Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:07 03-02-2023

Ինչու են «Հաց բերողի» գործով իրավապահները շրջանցում Փորձաքննությունների բյուրոյի տնօրենին

Իշխանությունը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ձեռքով, ընդդիմադիրներին ճնշելու, հետապնդումների ենթարկելու համար այնպիսի քրեական գործեր կհանի թմբիրից, որ և՛ անհեռանկար են, և՛ բավականին խնդրահարույց։

Այսպես, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության հիմքում Վարդապետյանը ներկայացրել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» հաց հասցրած, հանրությանը հայտնի դարձած «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվան գործը, որը քննվում է 2017-ից ի վեր։

Ինչպես հայտնի է՝ 2016 թ. դեկտեմբերի 30-ին «Հաց բերողը» կալանքից ազատվեց միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որն արձանագրեց, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ, սակայն, այդ որոշումից 1 օր անց, քննիչը կրկնակի փորձաքննություն նշանակեց:

Երկրորդ փորձաքննությունը կատարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, հանձնաժողովի կազմում մի խումբ բժիշկներ են ընդգրկվել, այդ թվում՝ նաև բժիշկ Չարչյանը։ Հանձնաժողովի երկրորդ եզրակացությունից հետո «Հաց բերողին» կրկին կալանավորեցին. նոր եզրակացությամբ՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի չէր համարվել կալանքի հետ:

Բանն այն է, որ բժշկական հանձնաժողովը փաստաթղթերի հիման վրա էր եզրակացություն տվել, քանի որ Արթուր Սարգսյանը բժշկական հետազոտություն չէր անցել, հանձնաժողովին չէր ներկայացվել: Իսկ Արմեն Չարչյանը եզրակացությանը կից հատուկ կարծիք էր գրել, հատուկ շեշտելով, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, գուցե, եզրակացությունն այլ կլիներ։

Այստեղ մի քանի կարևոր հանգամանքներ կան, որոնց վրա պետք է լույս սփռել։ Իրավապահ համակարգին լավատեղյակ մեր աղբյուրը նշում է՝ երբեք, որևէ անգամ, որևէ իշխանության կողմից հրահանգ չի լինում մեռնող մարդուն տալ «կալանքի հետ համատեղելիության եզրակացություն»․ «Ես վստահեցնում եմ, որ ձեր պատկերացրած ամենավատ իշխանությունը, պաշտոնյան՝ սկսած նախկիններից, մինչև ներկաներ, երբեք և երբեք ինքն իր գլխին չի սարքի՝ նման եզրակացություն տալով, այլ հարց է, որ կարող է՝ ղեկավարությանը ճիշտ չզեկուցեն, կարող է՝ միջին օղակներում նորմալ փորձաքննություն չանեն, կարող է՝ անփութություն դրսևորեն, հետևողական չլինեն և այլն․․․»,-ասաց մեր աղբյուրը։

Նա վստահեցնում է, որ «Հաց բերողի» գործով ամենամեծ բացթողումը եղել է իրավապահ մարմիններինը, առաջինը՝ քննիչինը, դատախազինը, որ բերման ենթարկելու որոշում չեն կայացրել, որպեսզի Արթուր Սարգսյանին հարկադիր բերման ենթարկեին և նորմալ փորձաքննություն իրականացնեին։

Եվ երկրորդ՝ ամենամեծ մեղավորությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանինն է: Ի դեպ, նրա անունը ևս Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել էր մեղավորների ցանկում։

Հովսեփյանը նախկին իշխանությունների օրոք ևս պաշտոնյա էր, լավատեղյակների պնդմամբ՝ նա մտերիմ հարաբերություններ ուներ նախկին պաշտոնյաների հետ, սակայն, Հովսեփյանը արագ կողմնորոշվեց, նոր իշխանությունների օրոք անգամ տնօրեն դարձավ, նոր ընկերներ, հովանավորներ գտավ։

Նրա մտերիմներից էր նաև նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, իսկ թե այժմ ով է պահում և պահպանում Արգամ Հովսեփյանին՝ հայտնի չէ։ Բայց հավանաբար մի զորեղ, անտեսանելի ուժ կա, որ փրկում է Հովսեփյանին միշտ և ամենուր։

Եթե իշխանությունն այսօր «Հաց բերողի» գործով պատգամավորի է անձեռնմխելիությունից զրկում, բժշկի, ով հատուկ կարծիք է անգամ ներկայացրել, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չեն հիշում այդ կառույցի ղեկավարի մասին, արդյոք նա հարցաքննվե՞լ է, որևէ կարգավիճակ ունի՞, թե՝ ոչ։

Ի դեպ, Արգամ Հովսեփյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, թե ամեն բան եղել է օրենքի տառին համապատասխան․ «Այն դեպքում, երբ որևէ անձ տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, որը, սակայն, չի զուգորդվում օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, ապա նրա հիվանդությունը նման դրսևորմամբ չի կարող դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում»,- ասել էր Հովսեփյանը։

Հարց է առաջանում՝ եթե ամեն ինչ եղել է օրենքի տառին համապատասխան, ստացվում է՝ դատախազությունը քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացնում։ Այդ դեպքում ինչո՞ւ «օրենքով» առաջնորդվող պարոնը չի խոսում այդ մասին, ինչո՞ւ չի պաշտպանում իր տված փորձաքննությունը և փորձագետներին։