Արդարության պակասը ՔՊ-ական իշխանությունների նախաձեռնությունների բնորոշ հատկանիշն է։ Նույնիսկ ժողովրդի համար դրական փոփոխություններում անարդար մոտեցումներ են առկա։
Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում փետրվարի 25-ին տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։ «Ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն թոշակները փաստացի կբարձրանան իմ նշած սանդղակից ավելի շատ»,- ասել է վարչապետը։
Բոլորին է հայտնի, որ բարձր կենսաթոշակ ստանում են շատ աշխատանքային ստաժ ունեցողները, ցածր կենսաթոշակ ստանում են քիչ աշխատածները, քիչ ստաժ ունեցողները։ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ տրամաբանությամբ է շատ աշխատածների թոշակը քիչ բարձրացնում, իսկ քիչ աշխատածներինը՝ շատ։ Սա ի՞նչ խտրական մոտեցում է։ Եվ արդյո՞ք սա արդար է։
Չաշխատելը աղքատության, սոցիալական խնդիրների հիմնական պատճառն է։ Չաշխատելը չարիքի, ողբերգությունների աղբյուրն է։
Աշխատանքը ոչ միայն անձնական, այլև ընդհանուր բարեկեցության աղբյուրն է։ Ազատ աշխարհում խրախուսվում է շատ աշխատելը, արդյունավետ աշխատելը, շատ բարիք ստեղծելը։ Առանձին հարգանքով են վերաբերվում վարպետներին, նրանց խոսքն ընդունվում է որպես ուղենիշ։ Հաջողության պատմություններն օրինակելի են երիտասարդների, սկսնակների համար, դրդում են նրանց լավ աշխատել, բարիք ստեղծել, ազնիվ աշխատել, հարկ վճարել։ Շատ աշխատողը բարձր է վարձատրվում, հետո բարձր կենսաթոշակ ստանում։
Հայաստանում, ՔՊ-ական իշխանությունների օրոք, կարծես՝ հակառակ մոտեցումն է կիրառվում։
Կարծես՝ իշխանությունները չեն հարգում շատ աշխատողին, չեն ուզում, որ մարդիկ շատ բարիք ստեղծեն։ Մասնավորապես՝ անհասկանալի է, թե ինչու բարձր թոշակ ստացողի թոշակը քիչ է բարձրանում, քան ցածր թոշակ ստացողինը։ Բարձր թոշակ ստացողները, ենթադրաբար, անարդար կորակեն այսօրինակ բարձրացումը, վատ կզգան այս խտրական վերաբերմունքի պատճառով, որ չաշխատած կամ քիչ աշխատած ու ցածր թոշակ ստացողների թոշակները 10 հազար դրամով են բարձրանալու ապրիլի 1-ից, իսկ շատ աշխատածների, շատ ստաժ ունեցողների թոշակները՝ համեմատաբար քիչ։
Իհարկե, լավ է, որ թոշակները բարձրանում են։ Ընդհանուր թանկացումը, գործազրկության, աղքատության բարձր մակարդակը բացասաբար են անդրադառնում ընդհանուր բարեկեցության և իշխանությունների վարկանիշի վրա։ Փորձագիտական կարծիք կա, թե ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացումը նախընտրական թիրախ ունի։ Եվ ընտրությունների նախաշեմին կենսաթոշակը բարձրացնելով՝ Փաշինյանը, հավանաբար, հույս ունի շահել կենսաթոշակառուների քվեները։ Սակայն բարձրացման խտրական տրամաբանությունը կասկած է հարուցում, որ այստեղ հատվածական մոտեցում կա։ Այսինքն՝ ոչ բոլոր թոշակառուների քվեներն են ակնկալում ՔՊ-ական իշխանությունները։
Պարզ ասած՝ թոշակների խտրական կարգով բարձրացումն արդար չէ, չի խրախուսում բարիք ստեղծողին, աշխատանքն ու հարկ վճարողին։ Ավելին՝ անուղղակի խրախուսվում է հարկերը թաքցնելը, պորտաբուծությունը, անպատասխանատվությունը։ Հավանաբար՝ ՔՊ-ում մի բան գիտեն, որ թոշակները ոչ հավասարապես են բարձրացնում։ Գուցե նրանք պարզել են, որ շատ աշխատած, շատ բարիք ստեղծած, շատ հարկ վճարած, աշխատասեր մարդիկ Նիկոլ Փաշինյանի ընտրողները չեն։ Գուցե ՔՊ-ականները պարզել են նաև, որ պորտաբույծներն ու հարկերից խուսափողները, սոցիալապես անպատասխանատու մարդիկ ՔՊ-ի պոտենցիալ էլեկտորատն են կազմում։ Ու եթե նրանց պատշաճ մոտիվացնեն, նրանց բարձր թոշակներ տան, ապա նրանք, հավանաբար, հունիսի 7-ին ՔՊ-ին կընտրեն։
Թաթուլ Մկրտչյան