Այսօր՝ մարտի 16-ին, Հաց բերողի` Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է:
Արթուր Սարգսյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 9-ին՝ Հայաստանում:
Սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։
Զուգահեռաբար սովորել է նույն ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, որն ավարտել է 1989 թվականին։ 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսաբանկային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2007 թվականին՝ նույն համալսարանի Ֆինանսներ և վարկ բաժինը։
Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ։
Զբաղվել է փայտի փորագրությամբ։ 1996-2016 թվականներին իր ստեղծած աշխատանքները վաճառել է Վերնիսաժում։
Արթուր Սարգսյանը, որպես առաքելական եկեղեցու սարկավագ, ծառայել է Երևանի Քանաքեռի համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում։
2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։ 00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա Ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա։ Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։
Առաջին կալանավորում
2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ:
2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից:
Երկրորդ կալանավորում
2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց` փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով:
Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ և, նրա փաստաբանների կարծիքով, պատճառ դարձավ մահվան:
Ցույցեր Արթուր Սարգսյանի ազատության համար
Արթուր Սարգսյանի երկրորդ ձերբակալությունից հետո Երևանում տեղի ունեցան նրա ազատության պահանջով բողոքի մի շարք ցույցեր և երթեր․
Փետրվարի 10, 2017 - Բողոքի ցույց ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի մոտ:
Փետրվարի 18, 2017 - Երթ Ազատության հրապարակից դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Փետրվարի 27, 2017 - Երթ Ազատության հրապարակից:
Փետրվարի 27-ից մարտի 6-ը Ազատության հրապարակում նստացույց էր անում Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը:
Փետրվարի 28, 2017 - ՀՀ գլխավոր դատախազությունը ստացավ Ազգային ժողովի պատգամավորների ստորագրություններով անձնական երաշխավորագիր՝ Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Մարտի 6, 2017 - ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց:
Մահ և հաջորդող իրադարձություններ
2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ին Արթուր Սարգսյանը օղակված ճողվածքի կապակցությամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը կատարվել էր անհետաձգելի վիրահատություն։ Նրա մոտ առկա էր աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Ըստ բժշկական հաստատության տարածած հաղորդագրության՝ կատարվել էր ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։ Վաղ հետվիրահատական շրջանում Արթուրի մոտ զարգացել էր սուր սրտանոթային և թոքային անբավարարություն, միացվել էր արհեստական շնչառության սարք:
Վերը նշված հիվանդությունների մեծ մասը զարգացել կամ ձեռք էին բերվել անազատության մեջ գտնվելու ժամանակ՝ Հաց Բերող Արթուր Սարգսյանի ավելի քան 25 օր տևած հացադուլի ընթացքում, որը վերջինս իրականացնում էր ի նշան ՀՀ դատախազության կողմից իրեն առաջադրված մեղադրանքների:
Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Սարգսյանը հետվիրահատական բարդության հետևանքով 2017 թվականի մարտի 16-ին ժամը 15:40-ին՝ ազատության մեջ հատնվելու 10-րդ օրը, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Մահվան քաղաքական պատճառներ
Արթուր Սարգսյանի մահվանից անմիջապես հետո հասարակական, քաղաքական տարբեր շրջանակների կողմից որպես մահվան մեղավոր նշվել է ՀՀ նախկին Հանրապետական իշխանությունները՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Բողոքի և սգո միջոցառումներ, մարտի 16
