Երեկ Շիրակի մարզի Գետափ համայնքի ընտրատեղամասից լուսանկար տարածվեց, համացանցում տարբեր գնահատակններ և հրապարակումներ եղան։
Oragir.News-ը կապ հաստատեց Գետափ բնակավայրի վարչական ղեկավար Նարեկ Բաղդասարյանի հետ՝ պարզաբանում ստանալու՝ թե ինչ շինություն էր դա, և արդյոք չկա՞ր ավելի բարեկարգ տարածք ընտրություններն անցկացնելու համար։
Հրապարակումներում շեշտվում էր ոչ միայն ընտրատեղամասի անմխիթար պատկերն ու «չուլան հիշեցնող» իրավիճակը, այլև նշվում էր, որ քվեախցիկը գտնվել է աստիճանների տակ և տեսանելի է եղել երկրորդ հարկից։ Գետափի վարչական ղեկավար մեզ հետ զրույցում նշեց, որ համացանցում հայտնված նյութերը խնդիրը ներկայացնում են միակողմանի և համատեքստից կտրված։
Ըստ Բաղդասարյանի՝ գյուղում այս պահին ընթանում են մեծածավալ շինարարական աշխատանքներ, և մոտ մեկ ամսից (դեկտեմբերի վերջին կամ հունվարին) պատրաստ կլինի ժամանակակից կրթահամալիրը, որը ներառելու է դպրոց, մանկապարտեզ և սպորտային համալիր։ Քանի որ հին դպրոցը քանդվել է, գյուղում այլ ազատ տարածք չլինելու պատճառով դասերը ժամանակավորապես տեղափոխվել են նախկին մշակույթի տան շենք, որը 38 տարի չէր գործում։
«Շենքը վթարայնության աստիճան չունի։ Այն անցել է համապատասխան ստուգումներ մինչև դասերն այնտեղ տեղափոխելը։ Երկրորդ հարկի մի քանի դասարաններ բերվել են բարվոք տեսքի՝ զուտ ժամանակավորապես ուսումնական գործընթացը կազմակերպելու համար։ Իսկ այն հատվածում, որը հայտնվել է լուսանկարներում, պարզապես տեղավորվել է դպրոցի հին գույքը, որը հետագայում պետք է դուրս գրվի։ Դա շենքի պահեստային հատվածն է, որը որևէ կերպ չի խանգարել ընտրությունների ընթացքին կամ կահավորմանը։ Թեև շենքն ամբողջությամբ այն տեսքին չէ, ինչ ցանկալի կլիներ, սակայն գյուղում այլ պայմաններ ու ազատ տարածք չունենալու պատճառով ընտրվել է հենց այդ վայրը»,- պարզաբանեց համայնքի ղեկավարը՝ վստահեցնելով, որ անվտանգության և գաղտնիության բոլոր միջոցները ձեռնարկված են եղել։
«Եթե նայեք ԿԸՀ տեսախցիկների ուղիղ հեռարձակումը, կտեսնեք, որ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մուտքը լիովին փակված է եղել։ Այդ հատվածում որևէ պատուհան կամ տեսանելիություն չկար, և քվեախցիկի հետին մասը պաշտպանված էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցները եկել, տեղադրել են տեսախցիկներն ու անհրաժեշտ գույքը։ Նախորդ տարիներին էլ ընտրությունները նույն տարածքում են անցկացվել, և որևէ բողոք կամ դժգոհություն չի եղել»,-մանրամասնեց նա։
Գյուղի վարչական ղեկավարը լրագրողներին հորդորեց անձամբ այցելել գյուղ և իրավիճակին ծանոթանալ տեղում՝ ֆիքսվելով ոչ թե պահեստային անկյունների, այլ արվող աշխատանքների վրա։
«Ինչ վերաբերում է քննադատվող շենքին, ապա 38 տարի այս մշակույթի տունը չի գործել, չի ունեցել դռներ, պատուհաններ ու տանիք։ Նախորդ տարիների ընթացքում համայնքի միջոցներով մենք տեղադրել ենք դռներն ու պատուհանները, նոր տանիք ենք կառուցել, բետոնապատել հատակը։ Շենքի մի որոշ մասը վերածվել է վարչական կենտրոնի, որը կապիտալ վերանորոգվել է, ապահովվել լուսավորությամբ, ժամանակակից սանհանգույցով և 20 կիլովատ հզորությամբ արևային կայանով։ Այո, եղած հնարավորությունների սահմաններում արվել է առավելագույնը, մենք ամաչելու տեղ չունենք»,- ասաց Նարեկ Բաղդասարյանը։
Հասմիկ Մովսիսյան