«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ վարչությունը փակ քվեարկությամբ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին՝ մերժելով Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։ Թերթի տեղեկություններով՝ Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն, ինչից հետո իշխանական շրջանակներում նրա քաղաքական դիրքերի թուլացման մասին քննարկումները նոր թափ են ստացել։
Հրապարակման համաձայն՝ շրջանառվող վարկածները, թե Սիմոնյանը կարող է հավակնել Հանրապետության նախագահի կամ Երևանի քաղաքապետի պաշտոններին, այս պահին քաղաքական և իրավական հիմքեր չունեն։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նաև հստակ չէ՝ նա կպահպանի պատգամավորական մանդատը, թե կհրաժարվի դրանից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ վարչությունը 3 թեկնածուից` Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, ընտրեց ԱԺ նախագահացուին: Բայց ոչ պակաս թեժ մրցակցություն կա նաեւ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար։
ՔՊ-ում դեռեւս վերջնական որոշում չկա, սակայն կուլիսներում տարբեր թեկնածություններ են քննարկվում։ Ասում են՝ հավակնություններ ունեն շատերը. Ալխաս Ղազարյանից մինչեւ Վահագն Ալեքսանյան։ Սակայն բոլորը գիտեն, որ, անգամ, եթե ձեւական քվեարկություն է կատարվում, որոշողը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ թերթի տեղեկություններով՝ ընտրություններից հետո բանակում ներքին ուսումնասիրություններ են իրականացվում՝ պարզելու, թե որ զորամասերում են իշխանության համար անբարենպաստ քվեարկության արդյունքներ գրանցվել։
Հրապարակման համաձայն՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նաև ապօրինի հրաման է ստորագրել՝ Ստեփանավանում ԲՀԿ անդամ կնոջ երկու որդիներին, որոնք կադրային զինվորականներ են, բանակից զորացրելու վերաբերյալ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն առաջիկայում լքելու է կուսակցությունը։
Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ տեւական ժամանակ է՝ նա սառեցրել է շփումները կուսակիցների հետ, պատճառը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում կուսակցության ղեկավար կազմի հետ ունեցած տարաձայնություններն են։
«Հրապարակ» թերթը գրում է․ ՀՀ քաղաքացիների նոր ID քարտերի և կենսաչափական անձնագրերի տրամադրման մրցույթում հաղթած կոնսորցիումի կազմում ընդգրկված ֆրանսիական IDEMIA ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, ըստ թերթի, պատկանում է «Advent International»-ին։
Հրապարակումը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից հետո «Advent International»-ի արտադրած բաղադրիչներ էին հայտնաբերվել խոցված Bayraktar TB2 անօդաչուների բեկորներում։ Թերթը մտահոգություն է հայտնում, որ այս հանգամանքը կարող է վտանգներ ստեղծել Հայաստանի քաղաքացիների կենսաչափական տվյալների անվտանգության համար։
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը, որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը։
Բայց սա դեռ ամենը չէ, Փաշինյանը որոշել է թիմի տղամարդկանց գլխին էլ կին դնել։ Ակտիվորեն քննարկվում է, որ խմբակցության ղեկավարի պաշտոնն էլ ՔՊ-ում վստահվելու է կին պատգամավորի:
Այս պահին քննարկվող վարկածներից մեկի համաձայն, այդ պաշտոնում կարող է հայտնվել Արուսյակ Ջուլհակյանը»։
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, լիբերալ թեւի մի խումբ քաղաքական գործիչներ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ:
Որոշ աղբյուրների պնդմամբ՝ հանդիպումն անցել է գերլարված: Փաշինյանի հյուրերը փորձել են վերջինիս հասկացնել, որ այսպես շարունակել չի կարելի, քանի որ լրիվ վերածվել է բռնապետի: Եվ եթե այսօր եվրոպացիները ձայն չեն հանում ու աչք են փակում, ապա վաղն այս ամենը ոչ միայն Փաշինյանի, այլեւ իրեն ամեն կերպ սատարող լիբերալ թեւի «քթից է գալու»:
Հնչեցված մտահոգություններին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, թե որոշողն ինքն է՝ ինչ անել ու ինչպես, ինչից այն աստիճան են վրդովվել «բանագնացները», որ նրանցից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը սրտնեղած ասել է՝ քաղաքականությունից դուրս է գալու: