Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 16:30 31-01-2026

Լարված դիմորդներ, հուզված ծնողներ․ այսօր անգլերենի միասնական քննությունն էր

Այսօր՝ հունվարի 31-ին, մեկնարկել է միասնական քննությունների անգլերեն լեզվի առաջին փուլը։

Oragir.News-ը վաղ առավոտից Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում էր՝ քննական ընթացքին հետևելու համար։ Այսօր այստեղ քննություն է հանձնելու 160 դիմորդ։

Գնահատման և թեստավորման կենտրոնի անձնակազմը իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ, քանի որ րոպեներ անց պետք է սկսվի քննությունը։
Միևնույն ժամանակ դպրոց են ժամանում դիմորդներն ու նրանց ծնողները։
Մենք զրուցեցինք մի քանի դիմորդների հետ՝ պարզելու, թե ինչ տրամադրությամբ են եկել քննության և ինչպես են պատրաստվել։

Դիմորդներից մեկն էլ պատմեց, որ դիմելու է ԵՊՀ ռոմանզգերմանական բաժին, և սերը լեզուների հանդեպ գալիս է փոքրուց։

Շատերը, սակայն, հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ՝ նշելով, որ չափազանց լարված են, ինչը փոխանցվում էր նաև ծնողներին։

Այստեղ հանդիպեցինք նաև իրանագետ Վարդան Օսկանյանին, ով նշեց, որ որդին որոշել է շարունակել իր ուղով և դիմել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ։ Նա ընդգծեց, որ աջակցում է որդու ընտրությանը, վստահ է նրա ուժերին և հորդորում է ծնողներին չճնշել երեխաներին, քանի որ քննությունների ընթացքում նրանք առանց այդ էլ լարված են։

Քննության մեկնարկից առաջ բոլորին՝ այդ թվում նաև դիմորդներին, խնդրեցին դուրս գալ դպրոցից և սպասել դրսում, որից հետո դիմորդները հերթով մուտք էին գործում դպրոց, գրանցվում և գտնում իրենց քննական սենյակները։

Մուտքի մոտ իրականացվում էր խիստ հսկողություն․ դիմորդներին ստուգում էին մետաղորսիչով։
Նախապես զգուշացվում էր, որ բոլոր հեռախոսները պետք է թողնել անձնական իրերի համար նախատեսված վայրում, և ցանկացած արգելված սարքի հայտնաբերման դեպքում դիմորդը անմիջապես կհեռացվեր քննասենյակից։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը մեզ ներկայացրեց քննության անցկացման կարգը։

Դիմորդների մոտ հեռախոսներ կամ այլ էլեկտրոնային սարքեր չկային, սակայն շատերը իրենց հետ բերել էին կոնֆետներ՝ քննության ընթացքում լարվածությունը թեթևացնելու համար։
Կոնֆետներ բերելը թույլատրված էր, սակայն ջրի շշերը պետք է դրվեին հատակին։
Պատճառը պարզ է․ դիմորդները երբեմն արտագրելու տարբեր միջոցներ են փորձում գտնել անգամ ջրի շշերի միջոցով։

Եվ ահա սկսվում է քննությունը՝ բացականեր չկան։ Դիմորդները բացում են փաթեթները, որոնցում անգլերենի քննական թեստերն են։

Միասնական քննությունների գործընթացը շարունակվում է։

Oragir.News-ը կհետևի նաև հաջորդ փուլերին։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է