Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 17:49 09-12-2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը խնդիր լուծող մարմին չէ, այլ ընդամենը՝ միջնորդ երկու կողմերի միջև. Տարոն Սիմոնյան

ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշման, ադրբեջանական կողմից միջանկյալ պահանջների, հայկական գերատեսչությունների կողմից տարված աշխատանքների վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Տարոն Սիմոնյանի հետ։

-ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները հրապարակվել են դեկտեմբերի 7-ին, այդ որոշման վերաբերյալ ի՞նչ կասեք։

-Դատարանը որոշել է Ադրբեջանին պարտավորեցնել, որ ապահովի հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը՝ կանխելու Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասսայական ատելության ու խտրականության հրահրումը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը։ Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը՝ որոշելով Հայաստանին պարտավորեցնել կանխելու կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասսայական ատելության և խտրականության հրահրումը։ Կողմերը պարտավոր են նաև ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

ատարանն արձանագրել է Ադրբեջանի պաշտոնյաների ու հանրային գործիչների կողմից հայատյացության քարոզը, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը։ Այսինքն՝ հայերի նկատմամբ էթնիկ հիմքով ատելության քարոզն ու խտրականության հրահրո՞ւմ է իրականացվում և հովանավորվո՞ւմ են պետական ամենաբարձր մակարդակով։

-Դատարանը փաստել է, որ Ադրբեջանում դրանով զբաղվում են պաշտոնատար անձինք, ինչը նշանակում է, որ դա վերագրելի է Ադրբեջան պետությանը։ Իսկ մեզ մոտ, եթե կան մասնավոր անձինք, որոնք ատելություն են քարոզում, ապա պետությունը պետք է փորձի կանխել նման դեպքերը։ Այսինքն՝ Հայաստանում դա պետական վարքագիծ չէ, ինչպես Ադրբեջանում։ Սա ընդհանուր բնույթի կոչ է, որպեսզի պետությունն իրենից կախված ամեն ինչ անի երկրում ատելության քարոզը բացառելու համար, ինչը Հայաստանն արել և անում է։ Մեծ հաշվով՝ մեր քաղաքացիները չեն խոսում Ադրբեջանի ազգաբնակչությանը սպանելու, վերացնելու մասին, ինչին ականատես ենք լինում Ադրբեջանում, և միջազգային դատարանը մերժել է ականապատման քարտեզների հետ կապված Ադրբեջանի պահանջը։ Նաև եկեք ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ սա միջանկյալ որոշում է, այլ ոչ թե վերջնական վճիռ։ Հետևաբար, որոշ ձևակերպումներ պայմանավորված են հենց դրանով, այսինքն՝ դատարանը վերջնական չի եզրակացրել, որ կողմերն ինչ-որ բան խախտել են, թե ոչ, թեև իր ձևակերպումներում տեսնում ենք, որ դա հաստատ անելու է։

-Ի՞նչ միջանկյալ պահանջի մասին է խոսքը։ Կան տեսակետներ, որ կարծիքներն ու եզրակացությունները չեն բխում հայկական շահից, որովհետեւ սա 90 տոկոսանոց հաղթանակ է։ Միայն մի փոքր մասով չի բավարարվել հայկական կողմի պահանջը, ինչը կանխատեսելի էր, այնպես չէ՞։

-Միջանկյալ միջոցով պահանջ է դրվում մինչև վերջնական որոշում կայացնելը ձեռնպահ մնալ որոշակի գործողություններից, որպեսզի ուշ չլինի, երբ կայացվի վերջնական որոշումը։ Դա իրականում նման է մեր ներպետական դատական գործընթացներում հայցի ապահովմանը։ Կարճաժամկետ առումով Ձեր նշածը շատ կարևոր որոշում էր մեզ համար։ Մենք արդեն հասկանում ենք, թե դատարանն ինչ տրամաբանություն է օգտագործում, այսինքն՝ տեսանելի է վերջնական որոշման կայացման ճանապարհը։ Դա կսանձի Ադրբեջանի այսօրվա վարած քաղաքականությունը, որպեսզի հետագայում զուսպ լինի իր գործողություններում, և չոչնչացվեն հայկական մշակութային արժեքները, չսպանվեն և կտտանքների չենթարկվեն գերիները։ Մենք արդեն ունենք փաստաթուղթ միջազգային ատյանից։ Ինչ վերաբերում է երկարաժամկետ կտրվածքով արդյունքներին, ապա այս դատական գործընթացն ու ընդունված որոշումը պետք է գնահատել որպես Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման համար անհրաժեշտ իրավական քայլ։ Նման քայլերով ենք վերջում հանգելու այն բանին, որ այլ տարբերակ չի կարող լինել, քան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, այն էլ՝ բարձր կարգավիճակով, որը անկախությունն է ու միացումը Հայաստանին։ Այլ տարբերակ չի դիտարկվում»։

