ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում երեք փոփոխություն է կատարել, և նոր նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։
Այդ մասին այսօր տեսանյութ է հրապարակել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Թորոսյանը տեսանյութում նշում է, որ այդ քննարկման ժամանակ ստացած առաջարկների հիման վրա են որոշել փոփոխել բնակապահովման ծրագիրը։
Նախարարն ընդգծել է, որ առաջարկվող 3 փոփոխությունը նախնական են, որոնցից առաջինը վերաբերում է այլ հիփոթեքային վարկերով ձեռք բերված բնակարաններին սերտիֆիկատների տրամադրմանը և, հնարավոր է, այդ ժամկետը երկարացվի մինչև այս տարեվերջ։
«2–րդ փոփոխությունը վերաբերում է դրական մնացորդի օգտագործման պայմաններին։ Մենք թույլ կտանք դրական մնացորդով մարել հավելյալ հիփոթեքային վարկը, որը օգտագործվել է սերտիֆիկատով բնակարան ձեռք բերելու համար»,– տեղեկացրեց նախարարը։
3–րդ փոփոխությունը, ըստ նրա` վերաբերում է ընտանիքում ծնված երեխաների հասանելիք սերտիֆիկատներին, որոնց ժամկետը, հավանաբար, ևս 1 տարով կերարացվի, քանի որ շատ քաղաքացիներ դեռ չեն հասցրել սերտիֆիկատով ձեռք բերել բնակարան, սակայն նրանց ընտանիքում երեխաներ են ծնվել։
«Իհարկե, այս փոփոխությունները անվերջ չեն լինելու, և մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին արագ օգտվել ծրագրից, բայց այսօրվա դրությամբ այս առաջարկներից այսքանը ողջամիտ են և հիմնավոր, դրա համար մենք քննարկում ենք դրանք, և շուտով նախագիծը կդրվի շրջանառության մեջ։ Գործընկեր գերատեսչությունների կողմից կարծիքներ լսելուց հետո, հավանաբար, կընդունեք նախագիծը»,– եզրափակեց Թորոսյանը։