Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 6 ժամ առաջ - 11:20 20-06-2026

Հետընտրական կոալիցիա՝ Փաշինյանին հեռացնելու համար, 3 թեկնածու՝ ԱԺ նախագահի պաշտոնի համար․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գնումների ցանկում անօդաչու թռչող սարքի ձեռքբերում չի արձանագրվել, թեև ընտրությունների օրերին հայտարարվել էր նման տեխնիկայի կիրառման մասին։ Փոխարենը, ըստ թերթի, 2026 թվականի մայիսի 26-ին ԱԱԾ-ն «ԷԼՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ից ձեռք է բերել անօդաչու թռչող սարք՝ շուրջ 3 միլիոն դրամ արժողությամբ։ Սարքը հագեցած է ցերեկային և ջերմատեսիլ տեսախցիկներով ու կարող է իրական ժամանակում փոխանցել տեսանյութ։ Թերթը նշում է, որ առայժմ պարզ չէ՝ ինչ նպատակներով և արդյոք ընտրական գործընթացների ընթացքում է կիրառվել այդ սարքը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությունը պատրաստվում է ՀԷՑ-ը ճանաչել հանրային գերակա շահ, ինչից հետո կսկսվի ընկերության շուկայական արժեքի գնահատման գործընթացը։ Ըստ աղբյուրների՝ գնահատված արժեքին կավելացվի 15 տոկոս, և առաջարկը կներկայացվի սեփականատիրոջը։ Եթե համաձայնություն չլինի, իշխանությունները կարող են հանրային գերակա շահի հիմքով անցնել ընկերության վերահսկողությանը։

Թերթը գրում է, որ քննարկվում է ՀԷՑ-ի պետականացման տարբերակը՝ այն փոխանցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությանը։ Գործընթացը, ըստ հրապարակման, կարող է տևել առնվազն 6-8 ամիս, իսկ ընկերության հնարավոր արժեքը գնահատվում է մոտ կես միլիարդ դոլար։

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը նախաձեռնել է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթաց՝ առաջարկելով ստեղծել համակարգող խորհուրդ և ձևավորել հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Նրա խոսքով՝ գլխավոր նպատակն է Նիկոլ Փաշինյանի հեռացումը։

Նախաձեռնությանը դրական են արձագանքել «Հայաստան» դաշինքը, ինչպես նաև մի շարք այլ ընդդիմադիր ուժեր։ Ըստ հրապարակման՝ քննարկվում են ինչպես Սահմանադրական դատարան դիմելու, այնպես էլ հնարավոր բողոքի ակցիաների կազմակերպման հարցերը։ Միաժամանակ որոշ քաղաքական ուժեր դեռ չեն հայտնել իրենց վերջնական դիրքորոշումը համագործակցության ձևաչափի վերաբերյալ։

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ում արդեն սկսվել է Ազգային ժողովի նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը։ Այս պահին առաջադրված են Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը և Հայկ Կոնջորյանը։ Թերթի տվյալներով՝ նախկինում քննարկվող Լիլիթ Մակունցի թեկնածությունը այլևս օրակարգում չէ։ Ըստ աղբյուրների՝ վերջնական ընտրությունը կկատարի ՔՊ վարչությունը, իսկ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ հենց իրեն են տեսնում այդ պաշտոնում։

«Հրապարակ» թերթը գրում է. Ընդդիմադիր ուժերը հակված են վերցնել խորհրդարանական մանդատները և սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո նախատեսում են հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ Թերթը նշում է, որ այս մոտեցմանը կողմ է նաև Ռոբերտ Քոչարյանի թիմը։

Միաժամանակ, հրապարակման համաձայն, ընդդիմության ներսում կան տարբեր կարծիքներ․ մի մասը կարծում է, որ մանդատները վերցնելը կարող է չնպաստել ընդդիմադիր դաշտի համախմբմանը և դժգոհություն առաջացնել որոշ ընտրողների շրջանում։

«Փաստ» թերթը գրում է. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը մագիստրատուրայի անվճար տեղերի վերաբերյալ հայտարարությունը հրապարակել է հունիսի 18-ին, մինչդեռ դիմումների ընդունման ժամկետը սահմանված էր հունիսի 5-20-ը։ Թերթը նշում է, որ այդ դեպքում դիմորդների համար փաստացի շատ կարճ ժամանակ է մնացել հայտ ներկայացնելու համար, ինչն առաջացնում է հարցեր՝ ովքեր և ինչպե՞ս են նախապես տեղեկացել անվճար 55 տեղերի մրցույթի մասին։ Համեմատության համար նշվում է, որ այլ բուհեր համապատասխան հայտարարությունները հրապարակել են ավելի վաղ և ընդունման ժամկետներին համահունչ։

Ամենից շատ դիտված