Ներքին 7 ամիս առաջ - 14:48 23-02-2026

Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ՝ պահպանման ենթակա ազգային արժեք. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի 25-ամյակի հոբելյանական միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Հանրապետության նախագահը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:

Նախագահը Վահագն Խաչատուրյանի ողջունի խոսքը.

«Այսօր մենք նշում ենք Ջրային կոմիտեի հիմնադրման 25-ամյակը։ Սա կարևոր ժամանակահատված է պետական կառավարման համակարգի համար, և, միևնույն ժամանակ, լուրջ առիթ՝ վերանայելու անցած ուղին և գնահատելու այն խնդիրները, որոնք դեռևս մնում են լուծման կարիք ունեցող։

Ջրային կոմիտեի ստեղծումը պայմանավորված էր մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի՝ ջրային ռեսուրսների կառավարման համակարգված և պետականորեն պատասխանատու կազմակերպման անհրաժեշտությամբ։ Անցած տարիների ընթացքում ձևավորվել են կառավարման մեխանիզմներ, իրականացվել են ենթակառուցվածքային ծրագրեր, պահպանվել և շահագործվել են ոռոգման և ջրամբարային համակարգեր։ Սակայն պետք է արձանագրենք նաև այն փաստը, որ ջրի կորուստների բարձր մակարդակը, համակարգերի մաշվածությունը և արդյունավետության հետ կապված խնդիրները շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ։

Հայաստանը ջրային պաշարներով համեմատաբար ապահով երկիր է, սակայն այդ հանգամանքը ինքնին բավարար չէ։ Ջուրը ազգային հարստություն է, և դրա պահպանությունն ու խելամիտ օգտագործումը պահանջում են առավել հետևողական քաղաքականություն, տեխնոլոգիական արդիականացում և կառավարման բարձր պատասխանատվություն։ Կլիմայական փոփոխությունների, տեղումների ռեժիմի փոփոխության և ջրային պահանջարկի աճի պայմաններում յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր անարդյունավետ օգտագործում վերածվում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական խնդրի։

Այս հոբելյանը պետք է ընկալվի ոչ այնքան որպես ձեռքբերումների ամփոփում, որքան՝ զգաստացնող պահ։ Այն մեզ հիշեցնում է, որ ոլորտում դեռևս մեծ աշխատանք կա անելու։

Անհրաժեշտ է խորքային գնահատել առկա թերություններն ու բացերը, վերանայել գործիքակազմը, վերաիմաստավորել կառավարման մոտեցումները և որդեգրել առավել արդյունավետ լուծումներ։ Ջրային կոմիտեի դերակատարությունը պետք է շարունակաբար հզորանա՝ հենվելով մասնագիտական ներուժի, հաշվետվողականության և երկարաժամկետ ռազմավարական մտածողության վրա։

Միաժամանակ պետք է հստակ ընդգծել, որ ջրի կառավարման հարցը չի սահմանափակվում մեկ կառույցի լիազորություններով։ Շատ բան կախված է պետական մարմինների համակարգված աշխատանքից, համայնքային կառավարման արդյունավետությունից, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու վերաբերմունքից։ Ջրի օգտագործման մշակույթի ձևավորումը, խնայողության և անհատական պատասխանատվության գիտակցումը պետք է դառնան հասարակական վարքագծի մաս։ Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ որպես պահպանման ենթակա ազգային արժեք։

Վստահ եմ, որ համատեղ և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է նվազեցնել կորուստները, բարձրացնել համակարգերի արդյունավետությունը և ձևավորել ջրային կառավարման այնպիսի մոդել, որը կհամապատասխանի Հայաստանի զարգացման երկարաժամկետ նպատակներին։

Այս 25 տարիները թող լինեն ոչ միայն անցած ճանապարհի հիշեցում, այլև հստակ հանձնառություն՝ առավել պատասխանատու, արդյունավետ և հեռատես աշխատանքի համար»:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին