Երևան +31°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:17 20-04-2023

Զրոյական կետից բանակցող ու զրո արդյունք գրանցած իշխանությունը շարունակում է մեղավոր փնտրել

Երբ սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե բանակցություններն սկսելու է զրո կետից՝ ենթադրում էին, որ կա որոշակի նոր ռազմավարություն ու նոր մոտեցումներ, որոնք բերելու էին հարցի լուծման։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Այդպիսի մտայնություն կար, որովհետև, ըստ էության, 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո հանրությանը թվում էր, թե բանակցային գործընթացն ընդհանրապես կանգնել է ու որևէ առաջընթաց չկա։ Հատկապես, որ 2017 թվականին ևս չկար որոշակի առաջընթաց կամ համաձայնություն, և մինչև հեղափոխությունը, ըստ էության, թեկուզ և Մադրիդյան սկզբունքների հիման վրա հարցի լուծման որևիցե դրական քայլ չէր երևում։

Դրա համար, երբ իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ինքն սկսելու է զրո կետից՝ դա ընկալվեց այնպես, որ նախկինն ամբողջովին տապալվել է, հիմա նոր քայլերի պետք է սպասենք, դա անգամ մի շրջան ընկալվեց որպես դրական հայտարարություն»,- ասաց նա։

Քաղաքագետի գնահատմամբ, այդուհանդերձ, Փաշինյանի հայտարարած զրո կետից սկսելու որոշումն, ըստ էության, ձախողվել է և Փաշինյանը չի կարողացել հասնել որոշակի արդյունքի։

«Արդյոք ունեցե՞լ է այդ հարցի լուծման այլ տարբերակներ ևս՝ անհնար է ասել, որովհետև նմանատիպ փաստաթուղթ, ծրագիր, Մադրիդյան սկզբունքներին կամ Կազանյան փաստաթղթին այլընտրանք չի ներկայացվել։ Հիմա, եթե այդ «զրո կետից» բանակցություններն սկսելու հայտարարությունից հետո դա ներկայացված լիներ, թեկուզ 2018 թվականի ընտրություններից հետո, երբ գործող քաղաքական ուժը հաղթեց, կամ թեկուզ 2019, 2020 թվականներին որևիցե փաստաթուղթ ներկայացվեր։

Եթե այդպիսի հայտարարություն ես անում, ապա դու այդ բանակցությունների սեղանին պետք է այլընտրանքային, քո տարբերակը դնես՝ հիմնավորելով, որ տեսեք՝ Մադրիդյան, Կազանյան կամ Լավրովյան տարբերակները չի իրականացվել, մենք էլ, գալով իշխանության, մերն ենք առաջարկում։
Կամ մենք շարունակում ենք այդ փաստաթղթի վրա աշխատել։

Դա, ըստ էության, չի եղել։ Դրա համար հիմա անորոշ ու անհասկանալի իրավիճակ է ստեղծվում։ Չգիտենք՝ ինչ ասել։ Հիմա ասենք՝ բանակցել է զրո կետից, տապալվել է, թե չի բանակցել, թե ընդհանրապես որևէ բան չի արել, թե այդուհանդերձ, ինչ-որ սկզբունքներ ունեցել է՝ տապալվել է»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ այն պարագայում, երբ Փաշինյանն անընդհատ խոսում է նախորդ փաստաթղթերի մասին և գրեթե որևէ խոսք չի գնում ներկայում տարվող գործընթացներից՝ խնդրահարույց իրավիճակ է ստեղծվում։

«Նախորդ փաստաթղթերը հանրությունը գիտի, տեսել է։ 10-15 տարի դա եղել է սեղանին։ Հիմա նախորդ փաստաթղթերի մասին ներկայումս ծավալվող դիսկուրսը ուղղակի անիմաստ է ու ժամանակի կորուստ է»,- ասաց նա։

Այդ քննարկումները ևս, նախկին բանակցությունների քննարկումների ֆոնին մնում են չարծարկված։ Քաղաքագետի խոսքով, ներկայում հանրությունը գրեթե բոլորովին տեղեկացված չէ վերջին բանակցությունների բովանդակությունից։

