Ներքին 2 ժամ առաջ - 13:30 13-07-2026

Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության Բրեստի մարզի տեսչությունը և Բրեստի տարածաշրջանային գործադիր կոմիտեն դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի։ Այս մասին հայտնել է realpost.am-ը։

Արդյո՞ք սա նշանակում է, որ ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից։

Գագիկ Ծառուկյանը շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ ունի Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Հայ մեծ գործարարը մեծ ներդրումներ է արել հայ-բելառուսական առևտրային հարաբերությունների խորացման համար։ Այս առումով անհավատալի է, որ Բելառուսի պետական մարմինները կարող են Ծառուկյանի դեմ հայցեր հարուցել։

Նա մեծ ներդրումներ է արել Բելառուսում։ Տեսականորեն հնարավոր է, որ գործընկերները կարող են ինչ-որ վիճելի հարցեր ունենալ նրա ընկերության հետ և այդ հարցերը լուծել դատարանում։ Բայց երբ պետական մարմիններն են հայցեր ներկայացնում Ծառուկյանի ընկերության դեմ, ապա ենթադրելի է, որ Բելառուսը փոխել է վերաբերմունքը Ծառուկյանի նկատմամբ։ Եթե նախկին բարեկամական վերաբերմունքը լիներ, ապա նրա ընկերության հետ կապված հարցերը կարող էին լուծել առանց դատարանի։

Հետևաբար, ենթադրելի է, որ ռուս-բելառուսական առանցքը Ծառուկյանի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք ունի։ Սա հնարավոր է երկու պարագայում։

Առաջին վարկածով ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքնագլուխ չի հետապնդում Գագիկ Ծառուկյանին, այլ այս մասին նախապես ձեռք է բերվել պայմանավորվածություն Կրեմլի և Մինսկի հետ։ Այսինքն՝ Ծառուկյանի հետապնդումը Փաշինյան-Պուտին-Լուկաշենկո համատեղ ծրագիր է։ Եվ Բելառուսում ևս հայցեր են ներկայացվում դատարան, որ ցույց տան, թե Բելառուսն ու Ռուսաստանը Փաշինյանի հետ համերաշխ են Ծառուկյանի հետապնդման հարցում։ Ավելին՝ ենթադրելի է, որ Փաշինյանը Պուտինի և Լուկաշենկոյի խնդրանքով է հետապնդում Ծառուկյանին։

Երկրորդ վարկածն այլ տրամաբանության մեջ է։ Նախընտրական շրջանում Փաշինյանը Ծառուկյանին համարում էր բելառուսամետ օլիգարխ։ Ենթադրելի է, որ հիմա էլ նա ԱՄՆ-ին ներկայացնում է, թե ՌԴ-ն ու Բելառուսը Ծառուկյանի և մյուս ռուսամետ ուժերի միջոցով ձգտում են տապալել իրեն, փոխել ՀՀ կուրսն ու լիարժեք սատարել Պուտինին քաղաքակրթական հարցերում, ինչպես ինքն էր անում 2018-2022 թվականներին, երբ ֆորպոստի վարչապետ էր։ Եվ ԱՄՆ-ն Փաշինյանի խնդրանքով դիմել է Լուկաշենկոյին, որ նա ձեռնպահ մնա Ծառուկյանին սատարելուց։ Լուկաշենկոն էլ խոստացել է կատարել Թրամփի խնդրանքը։ Եվ, ի նշան այդ բանի, Բելառուսի պետական մարմինները հայցեր են ներկայացրել Ծառուկյանի ընկերության դեմ՝ ցույց տալով, որ այս երկրի ղեկավարը չի աջակցում հայ գործարարին, անբարյացակամ վերաբերմունք ունի նրա հանդեպ։

Եթե այս ենթադրությունները սխալ են, ոչ մի հայց էլ չի հարուցվել ու չի էլ հարուցվելու Ծառուկյանի ընկերության դեմ, իսկ Մինսկն ու Մոսկվան նրա նկատմամբ վերաբերմունքը չեն փոխել ու բարեկամ են, ապա հասկանալի չէ, թե այդ դեպքում ինչո՞ւ Լուկաշենկոն ու Պուտինը հրապարակավ չեն աջակցում Ծառուկյանին, կոչ չեն անում Փաշինյանին ազատ արձակել իրենց լավ բարեկամին։ Սա ինքնին կասկած է առաջացնում, որ Ծառուկյանին հետապնդելու հարցում կա կոնսենսուս։ Գուցե Փաշինյանը խոստացել է Պուտինին ու Լուկաշենկոյին, որ Ծառուկյանից վերցրած մի քանի հարյուր միլիոն դոլարի փրկագնի մի մասն էլ կկիսի նրանց հետ։

Կարճ ասած՝ Բելառուսում Ծառուկյանի դեմ հայցերը վկայում են, որ նա բելառուսամետ օլիգարխ չէ, անկախ և ինքնուրույն քաղաքական գործիչ է, հետևապես՝ կարող է արմատապես վերանայել իր արտաքին քաղաքական դիրքորոշումը, քանի որ ռուսները չեն պաշտպանում իրեն Փաշինյանի հալածանքից։ Այս կերպ նա կզինաթափի բոլորին՝ և՛ Փաշինյանին, և՛ Լուկաշենկոյին, ու Պուտինին։ Եվ կլռեն այն վերլուծաբանները, որոնք կարծում են, թե Ծառուկյանը արևմտամետ դառնալու, անկախության և ժողովրդավարության դիրքերում կանգնելու խիզախություն չունի, պատանդ է ռուս-բելառուսական հակաքաղաքակրթական տանդեմի ձեռքում, որոնք, ինչպես ուզեն, այնպես կշահագործեն Ծառուկյանին։


Թաթուլ Մկրտչյան