Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 20:46 20-04-2026

Ջրհեղեղի հետևանքով Մայակովսկիում վնասվել են ծաղկաբուծական հողատարածքները

Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում Գետառի վարարման հետևանքով որոշ գյուղատնտեսական հողատարածքներ ծածկվել են ջրով։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավար Վահագն Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակը պայմանավորված է վերջին օրերին տեղացած առատ անձրևներով և ձնհալով, ինչպես նաև գետի բարձրացած ջրաքանակով։

«Բնականաբար, տեղումները շատ են եղել, և ջրի մակարդակը բարձրացել է։ Բացի անձրևներից, նաև ձնհալ է եղել։ Գետը մի փոքր կեղտոտված էր, ինչն էլ նպաստել է, որ ջուրը դուրս գա իր հունից»,– նշեց Բարսեղյանը։

Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ ջրից հիմնականում տուժել են գյուղատնտեսական նշանակության հողերը, որտեղ իրականացվում են ծաղկաբուծական աշխատանքներ։

«Հիմնականում մեր մոտ ծաղիկներ են ցանում։ Այդ տարածքներում որոշ հողամասեր ժամանակավորապես ծածկվել էին ջրով, բայց բնակիչների համար լուրջ վնասներ չեն արձանագրվել»,– ասաց նա։

Նա ընդգծեց, որ դեռևս վերջնական վնասի չափը հստակ չէ, քանի որ գնահատումը պետք է իրականացվի ջրի ամբողջությամբ նահանջելուց հետո։

«Դեռ կոնկրետ հաշվարկ չունենք։ Մի քանի օրից, երբ ջրի մակարդակը իջնի, կմտնենք դաշտ, կգնահատենք վնասները։ Նախնական պատկերով լուրջ վնասներ չեն, բայց վերջնական գնահատականը հետո կտրվի»,– ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է նաև քննարկվի որոշակի փոխհատուցման հարց, սակայն դա կախված կլինի վերջնական հաշվարկներից։

«Եթե անհրաժեշտ լինի, համապատասխան մարմինների միջոցով փոխհատուցման հարց էլ կարող է դիտարկվել, բայց դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,– հավելեց նա։

Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ այժմ տարածքում իրավիճակը վերահսկելի է։ Ներկայումս ջրի հոսքը աստիճանաբար կարգավորվում է, տարածքում իրականացվել են նաև ժամանակավոր պաշտպանիչ միջոցառումներ։

«Այն հատվածներում, որտեղ ջուրը կարող էր անցնել ճանապարհ կամ այլ տարածքներ, պատնեշներ ենք կառուցել, որ վերահսկենք հոսքը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ը սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ: Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում: Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

ՓԾ-ից խնդրում են ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։
Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