«Հիմա շրջանառության մեջ է դրված, այսպես կոչված, էլեկտրոնային դիվանագիտոթյուն հասկացությունը։ Ադրբեջանն ուղարկում է «Խաղաղության պայմանագրի» իր տարբերակը, Հայաստանը նայում է, ու խմբագրված հետ է ուղարկում այն, ու որևէ մեկը տեղյակ չէ, թե ինչ է այնտեղ։ Թերևս հրապարակված միակ տեղեկությունը, որ բոլորս գիտենք՝ առաջին կետով՝ տարածքային ամբողջականության ճանաչում, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․․․ սա պարզ է։ Բայց թե հետո ինչ հոդվածներ կան, Ադրբեջանի պնդումը որն է, մեր առաջրկը որն է։ Իսկ փորձագիտական հանրությունը, նաև մասնագետներն, ըստ էության, խարխափում են խավարի մեջ։

Ամեն մեկը մի բան ենթադրում է։ Մեկն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը, մյուսն ասում է՝ հանձնում է Ղարաբաղը՝ Զանգեզուրով հանդերձ և այսպես շարունակ։ Խնդրեմ, թող հրապարակվեն, թեկուզ այս վերջին 6 ամսվա ընթացքում Հայաստանի առաջարկություններն ու Ադրբեջանի պատասխանները։ Այդ փաստաթուղթն արդեն 5 անգամ գնացել- եկել է, և մեզ համար պարզ չէ, թե բացի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին կետից, մյուս բոլոր հարցերը մնում են մթության մեջ»,- ասաց նա։

Այդ նույն սկզբունքով, մթության մեջ է մնում նաև հարցը թե արդյո՞ք քարտեզների հիմք պետք է լինի սահմանագծման ու սահմանազատման գործընթացւն ու թե որ քարտեզներով դրանք պետք է իրականացվեն։

«Որովհետև Ալմա-Աթայի հռչակագրի մասին հայտարարությունը նոր չէ։ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս 1991 թվականից լինելով ՄԱԿ-ի անդամ, ԵԱՀԿ անդամ, ԵԽ անդամ՝ մի 100 հատ փաստաթուղթ են ստորագրել, որտեղ կետերի մեջ կա տարածքային ամբողջականությունը։ Բայց հարցն էլ այն է, որ քանի դեռ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել ու սահմանագծում ու սահմանազատում չի իրականացվել՝ տարածքային ամբողջականության թեզը վերացական հասկացություն է։ Բոլոր երկրներն էլ բոլորի տարածքային ամբողջականությունը ճանաչել են, բայց դա չի նշանակում, որ կարող է լինել սահմանազատում ու սահմանագծում՝ առանց լուրջ խնդիրների»,- ասաց նա։

Այս բոլոր հարցերի պատասխաններն ու մեկնաբանությունն, ըստ քաղաքագետի, կարող է տալ միայն մի քանի հոգի՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Արմեն Գրիգորյանը։ «Ի դեպ, այս անորոշության խնդիրը գալիս է վաղուց։ Նույնիսկ Ղարաբաղի շուրջ ընթացող ամբողջ 25 տարվա բանակցություններն էլի մեծամասամբ գաղտնի էին տարվում, շատ բաներ հանրությանը հայտնի չէին։ Այդ ձեռագիրը հիմա էլ շարունակվում է, ինչն էլ բերում է նոր աղետների»,- ասաց նա։

Գարիկ Քեռյանի խոսքով՝ Փաշինյանի կողմից անընդհատ մեջբերվող Մադրիդյան սկզբունքները կարելի է մեկնաբանել տարբեր տեսանկյուններից ու գալ ամենատարբեր եզրահանգումների։

«Ինքն ասում է՝ մենք Մադրիդյան սկզբունքներով ճանաչել ենք Ադրբեջանի մաս, գիտե՞ք ինչից է ենթադրում, որ այնտեղ նշված է, որ ապագայում պետք է հանրաքվեով որոշվի Ղարաբաղի հարցը։ Ուզում է ասել, որ Ղարաբաղն, ըստ էության, ո՛չ անկախ ճանաչվեց, ո՛չ էլ Հայաստանի մաս, թողնվեց ինչ-որ հանրաքվեի հույսին։ Այդտեղից ինքը ենթադրություն է անում, որ հանրաքվեով գուցե և Ղարաբաղը մնար Ադրբեջանի կազմում։ Իսկ կոնկրետ Մադրիդյան սկզբունքների հեղինակները, հատկապես Վարդան Օսկանյանը, դա այլ կերպ են մեկնաբանում։