-Սեփական հիմնազուրկ տեսակետներն առաջ տանելու համար Ադրբեջանը տարիներ շարունակ աշխատել է միջազգային ատյաններում և թեև վերջին 25 տարիներին շատ քիչ իրավական հաջողություններ է գրանցել այս ուղղությամբ, սակայն դրանք, այնուամենայնիվ, օգտակար են եղել իրենց քաղաքականության համար։ Ցավոք, հայկական կողմն ավելի պասիվ է եղել, և ընդամենը մեկ տարում է աշխատանք իրականացրել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ աշխատանքը։

-Եթե մենք տասնամյակների ընթացքում այսպես աշխատեինք, անհամեմատ ավելի մեծ արդյունքներ կգրանցեինք՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը։ ՀՀ ԱԳՆ-ն նույնպես անդրադարձել է Հաագայի միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումներին՝ նշելով. «Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետևողականորեն հնչեցվող հայատյացության հռետորաբանությունը, Ադրբեջանի վերահսկողության կամ իրավասության տակ գտնվող հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումն անհաղթահարելի խոչընդոտներ են տարածաշրջանում լարվածության նվազեցման և խաղաղ զարգացման համար»: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը խնդիր լուծող մարմին չէ, այլ ընդամենը՝ միջնորդ։ Իսկ միջնորդի առաքելությունն է կողմերից որևէ մեկին «չնեղացնել» և բերել համաձայնության, հաշտեցման դաշտ։ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը ներկայումս վտանգի տակ է, որովհետեւ Ադրբեջանն ամեն կերպ ասում է, որ այդ հարթակն այլևս գործ չունի անելու, քանի որ ինքը հարցը լուծել է։ Հետևաբար, եթե համանախագահներն ավելի սուր արտահայտություններով հանդես գան, ապա հնարավոր է՝ Ադրբեջանը կոշտ արտահայտվի և դուրս գա Մինսկի խմբի ձևաչափից, ինչը նրա երազանքն է եղել 20-25 տարի շարունակ։ Նրանք ուզում են այլ հարթակներ գործարկել, ինչպիսիք են, օրինակ, «3+3»-ը կամ Թուրքիային Մինսկի խմբի համանախագահությունում ընդգրկելը, ինչը նույնպես անընդունելի է մեզ համար։ Անհասցե, հավասարության նշան դնող հայտարարությունների հետևանքով հայկական կողմի շահերի ոտնահարում թույլ չտալու համար ինքս կարևորում եմ պաշտոնական Երևանի արձագանքը, որպեսզի խախտումների արձանագրումները լինեն հասցեական, և հավասարության նշան չդրվի կողմերի միջև։ Մեր պաշտոնական դիրքորոշումը չպետք է համընկնի համանախագահների դիրքորոշման հետ, մենք պետք է պահանջենք մեր շահերի պաշտպանությունը՝ բանակցությունների սեղանին դնելով մեր դիրքորոշումը։ Մենք չենք կարող անընդհատ հետքայլ կատարելով գնալ բանակցության։

ՔնարիկՊետրոսյան

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
14:11 Մարդիկ սնունդ են բաժանում երթով դեպի Երևան շարժվող Բագրատ Սրբազանին և իր համակիրներին
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
14:31 Երևանում կարկուտ է տեղում
18:18 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Սևան-Երևան ճանապարհին է. ՈւՂԻՂ
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ
19:23 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan.com