ Նրա խոսքով՝ ընտանիքները հայտնվել են սոցիալական ծանր վիճակում, քանի որ երեխաների հայրերը գտնվում են կալանքի տակ։
Կալանավորված եղբայրներն այժմ պահվում են Արթիկի քրեակատարողական հիմնարկում։
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախատեսված դատական նիստը չի կայացել։ Պատճառը գործով անցնող երրորդ անձի բացակայությունն է եղել, որը գտնվում է տնային կալանքի տակ։
Սակայն կալանավորված եղբայրների հայրը մտահոգված է, որ դատական նիստերի հետաձգման հետևանքով երկարաձգվում է նաև որդիների կալանքի ժամկետը։
«Նիստերը չեն կայանում, բայց տղաներս շարունակում են մնալ կալանքի տակ։ Ես չեմ հասկանում՝ ինչու պետք է նրանք պատասխանատվություն կրեն նիստերի չկայանալու համար»,- ասում է Աշոտ Թորոսյանը։
Նա պահանջում է վերանայել որդիների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ պնդելով, որ նրանց կալանավորումը հիմնավորված չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։