Ներքին Միտք 5 ամիս առաջ - 14:30 12-04-2026

Ինչպես պիտի ընտրեն Ադրբեջան գնացող հայ պատվիրակներին

2018-ից առաջ, երբ Արցախն ազատ էր ու մերն էր, բանակցային գործընթացը չհասավ խաղաղության պայմանագրին։ Բայց այն ժամանակ էլ էին կազմակերպվում տարբեր ֆորումներ հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ, և այդ քննարկումներում խոսում խաղաղության մասին։ Այն ժամանակ ասում էին, թե քաղաքական առաջնորդները փոխզիջումներ անելու և խաղաղության հասնելու քաղաքական կամք ունեն, բայց հասարակությունները խաղաղության պատրաստ չեն։

Հիմա էլ դեռ շատերը չեն պատկերացնում հայերի և ադրբեջանցիների կողք կողքի խաղաղ կյանքը։ Դրան է միտված «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, որին ներգրավում են քաղհասարակության ներկայացուցիչները, ոտքով հատում հայ-ադրբեջանական սահմանը, քննարկումներ ու հանդիումներ ունենում։

Ապրիլի 10-12-ը Ադրբեջանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում երկկողմ կլոր սեղանի քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանից առաջ էլ ադրբեջանցիներն էին եկել Երևան, և նրանց մասնակցությամբ հանդիպումներ, քննարկումներ էին կազմակերվել։

Ինչպե՞ս են ընտրում այս պատվիրակության անդամներին։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը արդյունք կունենա, եթե քաղհասարակության ներկայացուցիչների այս հանդիպումներից, քննարկումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններում ավելանան խաղաղության, հաշտության, կողք կողքի հաշտ ու խաղաղ ապրելու, միմյանց որպես հարևան վերաբերվելու ջատագովները։ Իսկ եթե միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունքը պահպանվի, ինչպես կար պատերազմի ժամանակ, ապա այս նախաձեռնությունն իզուր է։ Այսինքն՝ եթե ժողովուրդների միջև փոխվստահություն չի արմատավորվելու, ապա այս նախաձեռնության մասնակիցներն իզուր են ժողովրդի մի մասի ամոթանքին արժանանում։

Ցանկալի կլիներ, որ պատվիրակության կազմում քաղհասարակության իրական ներկայացուցիչներ ընդգրվեին, այսինքն՝ ճանաչված մարդիկ։ Թեկուզ հանրային մեծ հեղինակություն չունենային իրենց ասպարեզում, սակայն ճանաչված լինելը կարևոր պայման է։ Այս դեպքում կարելի էր ասել, որ նրանք հասարակության ներկայացուցիչ են, հասարակությունը կամ նրա մի ստվար հատված նրանց ճանաչում է որպես իր երկրի մարդ, իր ներկայացուցիչը, իր նման մեկը, ախպերը, ընկերը։

Ենթադրելի է, որ հնարավոր չի եղել հեղինակություն վայելող, իրոք հասարակության ներկայացուցիչներ ներգրավել, քանի որ ժողովրդի մի մասի կարծիքով՝ ամոթալի է, աղետալի պարտությունից հետո ադրբեջանցիների հետ խաղաղության մասին խոսել, երբ դեռ գերիներ կան Բաքվի բանտում, երբ Ադրբեջանի զինվորներ են կանգնած ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում, երբ Ալիևը նույնիսկ խաղաղության պայմանագիրը չի ստորագրում՝ նախապայմաններ առաջ քաշելով։ Այս տեսանկյունից՝ կարելի՞ է ասել, որ այս պատվիրակության կազմում ներգրավել են անամոթ մարդկանց։ Հավանաբար՝ նախաձեռնության կազմակերպիչները չեն էլ համարձակվել պատվիրակության կազմում մեծ ճանաչում ու հանրային մեծ հեղնակություն վայելող մարդկանց ներգրավելու առաջարկ անել։

Կարճ ասած՝ եթե ուզում ենք, որ այս հանդիպումներն իրապես արդյունք ունենան, ապա պատվիրակության կազմում պետք է ընդգրկվեն ոչ միայն վստահելի գրանտակերներն, այլև հասարակության իրական ներկայացուցիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր հայացքներ ունեցողներ, Արցախից բռնի տեղահանվածների և Ադրբեջանում պահվող գերիների ներկայացուցիչներ, պատերազմի վետերաններ։ Այսպիսի կազմով «Խաղաղության կամուրջն» իրական կլիներ, կնպաստեր չլուծված հարցերի արծարծմանն ու լուծմանը, կմոտեցներ իրական խաղաղության բաղձալի օրը։ Մի բան է, երբ ձեռք են սեղմում հայ և ադրբեջանցի հուսալի գրանտակերները, այլ բան է, երբ ձեռքսեղմում են իրար հետ մարտադաշտ կիսած վետերանները։

Այսինքն՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կազմակերպիչները պետք է առաջին հերթին իրենք հավատան խաղաղությանը։ Իսկ դա կերևա, երբ ներկայացուցիչներն իրապես ընտրվեն, իրենց ապրածով ներկայացնեն ժողովրդի այն շերտերին, որոնք ամենաշատն են տուժել պատերազմից և ամենաշատն են ուզում, որ այն ավարտվի ու խաղաղություն լինի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
09:48 Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմում ԱՄՆ հաղթանակի համար «փոքր գին» կլինի Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