Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 16:10 01-05-2026

«Ջերմուկի» հանդեպ արգելքը վկայում է ՀՀ իշխանության ամլությունը

«Ջերմուկը» սովորական հայկական արտադրանք չէ։ Այն շատ հայտնի է ՀՀ-ից դուրս, և այս օրերին ՌԴ շուկայում «Ջերմուկի» վաճառքի արգելքը մտահոգում է շատերին։ Հանրությունը դրա տակ քաղաքական ենթատեքստ է փնտրում։

ՌԴ պետական «Честный знак» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի պահանջով ապրիլի 30-ին կրկին արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը։ Սահմանափակումները մտցվել են 2025-ի հոկտեմբերի 23-ից մինչև 2026-ի մարտի 27-ն արտադրված արտադրանքի նոր խմբաքանակների ստուգման արդյունքում։

Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, իբր նմուշները պարունակում էին պարտադիր պահանջների խախտումներ։ Սահմանափակումները մտցվել են քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար։ Սահմանափակումները վերաբերում են տարբեր փաթեթավորումներով արտադրանքի թողարկման ինը ամսաթվերին։ Ավելի վաղ՝ ապրիլի 27-ին էլ կասեցվել էր 338,000 շշի վաճառքը։

Ի՞նչ են ուզում «Ջերմուկից», արդյո՞ք այստեղ քաղաքական աստառ կա։

1988-ին ոմանք միամտաբար կարծում էին, թե ԽՍՀՄ-ի հնարավոր կործանման արդյունքում կանխատեսվող տնտեսական ճգնաժամը կարող ենք հաղթահարել «Ջերմուկ» վաճառելով։ Հետևապես «Ջերմուկը» ՀՀ անկախության հետ ասոցիացվող ապրանքանիշ է։ Դրա դեմ արգելանքի կիրառումը պարունակում է ակնարկ, որ ՌԴ-ն փորձում է ճնշում գործադրել ՀՀ անկախության ջատագովների վրա։

Նկատենք, որ ուկրաինա-ռուսական պատերազմի և Մոսկվայի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցների պատճառով ՌԴ-ում պարբերաբար պարենային խնդիրներ են ծագում։ Հայ գործարարներն այս ընթացքում մեծ քանակությամբ պարենային ապրանքներ են Իրանից հասցնում Ռուսաստան։ Երկու երկրների ղեկավարներն արձանագրում են, որ պատերազմի շրջանում ապրանքաշրջանառությունը բազմապատկվել է։ Ենթադրելի էր, որ ռուսները պետք է շնորհակալ լինեն Նիկոլ Փաշինյանին, հայ մեծ ու փոքր գործարարներին, որոնք ուտելիք են հասցնում ռուս ժողովրդին։ Բայց արի ու տես, որ նրանք շնորհակալ լինելու փոխարեն արգելք են կիրառում հայկական հայտնի ապրանքանիշի՝ «Ջերմուկի» նկատմամբ։

Հանրային խոսույթում կարծիք է շրջանառվում, թե «Ջերմուկի» դեմ այս արգելքը կազմակերպված սադրանք է՝ միտված վրդովվեցնելու ՀՀ քաղաքացուն։ Եթե սա դիտարկենք հունիսի 7-ի ընտրությունների համատեքստում, ապա ենթադրելի է, որ այն ուղղված է ռուսամետ թեկնածուների դեմ։ Այսինքն՝ ընտրողը համարժեք վերաբերմունքով կլցվի ՌԴ-ի հանդեպ և Կրեմլի հովանավորյալ թեկնածուին չի ընտրի հունիսի 7-ին։ Այսպես ՀՀ քաղաքացին կհակադարձի, «ակն ընդ ական» կանի։ Եվ դրանից կշահեն նրանք, որոնք հանրությանը ներկայանում են որպես անկախության ու ժողովրդավարության ջատագովներ, բայց իրականում՝ ծպտյալ ռուսամետներ են, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը։

Ոմանք էլ կարծում են, թե այս արգելքով Ռուսաստանը ուժի ցուցադրություն է անում։ Այսպես մտածողների կարծիքով՝ Կրեմլը թուլացել է, ծերացել, ատամները թափվել են, ռուսները չեն կարողանալու ազդել ՀՀ-ում իշխանության ձևավորման վրա, ինչպես ազդել են 1995-ից ի վեր։ Եվ հնարավոր է, որ հունիսի 7-ին ՀՀ-ում ընտրությունները չկեղծվեն հօգուտ ռուսամետ թեկնածուների և այլն։ Այս կոշտ արգելքով ՌԴ-ն կարծես ակնարկում է, թե կարող է ճնշում գործադրել Հայաստանի, ՀՀ տնտեսության, հայ գործարարի վրա։ Այսինքն՝ այսօր «Ջերմուկն» են արգելում, վաղը ծիրանի, մյուս օրը՝ հայկական այլ ապրանքի առաջ կփակվեն Մոսկվայի շուկայի դռները։

Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս իրավիճակում։

Եթե ՀՀ-ում անկախ քաղաքականություն որոշող իշխանություն լիներ, ապա համարժեք քայլեր կարող էին անել։ Օրինակ՝ որևէ պատգամավոր կարող էր ռուսական ռազմաբազան դուրս հրավիրելու կամ լյուստրացիայի, համապարփակ դեսովետիզացման, ռուսերենի ժամերը դպրոցում կրճատելու մասին նախաձեռնություններով հանդես գալ, ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցով հանրաքվեի նախագիծ բերել օրակարգ, ՀԿԵ-ի կոնցեսիան հետ վերցնելու նախագիծ ներկայացնել կառավարությանը և այլն։ Դրանից հետո Մոսկվան «Ջերմուկի» դեմ արգելքը քանի՞ րոպեում կհաներ։

Կարճ ասած՝ «Ջերմուկի» դեմ սանկցիան ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ազգային հետաքրքրություններով չի առաջնորդվում, չի պաշտպանում գործարարի շահերը, հայկական ամենահայտնի բրենդի իրավունքները։ Ողջամիտ կասկած կա, թե ռուսները սրանով աշխարհին ցույց են տալիս ՔՊ-ական իշխանության թուլությունը, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն ֆինանսապես աջակցեն, արտոնություններ տան Հայաստանին, և այդ աջակցությունից մի բաժին էլ հասնի պատերազմի մեջ գտնվող Մոսկվային։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
19:30 Աստղային Վարդավառ. Գարիկը, Իվետան, Արմուշն ու Ժաննա Բուտուլյանը ցույց են տվել, թե ինչպես են նշել տոնը
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով