Ընդդիմախոսները հանդիմանում են Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին, թե հարևան Իրանը պատերազմի կրակի մեջ է, իսկ դուք կարկանդակ եք ուտում։
Իսկ ի՞նչ կարող է անել իշխանությունը կարկանդակ ուտելուց բացի։
ՀՀ իշխանության ենթադրյալ անելիքները կարելի է դասակարգել երկու խմբի։ Առաջին խումբ անելիքները զուտ մարդասիրական են։ ՀՀ-ն կարող է մարդասիրական օգնություն տրամադրել պատերազմից տուժած երկրներին, կազմակերպել ՀՀ քաղաքացիների տարհանումը Իրանից և պատերազմի մեջ ներքաշված երկրներից։ Կարող են պատրաստվել ընդունելու մեծ թվող փախստականների։ Կարող են հիվանդանոցներից մեկն արդիացնել, որը կընդունի Իրանից վիրավորներին ու հիվանդ փախստականներին։
Այսպիսի մարդասիրական միջոցառումները կարող են վստահություն ներշնչել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին, Մերձավոր Արևելքի երկրներին, որ Հայաստանը մարդասեր պետություն է, կարող է նպաստել տարածաշրջանի կայունությանը, պատերազմից տուժածներին օգնել, ապաստան տրամադրել, ապրելու հույս տալ։
Երկրորդ խումբ խնդիրները զուտ քաղաքական են։ Հայաստանն, իհարկե, չի մասնակցում պատերազմին, սակայն պարտավոր է պատրաստվել դրա հնարավոր ելքին։ Եթե Իրանում պահպանվելու են ներկա իշխանությունն ու ներկա կուրսը, ապա ՀՀ-ն էլ համարժեքորեն կշարունակի Իրանի հետ վարվող նույն քաղաքականությունը։ Այստեղ կարծես՝ նոր անելիք չկա։ Այս առումով՝ ենթադրելի է, որ ՔՊ-ականները ցուցադրաբար կարկանդակ են ուտում, կարծես՝ ակնարկելով, թե վստահ են, որ Իրանը նույնը կմնա այս պատերազմից հետո։
Պատասխանատվության գիտակցում ունեցող ՀՀ իշխանությունը, սակայն, կպատրաստվեր նաև պատերազմի հնարավոր, ավելի հավանական ելքին։ Այսինքն՝ եթե ԱՄՆ-ն հաղթի, և Իրանը դառնա ԱՄՆ-ի դաշնակիցը, ապա ՀՀ արտաքին ու անվտանգային քաղաքականությունը, բնականաբար, արմատական փոփոխության պիտի ենթարկվի։ Մասնավորապես՝ ռուսական ռազմակայանը դուրս հրավիրելու թեման կդառնա քաղաքական օրակարգի առաջին հարցը, քանի որ ԱՄՆ-ն Իրանի հարցում հաջողության հասնելուց հետո փորձելու է ազատել Հայաստանը ռուսական ազդեցության սուր գործիքներից, որ չխոչընդոտեն ամերիկյան նախագծերին։ Ուստի՝ ԱԳՆ-ն արդեն պետք է պատրաստի 1995-ի մարտի 16-ի հայ-ռուսական պայմանագիրը լուծելու նախագիծը, պարզորոշ նշելով հիմքերը։ ՀՀ ազգային ժողովում պետք է արդեն մշակեն լյուստրացիայի մասին օրենքի նախագիծը, Իրան-Հայաստան գազամուղը ազգայնացնելու և լայնացնելու մասին համապատասխան օրենքների փաթեթ և այլ նախագծեր։
Հարկ է գիտակցել, որ Իրանի պարտության պարագայում Հարավ-Հյուսիս նախագիծը կգործարկվի կարճ ժամանակում։ Ուստի՝ ՀՀ-ով անցնող մեծ ճանապարհի հատվածի շինարարությունը կարագանա։ Իրանի տնտեսության ուղղությանները կվերափոխվեն, ամերիկյան ներդրումներն Իրանում ու ՀՀ-ում կարող են կապակցվել։ Հայ-իրանական տնտեսական գործակցության սահմանափակումները կվերանան։ Հայ-իրանական առևտրաշրջանառությունը կարող է բազմապատկվել։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետք է պատրաստվի տնտեսական այդ մեծ շարժերին, համապատասխան ռազմավարություն մշակի։
Ավելին՝ ՀՀ-ն, որպես ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսած, անկախ ու ժողովրդավարական երկիր և Իրանի ավանդական ու ռազմավարական գործընկեր, կարող է ակտիվ միջնորդական դեր ստանձնել, որ վաղվա Իրանի իշխանությունները կարճ ժամանակում վերստին ձեռք բերեն Եվրամիության, ժողովրդավարական երկրների վստահությունը, Իրանի նկատմամբ ժողովրդավարական երկրների վերաբերմունքը կրկին դրական, բարեկամական դառնա։ Հայաստանը կարող է էապես արագացնել այս գործընթացը, որ Իրանը շուտ ոտքի կանգնի, ազատ ու ժողովրդավարական երկիր դառնա։ Գուցե չարի առանցքի երկրներն՝ Իրանի արագ զարգացումը տեսնելով, կամավոր կհրաժարվեն հակաքաղաքակրթական կուրսից, կդառնան ազատ, ժողովրդավարական երկրներ։
Պարզ ասած՝ ՀՀ իշխանությունը շատ բան ունի անելու Իրանի պատերազմի հետ կապված։ Ու եթե ՔՊ-ականներն այսօր նախապատրաստական քայլեր չանեն, ապա ՔՊ-ն հունիսի 7-ին, հավանաբար, կդառնա ընդդիմություն, տեղը զիջելով այն ուժերին, որոնք կաշկանդված չեն լինի Կրեմլի հետ պայմանավորվածություններով և ԱՄՆ-ի հաղթանակից հետո ունակ կլինեն համարժեք քաղաքականություն վարել։
Թաթուլ Մկրտչյան