Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 18:00 16-03-2026

«Ոսկե երիտասարդները». նախկին ու ներկա մի խումբ պաշտոնյաների զավակներ տարկետում են ստացել

Կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցած մի շարք քաղաքացիների նույն թվականի ամառային զորակոչից տարկետում է տրամադրվել, և վերջիններս չեն զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության։

Թիվ 982-Ա որոշմամբ այս երիտասարդներին տարկետում է տրամադրվել մինչև 2029-ի ամառային զորակոչը, երբ նրանց ուսումնառությունը կավարտվի։ Oragir.News-ը փորձեց պարզել՝ ովքե՞ր են ոսկե երիտասարդության ներկայացուցիչները, ովքեր ժամանակավորապես կամ մշտապես ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից. նրանց թվում են ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի թոռը և Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Արման Սահակյանի որդին՝ Գալուստ Սահակյանը (Տորոնտոյի համալսարան), «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի որդին՝ Քրիստիան Մարուքյանը (Սորբոնի համալսարան, Աբու Դաբիի մասնաճյուղ), ոստիկանության գեներալ-մայոր, 2010-13 թվականներին Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գիզիրյանի թոռը՝ Աշոտ Գևորգի Գիզիրյանը (Սորբոնի համալսարան, Աբու Դաբիի մասնաճյուղ), ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի որդին՝ Նարեկ Մախմուդյանը (Սորբոնի համալսարան, Աբու Դաբիի մասնաճյուղ), Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանի որդին՝ Ռոբերտ Պետոյանը (Լոնդոնի համալսարանական քոլեջ), Վարդենիսի համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական, վերջերս էլ ՔՊ-ին միացած Ահարոն Խաչատրյանի որդին՝ Հայկ Խաչատրյանը (Չժեցյանի համալսարան), Էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի որդին՝ Տիգրան Եգանյանը (Սորբոնի համալսարան, Աբու Դաբիի մասնաճյուղ), Արամե Աղասու Դարբինյանը (Սորբոնի համալսարան, Աբու Դաբիի մասնաճյուղ), Արամ Մհերի Աբրահամյանը և այլք։




Ահա այս անձինք են ազգի «ընտրյալները», որոնք Կառավարության բարձր հովանու ներքո ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից՝ առայժմ ժամանակավորապես։ Նրանք են այն եզակիները, որոնք կրթության բնագավառներում աչքի են ընկել «աննախադեպ նվաճումներով» և արժանացել Կառավարության ուշադրությանը։ Զարմանալիորեն, ինչպես նկատեցինք, կրթության և գիտության բնագավառում մեծ նվաճումներ գրանցած անհատները հիմնականում նախկին ու ներկա պաշտոնյաների, քաղաքական գործիչների զավակներ են, որոնց հայրերը բարձր ամբիոններից խոսել ու խոսում են հայրենասիրությունից, բանակի կարևորությունից, բանակի նկատմամբ պարտքի զգացումից ու հավասարության սկզբունքից։ Փաստացի՝ դրան զուգահեռ վերջիններս բավականին հնարամիտ են գտնվել և ուղիներ փնտրել՝ իրենց որդիներին բանակից ազատելու համար։




Հավելենք նաև, որ Հայաստանում տարկետումների թեման մշտապես եղել է հանրային ուշադրության կենտրոնում։ Ամեն անգամ, երբ հայտարարվում է, որ որոշ երիտասարդներ տարկետում են ստանում իբր կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճումների հիմքով, հասարակության մի հատվածի մոտ նույն հարցն է առաջանում՝ ո՞վ և ի՞նչ չափանիշներով է որոշում այդ «նշանակալի նվաճումները», ինչո՞ւ են տարկետում ստացածները կապվում ներկա կամ նախկին պաշտոնյաների հետ: Ստացվում է, որ «նախկիններին» անխնա քննադատող ներկա իշխանությունները նրանցից շատ քիչ են տարբերվում։

Փաստացի թե՛ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, թե՛ Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավատարիմ են մնացել տասնամյակներով ձևավորված այն «բարի ավանդույթներին», որոնք արդարության ծարավ հասարակությանը դրդեցին 2018 թվականին ոտքի կանգնել ու Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության՝ հույս ունենալով ու երազելով, որ վերջինս ավելի արդար երկիր կկառուցի։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