Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 19:44 01-08-2026

Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

«Պապ թագավորի փողոցում (նախկինում՝ Ամիրյան) տեղի ունեցած դեպքը ցույց տվեց, որ Երևանում քաղաքային ենթակառուցվածքների անվտանգության հարցերը բավարար վերահսկողության տակ չեն»,- Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ուրբանիստ, Երևանի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով Պապ թագավորի փողոցում ՀԷՑ-ի մալուխագծի վթարին։

Նրա խոսքով՝ նման դեպքերը ցույց են տալիս, որ քաղաքում իրականացվող բարեկարգման աշխատանքները պետք է լինեն ոչ միայն արտաքին փոփոխություններ, այլև ներառեն ինժեներական ենթակառուցվածքների անվտանգությունն ու պատշաճ վերահսկողությունը։

«Մայթը քաղաքային միջավայրի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որովհետև մարդիկ ամեն օր օգտվում են դրանից՝ երեխաները, տարեցները, բնակիչները, զբոսաշրջիկները։ Պետք է պատկերացնել՝ ինչ հետևանքներ կարող էին լինել, եթե այդ պահին այնտեղ ավելի շատ մարդ լիներ»,– նշել է Մնացականյանը։

Ուրբանիստի խոսքով՝ միայն մայթերի սալիկների փոփոխությամբ բարեկարգում իրականացնելը բավարար չէ։

«Եթե բարեկարգում են իրականացնում, պետք է ամբողջական մոտեցում լինի։ Միայն արտաքին տեսքը փոխելով՝ հարցը չի լուծվում։ Պետք է հաշվի առնել նաև մալուխները, խողովակները և մյուս ինժեներական համակարգերը»,– ասել է նա։

Մնացականյանը նշել է, որ անհրաժեշտ է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և պատասխանատուների շրջանակը. «Պետք է պարզվի՝ ով է պատասխանատու՝ քաղաքապետարանից սկսած, նախագծողից, շինարարից, ավարտական ակտը ստորագրողից մինչև վերահսկող մարմիններ։ Եթե եղել են թերացումներ, մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»։

Միաժամանակ նա կարևորել է, որ նման դեպքերի վերաբերյալ քննարկումները լինեն բաց և հանրային։ «Քաղաքացիները պետք է հասկանան՝ ինչ է տեղի ունեցել, ով է պատասխանատու և ինչ է արվելու, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն»,– նշել է Վիկտոր Մնացականյանը։

Ավելի վաղ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ Պապ թագավորի փողոցում (նախկինում՝ Ամիրյան) տեղի ունեցած մալուխագծի վթարի պատճառները պարզելու նպատակով կանցկացվի ներքին հետաքննություն։ Նրա խոսքով՝ ուսումնասիրվելու են ոչ միայն սպառման բեռի կտրուկ բարձրացման հնարավոր ազդեցությունը, այլև օգտագործված մալուխի, իրականացված աշխատանքների, կցորդիչի որակի, ինչպես նաև շինարարական կամ կոմունալ աշխատանքների ընթացքում հնարավոր ֆիզիկական ներգործության հանգամանքները։ Պետրոսյանը նշել էր նաև, որ ՀԷՑ-ի ահազանգով դեպքի վայրում ներգրավվել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
22:00 Ճգնաժամ ավտոշուկայում. ով և ինչպես է «փոշիացնում» էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է