Հայաստանում արժեքային ճգնաժամն ու բարոյական անկումը նոր, առավել ցավալի դրսևորումներ են ստանում: Վանդալիզմի ու անտարբերության թիրախում կրկին 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակն է: Ընդամենը ամիսներ առաջ հանրային մեծ դժգոհություն էր առաջացրել Երևանի գետնանցումներից մեկից հերոսի գրաֆիտի-դիմանկարի ջնջումը, իսկ այսօր ընտանիքն և հերոսի նկարտմամբ նոր, ավելի ստոր արարք է կատարվել: Մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ հերոսի շենքի բակից, նրա լուսավորվող նկարի տակից, գողացել են հերոսի հիշատակին տնկված դեկորատիվ ծառերը՝ եղևնիներն ու տուաները:
Հերոսի մայրը՝ Աննա Մկրտչյանը, սոցիալական ցանցի իր էջում հետևյալ գրառումն էր կատարել․
««Մարդ» ինչ աստիճանի բարոյականությունից զուրկ պիտի լինի, որ մի շաբաթվա մեջ երկրորդ անգամ 44-օրյա հերոսի հիշատակին իր շենքի բակում տնկած եղևնին ու տուաները գողանա։ Մեր հասարակությունը հիվանդ է, անհույս հիվանդ։ Բազմիցս եմ նշել, որ լուրջ, խորքային խնդիր ունենք դաստիարակության ու արժեհամակարգի հետ։ Նկարը ջնջեցին, հիմա հիշատակին տնկած ծառերը գողացան շենքի բակից, վա՞ղը ինչ են անելու..․ ՉՄԱՐԴԵՐ»:
Oragir.News-ի հետ զրույցում տիկին Աննա Մկրտչյանը պատմեց, որ կատարվածը հայտնաբերել են վաղ առավոտյան՝ ժամը 8-ին, և ամեն ինչ հուշում է, որ գողերը գործել են կանխամտածված ու հատուկ պատրաստվածությամբ:
Տարածքը, ըստ Հայկազի մայրիկի, մութ չէ, իսկ հերոսի նկարը գիշերը լուսավորվում է, և անհնար էր չնկատել, թե ում հիշատակի ծառերն են հանվում:
«Պատրաստված են եկել, շատ կոկիկ հանել են»,- նշում է մայրը՝ հավելելով, որ ծառերը հողից չեն պոկել, այլ զգուշորեն արմատախիլ են արել, որպեսզի հավանաբար հետագայում վաճառեն կամ վերատնկեն:
Շենքի անմիջական բակում տեսախցիկներ տեղադրված չեն եղել: Թեև դիմացի սեփական տների վրա կան որոշակի տեսախցիկներ, սակայն դրանք բավականին հեռու են և որևէ շարժ կամ հստակ կադր չեն ֆիքսել:
Հարցին, թե ինչպես կորակի այս արարքը՝ վատություն, չուզողություն, թե՞ զուտ նյութական շահից դրդված գողություն, տիկին Աննան պատասխանեց, որ բոլոր տարբերակներն էլ հնարավոր են: Սակայն սարսափելին այն է, որ հերոսի լուսավոր պատկերի առկայությունն անգամ չի կանգնեցրել հանցագործին:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ գետնանցումից անհետացել էր հերոսի դիմանկարը,
Oragir.News-ն իր
«Իրական Հայաստանի անհետացող հերոսները» հրապարակման մեջ արդեն անդրադարձ կատարել էր այս թեմային: