Դարձյալ բարոյական նորմերի ոտնահարում, խտրական վերաբերմունք, մարդու իրավունքների, օրենքի, Սահմանադրության խախտումներ են տեղի ունեցել։
Քննչական կոմիտեն հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են ձերբակալում նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանին՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովիկ Աբրահամյանի որդուն։ Ուժայինները կիրառել են անհարկի բռնություն։ Արգամ Աբրահամյանն առերևույթ դիմադրություն ցույց չի տվել, չի փորձել փախչել։ Նրան գետնին տապալելը անհարկի վայրենություն էր։ Մարդու հանդեպ այսպիսի վերաբերմունքը բնորոշ է հակաժողովրդավարական երկրներին։ Այսպիսով՝ ՔԿ-ն, կարծես, ակնարկում է, թե Հայաստանում մարդն արժեք չէ, կամ նախկինները, նրանց ընտանիքի անդամները մարդ չեն։
Նման ձերբակալությունների տեսանկարահանման ժամանակ ձերբակալվողի դեմքն անտեսանելի են դարձնում։ Ձերբակալվողի դեմքը ցույց տալը մարդու իրավունքների խախտում է։ Ուժայինները բազմաթիվ մարդկանց են այսկերպ ձերբակալել ու տեսանյութ տարածել այդ մասին։ Բոլոր դեպքերում ձերբակալվողի դեմքը փակել են, իսկ Արգամ Աբրահամյանի պարագայում նրա դեմքը բաց էր երևում։ Սա խտրական վերաբերմունք է։ Մյուսները իրավունքներ ունեն, Աբրահամյանը՝ ո՞չ։
Առավել վրդովվեցուցիչ է քրեական վարույթի մանրամասների հրապարակումը Քննչական կոմիտեի կողմից։ «Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին, կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով»,- գրված է ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Այստեղ խոսքը վերաբերում է Արգամ Աբրահամյանի կնոջ՝ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Էմմա Ծառուկյանին։ Այսպիսով՝ ՔԿ-ն ակնարկում է, թե Էմմա Ծառուկյանը կապի մեջ է եղել կրոնական կազմակերպության երեցի հետ, դավաճանել ամուսնուն։ Ամուսինն էլ խանդել ու սպանություն է պատվիրել։ ՔԿ-ն այսպիսի բան գրելու ի՞նչ հիմք ունի։ Արգամ Աբրահամյանը խոսե՞լ է այդ խանդի մասին։ Էմմա Ծառուկյանը խոսե՞լ է այդ երեցի հետ կապի մասին։
Եթե փաստ ու ապացույց չկա, ապա ինչո՞ւ է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը արտամուսնական կապի մեջ է եղել, անբարոյական վարք է դրսևորել։ Սա Գագիկ Ծառուկյանի դեմ վայրենի արշավի մա՞ս է կազմում։ Թե՞ ՔԿ-ն կորցրել է չափի զգացումը և չի հասկանում, որ մարդու արժանապատվությունը հանիրավի ոտնահարելը խուլիգանություն է։
Կարճ ասած՝ ՔԿ-ն խախտում է անմեղության կանխավարկածը, մարդու իրավունքը, օրենքը, Սահմանադրությունը։ Այսպես վարվել են խորհրդային բռնազավթման տարիներին։ Ստոր տականքները անստորագիր մատնագրեր էին գրում՝ առանց հիմքի ու ապացույցի։ Բամբասանքը, ասեկոսեն հիմք էին հանդիսանում, որ անմեղ մարդուն աքսորեն, գնդակահարեն։ Այս դեպքում ևս ենթադրելի է, որ Էմմա Ծառուկյանի և Արգամ Աբրահամյանի մասին ՔԿ-ի գրածի հիմքում ասեկոսե կամ բամբասանք է։
Սա վտանգավոր է նաև հանրային առողջության առումով։ Հարուստ ու հանրային դիրք ունեցած մարդկանց ընտանիքների բարքերը ընդօրինակվում են ժողովրդի կողմից։ ՔԿ-ի այս հաղորդագրությունից հետո ենթադրելի է, որ ավելի շատ կանայք արտամուսնական կապերի մեջ կմտնեն ու կդավաճանեն իրենց ամուսիններին։ Տղամարդիկ էլ ավելի շատ կխանդեն իրենց կանանց ու այդ հողի վրա սպանություն կգործեն։ Արդյունքում՝ ժողովուրդը կայլասերվի, կչարանա, կկորցնի սթափությունը, անբարոյականությունն ու սպանությունը կդառնան սովորական, նորմալ բաներ, և ոչ ոքի չի հետաքրքրի, թե ինչ հակապետական ու հակաժողովրդավարական կուրս է վարում ՔՊ-ն։ Գուցե այս նպատա՞կն են հետապնդում ՔԿ-ն և Նիկոլ Փաշինյանը։
Թաթուլ Մկրտչյան