Ինքն ասում է՝ եթե այնտեղ նշված էր, որ Ղարաբաղն ունենալու է միջանկյալ կարգավիճակ, վերջնական ընդգծվելու է հանրաքվեով, ապա իր խոսքով, Ղարաբաղն այդպիսով Ադրբեջանի կազմում չէ։ Այսինքն, մի երրորդ մարդ էլ կարող է հիմա գալ ու այլ կերպ մեկնաբանել, չորրորդն էլ այլ բան»,- ասաց նա։

Փորձագետը համոզմունք հայտնեց, որ անցյալի մասին խոսելը որևէ լուծման չի հասցնելու։ Իր խոսքով՝ այժմ նոր ու հստակ ծրագրերի մշակման ու իրականացման կարևորագույն շրջան է։ «Այդ քննարկումները շարունակ ծավալելու նպատակը կապված է դիվանագիտական առաջընթաց չլինելու իրողության հետ։ Ադրբեջանն իր սողացող ագրեսիայով, միակողմանիորեն անցել է սահմանագման և սահմանազատման գործընթացի իրականացմանը։

Հայաստանի հետ չունենալով որևէ պայմանագիր՝ որտեղ հարմար է գտնում, տեղակայվում է ու սահման է գծում, չկա դիմադրող ուժ, որը կարողանա ստիպել Ադրբեջանին՝ հետ գնալ կամ փոխել սահմանագծումը, ըստ էության, չկա սահմանագծման ու սահմանազատման պայմանագիր, Ադրբեջանն էլ ինքնուրույն ու միայնակ կատարում է այդ ամենը։

Կանցնի մի 5-10 տարի ու մենք արդեն կկանգնենք փաստի առաջ։ Այդ ժամանակ արդեն կունենանք Ադրբեջանի կողմից սահմանագծված սահման՝ ադրբեջանական դիրքերով, թե ինչքան կորուստ կունենանք՝ պարզ չէ։ Մի բան է պարզ, որ որևէ բան մեր օգտին չի արվում։ Բացառված չէ նաև, որ տարածքային զավթումներ էլ լինեն»,- ասաց նա։

Գարիկ Քեռյանի խոսքով՝ երկարաձգելով Բերձորի միջանցքը փակ պահելու գործողությունները՝ Ադրբեջանն, ի վերջո, կարող է հասնել նաև այդ տարածքներից մարդկանց հեռանալու իր ցանկության իրականացմանը։

«Այսինքն, չկա մարդ՝ չկա նաև խնդիր։ Ըստ էության, վաղ թե ուշ, երկարատև շրջափակման հետևանքով հայ բնակչությունը հեռանալու է այնտեղից։ Իսկ այդ դեպքում էլ ի՜նչ Մադրիդյան սկզբունք, ի՜նչ Կազանյան, ի՜նչ Փարիզյան ու ի՜նչ Վաշինգտոնյան․․․ այդ ամեն ինչը կգնա պատմության գիրկը»,- ասաց նա։

Այս համատեքստում, Հայաստանն, ըստ քաղաքագետի, որևէ հարթակից չի կարողանում ստանալ իր ցանկացածը։ «Հայաստանն ապավինելով արևմտյան կառույցների օգնությանը՝ ըստ էության, չի ստանում դա։ Միաժամանակ, Ռուսաստանը, խրված լինելով ռուս-ուկրաինական պատերազմի ճակատում, պարզապես ռեսուրս չունի այստեղ որևէ վճռական խոսք ասելու»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակից ելքը քաղաքագետը տեսնում է Հայաստան-Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափում։ «Եթե մենք կարողանանք աշխատեցնել այս ձևաչափը, ապա մենք կարող էինք ինչ-որ ձևով փոխզիջումային տարբերակի հասնել։ Նաև բանակցային գործընթացում պետք է ունենալ մասնագետների, իմացող մարդկանց, որոնք ունեն լուծումներ։ Մենք այս ամբողջ ընթացքում անընդհատ մտածում ենք, թե ստեղծված իրավիճակում ինչ ելքեր կարելի է գտնել, բայց բանակցային գործընթացում ներգրավված անձինք այցելություններ են իրականացնում տարբեր երկրներ։ Պարզապես շշմում ես, որ այս մարդիկ այդքան ժամանակ ունեն՝ նման հարցերով զբաղվելու»,- ասաց նա։