Երևան +12°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:29 16-03-2023

«Հաց բերողի» մահվան մեղքը ուզում են գցել Չարչյանի վրա․ Արթուրի եղբայր

Առաջին վիրավորումը Արթուրը ստացավ արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ դիրքեր հաց էր տանում։ Հայրը պատմում էր․ «Արթուրը ուրիշ էր, ամբողջ հոգով արվեստագետ էր և հայրենասեր։ Կոշիկի մեջ կոպեկ էր պահում, որը նշանակում էր գումարն իր համար արժեք չունի։ Չափից դուրս բարի էր»։

Արթուրը սննդամթերք հասցերեց ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր»-ի անդամներին։ Դա արեց, որովհետև մարդասեր էր ու գիտեր հացի արժեքը։ Ծանր ցավը սրտում՝ երկու տարի առաջ մահացավ նաև Ռոբերտ Սարգսյանը։

«Արթուրի մահվան մեղավորները դեռ անպատիժ են»,- Օրագիր․News-ի հետ զրույցում ասաց «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արտակ Սարգսյանը։

Արտակ Սարգսյանը հավաստում է՝ չի լռելու մինչև եղբոր մահվան մեղավորները չպատժվեն։ «Գործը Չարչյանով ուզում են փակեն։ Ուզում են՝ մեղքը բարդել պրոֆեսոր Արմեն Չարչյանի վրա, իբր վերջինս Գլխավոր դատախազությունում սխալ ցուցմունք է տվել։ Չարչյանը կարող է դատվել, որ բժշկական թղթի մեջ գրել է՝ Արթուրի հիվանդությունը ծանր չի, բայց ես համոզված եմ, որ մեղավորությունը ուզում են գցել Չարչյանի վրա ու այս դեպքում իրական մեղավորները էլի անպատիժ կմնան։ Գուցե մեղավոր է, բայց իրեն ասել են, որ այդ ցուցմունքը տա, հրահանգողները պետք է պատժվեն»։



Հիշեցնենք, որ 2016 թվականի ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։

Դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, Սարգսյանին ազատ էին արձակել: Փետրվարի 9-ին, սակայն, նրան Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ դարձյալ կալանավորել էին, ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին:

Կրկին անազատության մեջ հայտնվելու հաջորդ օրվանից նա անժամկետ հացադուլ էր հայտարարել: Մարտի 6-ին Ազգային ժողովի 27 պատգամավորների անձնական երաշխավորությամբ «Հաց բերողը» կրկին տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնում Արթուրը մահացավ։ Մահվան հանգամանքները առ այսօր ճշտվում են։