Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:52 22-02-2022

Գապոնի սինդրոմը. ադրբեջանցի պատվիրակներին պահել, խոշտանգել ու Ալիևից Շուշին հետ պահանջել

Այսօր Համալիրի դիմաց ընդդիմադիր ու հակաթուրքական հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ իրենց բողոքն էին արտահայտում Եվրանեսթի շրջանակներում Հայաստան ժամանած ադրբեջանցի պատվիրակների դեմ: Ելույթ ունեցան, հայհոյեցին, դժգոհեցին, հետո նրանց միացան ընդդիմադիր պատգամավորներն ու թեմային տոն տվեցին:

Եվրանեսթի վեհաժողովի նիստը թողած ու ցուցարարների մոտ իջած պատգամավոր Արթուր Ղազինյանին հարց է ուղղում լրագրողը, թե ինչ կարծիքի է ցուցարարների կողմից հնչող այն առաջարկին, որ ադրբեջանցի պատգամավորներին պահեն այստեղ` պահանջելով նրանց դիմաց վերադարձնել մեր գերիներին: «Մանուել Մանուկյանի առաջարկն է, սա իրատեսական համարո՞ւմ եք»,- հարցնում է լրագրողը Ղազինյանին:

Ղազինյանն էլ, հայտնվելով անհարմար վիճակում, ասում է` ընդունում է, հասկանում է մեր վրդովված քաղաքացիների զգացմունքները, բայց Հայաստան ժամանած պատվիրակության անդամների նկատմամբ մեր էլեմենտար հարգանքը պետք է պահպանել: Այսինքն` կուլտուրական «ցրում է» հարցն ու հասկացնում, որ վայրենի չենք` մեր երկիր ժամանած հյուրերին գերի վերցնենք:

Ու լավ է, որ Ղազինյանը գոնե դա գիտակցում է: Պատկերացրեք` բոլորը այդ տղայի խելքին լինեին ու իսկապես որոշեին եվրոպական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ադրբեջանցիներին գերի վերցնել․ ի՞նչ կլիներ մեր վիճակը: Այսինքն` մենք չենք կարողանում սահմանին զենքը ձեռքին կանգնած ու մեր տարածք ներխուժած ադրբեջանցուն գերի վերցնել, բայց Երևանի կենտրոնում պատրաստ ենք երկու փողկապով, կոստյումով, անզեն ադրբեջանցի պատգամավորների «առգրավել» ու դրա դիմաց պահանջներ ներկայացնել Ալիևին: Եթե առաջնորվենք Մանուելի ու նրա նմանների տրամաբանությամբ, ապա կարելի է ավելի հեռուն գնալ ու, ասենք, այդ երկու «հարիֆ» ադրբեջանցուն գերի վերցնելուց բացի նաեւ խոշտանգել` պահանջելով, որ Ալիևը ոչ միայն վերադարձնի Բաքվի բանտերում պահվող մեր գերիներին, այլև ճանաչի Արցախի անկախությունը, հլը որ մի քիչ ավելի դաժան խոշտանգենք, գուցե նաև Շուշին ու Հադրութն էլ հետ ստանանք` հակառակ դեպքում սպառնալով, որ տանջամահ կանենք նրանց: Ալիևն էլ, վստահ ենք, կկատարի մեր բոլոր պահանջները` մեզանից նոր գերիներ վերցնելու փոխարեն:

Այս խելացնոր մտքերն, իրականում, շատ վտանգավոր են և չպետք է տարածում և հավանություն գտնեն հասարակական տրամադրություններում:

Իրականում այս մարդիկ` Մանուելն ու նրա պես արկածախնդիրները, տառապում են Գապոն քահանայի սինդրոմով, երբ վտանգավոր օրակարգ են առաջ քաշում, մարդկանց տանում մահվան բերան, իսկ իրենք պատեհ պահի անհետանում:
1905 թվականի հունվարի 9-ին Գապոն անունով քահանան բողոքավոր աշխատավորությանն ուղղորդեց դեպի Ձմեռային պալատ։

Գապոնը գիտեր, որ երթի մասնակիցները գնդակահարվելու են, բայց, այդուհանդերձ, բանվորներին կոչ էր արել իրենց հետ վերցնել կանանց և երեխաներին։

Արյունոտ կիրակիի ժամանակ զոհվեցին հազարից ավելի մարդիկ, վիրավորվեցին կրկնակի։
Գապոնը դեպքի վայրից հաջողությամբ ծլկեց։ Նրա նպատակը Ցարի դեմ ժողովրդին գազազեցնելն էր (թեկուզև մեծաթիվ զոհերի գնով), և նա հասավ այդ նպատակին։

Հիմա Մանուելն էր ուզում Գապոնի դեր տանել: Հուսով ենք` այսօրվա գապոններին ծափահարողներ քիչ կլինեն, չնայած որ լրագրողը Ղազինյանին ասում էր, թե Մանուելի այդ միտքը ծափահարողներ էլ եղան:
Ֆրիկ