Հաց Բերողի մահվան լուրը հրապարակվելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում, իսկ ավելի ուշ նաև Բաղրամյան պողոտայի 26 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նստավայրի և ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց՝ ի նշան Արթուրի հիշատակի և ՀՀ իշխանությունների հանդեպ բողոքի։ Ցուցարարները Արթուր Սարգսյանի մահվան համար մեղադրում են գործող իշխանություններին՝ վանկարկելով, որ նրան սպանել են:
Ազատության հրապարակում հնչում են մի շարք ելույթներ, որից հետո հավաքի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում փակում են Մեսրոպ Մաշտոցի պողոտան՝ խափանելով տրասնպորտի երթևեկությունը։ Տեղի է ունենում ոստիկանների հետ բախում։ Վերջիններս ուժ են կիրառում հավաքվածների նկատմամբ։ Ընդհարումներից հետո ցուցարարները բողոքի երթ են կազմակերպում դեպի ՀՀ արդարադատության նախարարության շենք, որտեղ կրկին ընդհարումներ են տեղի ունենում հավաքի մասնակիցների և ոստիկանության միջև:
Երեկոյան սգո բողոքի միջոցառումների դուրս եկած քաղաքացիները կրկին հավաքվում են Ազատության հրապարակում։ Հնչում են ցավակցական ու բողոքի ելույթներ։ Քաղաքացիական ակտիվություն դրսևորող Շահեն Հարությունյանն իր ելույթում մանրամասներ է ներկայացնում իր և Արթուր Սարգսյանի կողմից ծրագրված միջոցառման մասին՝ նշելով:
Որ ամենասկզբից հայտարարեցի, որ ես ու Արթուրը ծրագիր էինք կազմել, այսօր պետք է հայտարարվեր ստորագրահավաք ՌԴ-ին ուղղված պահանջագրով, որ ապրիլի 1-ից 4-ը պիտի դրոշները իջացնեն, որովհետեւ իրանց զենքով ա եղել ապրիլյան պատերազմը և զոհեր ենք տվել։
Էսօր ես ու Արթուրը դա պետք է հայտարարեինք։ Առաջարկում եմ գնանք դեսպանատուն Արթուրի ցանկությամբ։ Երթով ավարտում ենք, բայց մի պայմանով, որ բոլորս վաղը 18։00-ին լինեք Ազատության հրապարակում
Շահեն Հարությունյան
Բողոքի և սգո միջոցառումներ, մարտի 17
Մարտի 17֊ին «Հաց բերողին» սատարողների հավաք տեղի ունեցավ Ազատության հրապարակում, որին հաջորդեցին բողոքի նստացույց Ամիրյան-Մաշտոց պողոտայում, երթ դեպի Հանրապետության հրապարակ և ցույց կառավարության շենքի մոտ։ Ցուցարարները կառավարությունից պահանջեցին Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում:
«Հաց բերողը»՝ «Ավրորա» մրցանակի թեկնածու
Արթուր Սարգսյանի թեկնածությունն «Ավրորա» մրցանակի համար առաջադրելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում մրցանակը տրամադրող հանձնաժողովին: Մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու և հասնելու բարեկեցության։ «Ավրորայի» քարտուղարությունը և անկախ դիտորդները հավակնորդների մեծ ցուցակ կներկայացնեն ընտրող հանձնաժողովին, որից հետո ընտրող հանձնաժողովը 2017 թվականին կհայտարարի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները, իսկ նույն թվականի ապրիլի 24-ին տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը։
Արթուր Սարգսյանին և նրա արարքին է նվիրված երգահան Արմեն Մովսիսյանի ու բառերի հեղինակ Խաչիկ Մանուկյանի «Հաց եմ բերել, տղերք» երգը։ «Հաց բերողին» երգ են նվիրել նաև Եղիշե Պետրոսյանը, Լևոն Ղարիբյանը և բարդ Արեգ Նազարյանը Արեգ Նազարյան - «Ուրիշը»</ref>: Արթուր Սարգսյանի հոգեհանգստի օրը՝ մարտի 21-ին Մեդիամաքս լրատվական գործակալության կայքում տեղադրվեց Բլոգ-13 ռեփ-խմբի Հաց բերողը Տուրք Արթուր Սարգսյանի հիշատակին երգը:
Բյուրավան գյուղի իր տան պատին մահից հետո գրված է «Այստեղ սպանեցին հաց բերողին՝ Արթուրին»:
Օգոստոսի 9-ը՝ հաց բերողի օր
Ի պատիվ կյանքը վտանգելով ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցնող Արթուր Սարգսյանի՝ հասարակական պահանջ-առաջարկ էր ներկայացվել, որպեսզի յուրաքանչյուր օգոստոսի 9-ին (Ա.Սարգսյանի ծննդյան օրը) նշվի որպես հաց բերողի օր։ Տոնի շրջանակներում առաջարկվում է այդ օրը սնունդ նվիրել դրա կարիքը ունեցող մարդկանց: