Միտք 3 ամիս առաջ - 09:59 19-02-2026

Նոր ռիսկ է առաջանում. ինչ է անելու բանակցող ոստիկանը

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության հայր, վարչապետ, ՆԳ նախարար Ռոբերտ Պիլը 1830-ականներին ստեղծեց ժամանակակից ոստիկանության համակարգը։ Նրա անունոով էլ փողոցներում պարեկություն անողին ասում էին Բոբի։

ՀՀ ՆԳՆ-ն Ռոբերտ Պիլի ստեղծած համակարգում նոր տարր է ներմուծում։ ՀՀ ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացում ստեղծվել է բանակցային բաժին։ Բանակցող ոստիկանը հասարակական կարգի պահպանության խնդիրներ է լուծելու հավաքների և հանրային միջոցառումների ժամանակ, երբ իրավիճակը լարվում է։ Այս դեպքում ոստիկանը բանակցություն վարելով, երկխոսելով, փորձելու է հանդարտացնել իրավիճակը։

Հիրավի՝ նորամուծություն է, չլսված բան այս համակարգում, որտեղ առաջնորդվում են բացառապես օրենքով, աներկբա կատարում նախարարի հրամանները։ Այս առումով՝ բանակցող ոստիկանի վերաբերյալ մի շարք հարցեր մնում են անորոշ։ Օրինակ՝ բանակցող ոստիկանը ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելուց առա՞ջ են բանակցելու, թե՞ հետո։ Կամ բանակցող ոստիկանը ՔՊ-ի ընտրարշավի ժամանակ դիտողություն անելո՞ւ է Նիկոլ Փաշինյանին ատելություն խոսույթի, հայհոյախոսության, ժողովրդի վրա մուրճ ճոճելու, մարդկանց վիրավորելու և լարվածություն հրահրելու համար։

Ենթադրելի է, որ առաջիկա ընտրապայքարը թեժ լինելու։ Ընդդիմադիր ուժերը ցույցեր, հանրահավաքներ են կազմակերպելու, որոնց ժամանակ հնչելու են ՔՊ-ական իշխանությունների հասցեին քննադատություն։ Ենթադրելի է նաև, որ ցույցեր կարող են կազմակերպվել ընտրություններից հետո, եթե դիտորդները, վստահված անձինք շատ խախտումներ ու կեղծիքներ արձանագրեն։

Ամիսներ առաջ սկսել են խոսել հիբրիդային սպառնալիքի մասին, որը դրսևորվելու է ընտրությունների ժամանակ։ Այսինքն՝ կասկած կա, որ Մոսկվան փորձելու է միջամտել ընտրությունների ընթացքին ու ազդել արդյունքի վրա, կազմակերպելով բողոքի ցույցեր, հրահրելով բախումներ և այլն։

Այսինքն՝ առաջիկայում հանրային լարվածության շատ առիթներ են լինելու։ Կարելի է ենթադրել, որ ոստիկանությունն ինչպես նախկինում, այս անգամ էլ է ցույցերի ժամանակ բիրտ ուժ կիրառելու ցուցարարների դեմ։ Եվ հետևաբար՝ բանակցող ոստիկանը երկխոսություն է վարելու ծեծված, ջարդված, բռության ենթարկված քաղաքացիների հետ։ Նրանց համոզելու է, որ չբողոքեն ոստիկանների կիրառած բռնության դեմ, չասեն՝ ոստիկանն է հարվածել կամ նռնակ նետել, այլ ասեն, թե միամիտ սայթաքել, ընկել են կամ գլխով միամիտ խփվել են ծառին, որ միջազգային հանրությունը վատ կարծիք չկազմի ՀՀ իշխանությունների մասին, Նիկոլ Փաշինյանին չքննադատի ժողովրդի դեմ բռնություն կիրառելու համար։

Այսօր արդեն ողջամիտ մտավախություններ կան, որ հունիսի 7-ի ընտրությունների օրը բազմաթիվ խախտումներ են արձանագրվելու։ Այստեղ ևս բանակցող ոստիկանը կարող է միջամտել, հանդարտեցնել խախտումն արձանագրողին, համոզել վերջինիս, որ չբողոքի, օրենքը, կարգը, իրավունքը չպաշտպանի, աչք փակի խախտումների վրա։

Չի բացառվում, որ բանակցային ոստիկանը քարոզչությամբ է զբաղվելու, քաղաքացիների հետ երկխոսելիս քարոզելու է ՔՊ-ական նարատիվները կամ ապաքաղաքական խոսույթ զարգացնելու, արժեզրկելով քաղաքական մրցակցությունը, ժողովրդավարությունը և այլն։ Առավել մտահոգիչ է, որ բանակցող ոստիկանը քրեական ենթամշակույթի նորմերով, ոճով, մեթոդով ու բառամթերքով է փորձելու հանդարտեցնել հանրային լարվածությունը։

Ի վերջո՝ հարկ է նկատել, որ հասարակական լարվածության ամենամեծ աղբյուրը վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանն է ու նրա խոսքը։ Հետևաբար՝ բանակցող ոստիկանի հիմնական ֆունկցիան լինելու է այդ լարվածությունը մեղմելը։ Այսինքն՝ ոստիկանը փորձելու է մարդկանց հանդարտեցնել, որ չվիրավորվեն Փաշինյանի խոսքից, չնյարդայնանան, վատ բաներ չմտածեն ու չանեն։

Կարճ ասած՝ բանակցող ոստիկանի գործունեությունը հակաժողովրդավարական ռիսկեր է առաջացնելու, խեղելով մարդկանց պատկերացումները օրենքի, իրավունքի, պատվի, ազգի, ժողովրդավարության նկատմամբ, տպավորություն ստեղծելով, թե ՀՀ-ում հարցերը կարող են լուծվել նաև երկխոսելով՝ օրենքը շրջանցելով, իրավունքն արհամարհելով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»