ՔՊ-ի մանիպուլյացիաները հակասական տպավորություն են թողնում՝ առաջացնելով թյուրըմբռնում, բացասաբար անդրադառնալով ՔՊ վարկանիշի վրա և պարտության դուռ բացելով։
Փետրվարի 28-ի կեսօրին Արարատում և Արմավիրում ներկուսակցական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը կարտոֆիլով կարկանդակ են ուտում։ Տեսանյութն այս մասին հրապարակում է Փաշինյանը։
Սա պարզ մանիպուլյացիոն տեսարան է։ Այսպիսով ՔՊ առաջնորդները ցույց են տալիս ժողովրդին, թե իրենք պարզ, հասարակ մարդիկ են, ժողովրդի մեծ մասի նման են, իրենց նույնացնում են ժողովրդի մեծ մասի հետ՝ հույս ունենալով շահել նրանց համակրանքն ու վստահության քվեն։
Կարկանդակ ուտելը նաև քաղքենիության, ժուժկալության ցուցիչ է, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե նրանք խնայող են, ավելորդ ծախսեր չեն անում, անհրաժեշտից ավելին չեն ծախսում, ինչպես վարվում էր քաղքենին 18-րդ դարում։
Քաղաքական հարթության վրա այս տեսարանը կարող է տպավորություն առաջացնել, թե ՔՊ-ն խնայողաբար կտնօրինի հարկատուների միջոցները, անտեղի ծախսեր չի անի անհարկի բաների վրա, չի մսխի, չի վատնի բյուջեն, հարկատուների փողերով ընդամենը մեկ կարկանդակ կուտի ու կբավարարվի։ Այս առումով՝ կարկանդակ ուտելու տեսարանը կհավանեն խնայող, ժուժկալ, քաղքենի բարքերով ապրողները, որոնք մեծամասնություն են կազմում քաղաքացիական հասարակությունում։
Կարկանդակ ուտելու տեսարանը կարող է դուր գալ նաև աղքատներին, որոնք ևս մեծ տոկոս են կազմում մեր երկրում։ Նրանք կարող են այսուհետև չամաչել իրենց աղքատությունից, չչարանալ աղքատության պատճառով և այդ չարության մեծ մասը չուղղել Փաշինյանի ու իշխանությունների հասցեին։ Այս առումով՝ կարկանդակ ուտելու տեսարանը ոչ միայն դրականորեն կարող է ազդել սոցիալ հոգեբանության վրա, այլև ռեալ բարձրացնել ՔՊ-ի վարկանիշը։
Թվում է, թե ամեն ինչ մտածված է։ Եվ ՔՊ-ական առաջնորդները մտածված քայլեր են անում վարկանիշը բարձրացնելու և ընտրություններում հաղթանակը մոտեցնելու համար։ Սակայն նույն օրը, երեկոյան կարկանդակ ուտողները «Դվին» ռեստորանում առատությունից պայթող ճոխ սեղանների շուրջ նշում են Ալեն Սիմոնյանի նշանդրեքը։
Սա արդեն հակասական տպավորություն է թողնում։ Մարդիկ այս ճոխությունը տեսնելով՝ այլ ասոցիացիաների մեջ են ընկնում։ Մարդիկ կարող են մտածել, որ ՔՊ-ն ամենևին էլ ժուժկալ չէ, խնայող չէ, քաղքենիաբար չի վերաբերվում կյանքին։ Հետևաբար՝ նույնկերպ կարող է վարվել նաև հարկատուների միջոցների հետ՝ մսխել, վատնել, ծախսել ավելին, քան անհրաժեշտ է, պարտքեր կուտակել ժողովրդի, պետության վզին։ Պատկերավոր ասած՝ կեսօրին կարկանդակ ուտելու տեսարանի մանիպուլյացիան «Դվին» ռեստորանի ճոխության հետ բախվում է ու ջուրն ընկնում մեկ վայրկյանում։
Ռեստորանային ճոխությունը տպավորություն է ստեղծում, թե ԱԺ նախագահն իրեն ամենևին էլ պարզ ու հասարակ մարդ չի պատկերացնում, այլ բոլորից բարձր, գրեթե արևից կաթած։ Նա արքայավայել միջոցառում է կազմակերպում, հյուրասիրում, առատ սեղաններ պատվիրում, կարծես՝ արքայազնի նշանադրություն է։
Մարդիկ իրոք կարող են շփոթվել, թե ո՞ր Ալեն Սիմոնյանն է իրականը։ Նա, որը կեօրին հարկատուների փողերով 150 դրամանոց կարկանդակ էր ուտո՞ւմ, թե՞ նա, որը երեկոյան գերշքեղ ռեստորանում նշանդրեքի արարողության հաշիվ էր փակում։ Երևակայություն ունեցողները կարող են ենթադրել, թե երկու Ալեն Սիմոնյան կա։ Դրանք արտաքինից նման, բայց էությամբ տարբեր մարդիկ են՝ մեկը կեսօրին կարտոֆիլով կարկանդակ է ուտում, իսկ մյուսը երեկոյան փակում է «Դվին» հյուրանոցի էլիտար ռեստորանի հաշիվը։
Պարզ ասած՝ կարտոֆիլով կարկանդակի պատրանքը ցրվեց, մնաց «Դվին» ռեստորանի ճոխ տեսարանը, որի տպավորության տակ հասարակ մարդիկ կմտածեն, որ ՔՊ-ականներն ամենևին էլ իրենց պես չեն պարզ, հասարակ, համեստ, ժուժկալ մարդիկ չեն։ Նրանք անպատասխանատու կերպով կվատնեն հարկատուների միջոցները, պարտքեր կկուտակեն պետության շալակին։ Այսպիսի ասոցիացիան, բնականաբար, բացասաբար կանդրադառնա ՔՊ վարկանիշի վրա և, հավանաբար, հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը կրկին ընդդիմադիր կդառնա։
Թաթուլ Մկրտչյան