Ներքին Միտք 1 ժամ առաջ - 15:00 10-09-2026

Արտագաղթի հարկ. ինչու են բարձրացնում քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ՔՊ-ական իշխանությունները տուգանքի մատերիալ դարձած հերոս հարկատուների համար նոր տուրքեր են մոգոնել։ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու կարգը փոփոխվելու է։ ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ինչպես ընթացակարգերում, այնպես էլ պետական տուրքի չափերում։

Նախագծի համաձայն՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմելու պետական տուրքը կարող է ներկայիս 50 հազար դրամից դառնալ 250 հազար դրամ։ Ավելի մեծ փոփոխություն է նախատեսվում քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում։ Այդ գործընթացի համար պետական տուրքը կարող է ներկայիս 150 հազար դրամից բարձրանալ մինչև 1 միլիոն 500 հազար դրամ։

Ինչո՞ւ են այսպիսի մեծ տուրք սահմանում քաղաքացիությունից հրաժարվելու համար։

Նորմալ երկրներում իսկապես բարձր են գնահատում քաղաքացիություն ստանալը։ Որոշ երկրներում այն դիտվում է որպես պատիվ, երբեմն՝ շնորհ։ Սահմանված տուրքն էլ մեծապես պատճառաբանվում է անձնագրի պատրաստման ծախսերով։ Բայց բազմապատիկ անգամ թանկ տուրք չեն գանձում, քանի որ դա ազնիվ չէ քաղաքացիություն ստանալ ցանկացող մարդու համար։ Գուցե որոշ երկրներում, որտեղ ներգաղթյալների և քաղաքացիություն ստանալ ցանկացողների մեծ ու անկառավարելի հոսք է, քաղաքացիություն ստանալու ընթացակարգը արհեստականորեն դժվարացնում են, որ քաղաքացիություն տալուց առաջ պատրաստեն մարդուն տվյալ երկրի քաղաքացի դառնալուն, սակայն անխղճորեն չեն բարձրացնում տուրքը, որ տպավորություն չստեղծվի, թե անձնագիրն ապրանք է, պետությունն էլ դրանով բիզնես է անում, շահ է հետապնդում անձնագիր վաճառելով։

Հայաստանում իրավիճակն էապես տարբեր է։ Այստեղ քաղաքացիություն ուզում են ստանալ հիմնականում սփյուռքից ՀՀ եկող ծագումով հայերը, որոնք ուզում են քաղաքացի դառնալ ու ապրել, աշխատել ՀՀ-ում, կյանքը կապել հայրենիքի հետ։ Գալիս են նաև ՌԴ-ից պատերազմի պատճառով փախածները, որոնք ուզում են ՀՀ քաղաքացի դառնալ, որ խուսափեն ռուսական պետության հետապնդումից ու պատերազմի արհավիրքներից։ Հետևապես՝ ենթադրելի է, որ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը ՀՀ-ում դժվարացնում են ու տուրքը բարձրացնում, որ հնարավորինս քիչ սփյուռքահայեր և ռուսներ դառնան ՀՀ քաղաքացի։

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողները արտագաղթողներն են, որոնք որոշում են ապրել այլ երկրում, չեն ուզում վերադառնալ Հայաստան։ Դրանց մի մասը երիտասարդ տղաներ են զինակոչային տարիքի, որոնք հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, որ բանակում չծառայեն։ Այս առումով՝ քաղաքացիությունից հրաժարվելու տուրքի բարձրացումը կարելի է որակել որպես արտագաղթի հարկ։

Հավանաբար՝ ՔՊ-ական իշխանությունները գիտեն, որ արտագաղթն առաջիկայում աճելու է, ավելի շատ մարդիկ են լքելու Հայաստանը։ Եվ նրանք, 1,5 միլիոն դրամ արտագաղթի հարկ պահանջելով՝ փորձում են դժվարացնել արտագաղթողների կյանքը։ Այսպիսի հարկը բնորոշ է ավտորիտար երկրներին, որոնց քաղաքացիները փախչում են երկրից, հրաժարվում իրենց քաղաքացիությունից, որ ազատվեն հանրային սահմանափակումներից ու հետապնդումներից։ Եվ ավտորիտար երկրներում են այսկեպ փորձում խոչընդոտել երկրից փախչողներին։

Կարճ ասած՝ ՔՊ-ական իշխանությունները լավ կհարստանան արտագաղթողների և սփյուռքահայերի հաշվին՝ սահմանելով աստղաբաշխական տուրքեր։ Թե ինչ կշահեն պետությունն ու ժողովուրդն այս թանկացումներից՝ տակավին պարզ չէ։ Սակայն հոռետեսները մտավախություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը հակաժողովրդավարական որոշումներ է ընդունելու առաջիկայում՝ պատասխանատվությունը գցելով ժողովրդի, քաղաքացիների վրա։ Եվ շատ մարդիկ են հրաժարվելու ՀՀ քաղաքացիությունից, որ Փաշինյանի սխալների խայտառակությունն իրենց վրա չտարածվի։




Թաթուլ Մկրտչյան