Ներքին 8 ամիս առաջ - 15:32 26-01-2026

Օրենքը չի հստակեցնում, թե ով է որոշելու՝ ասոցիացիա կա, թե ոչ․ Ատոմ Մխիթարյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկվող օրենսդրական փոփոխությունները էապես խստացնում են դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեության պայմանները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «ՀայաՔվե» հասարակական կազմակերպության անդամ Ատոմ Մխիթարյանը։

«Դիտորդական առաքելության անվանումը չպետք է ոչ միայն նույնական լինի, այլև անգամ ասոցիացվի ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության կամ դաշինքի անվան հետ։ Սակայն օրենքը չի հստակեցնում, թե ով է որոշելու՝ ասոցիացիա կա, թե ոչ»,- ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ նոր պահանջներով կազմակերպությունը դիտորդական առաքելություն իրականացնելու դիմում ներկայացնելու պահին պարտադիր պետք է արդեն հրապարակած լինի իր տարեկան հաշվետվությունը։ «Թեև հասարակական կազմակերպությունները հաշվետվությունը հրապարակում են մինչև մայիս, այս դեպքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար դա պետք է արված լինի ավելի վաղ»,– նշեց նա։

Մխիթարյանը հիշեցրեց, որ պահպանվել է նաև այն դրույթը, ըստ որի կազմակերպության ղեկավար մարմնում չի կարող ընդգրկված լինել ընտրություններին մասնակցող թեկնածու։ «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կազմակերպությունը չպետք է աջակցի որևէ կուսակցության, սակայն այժմ ավելացել է նաև կողմ կամ դեմ քարոզչության ամբողջական արգելքը»,– ասաց նա՝ հավելելով, որ օրենքում հստակ չի նշվում, թե որ ժամանակահատվածի գործունեության մասին է խոսքը։

Նրա խոսքով՝ փոփոխություններով սահմանվում է նաև ֆինանսական աղբյուրների ամբողջական բացահայտման պարտադիր պահանջ։ «Եթե դիտորդական առաքելության ընթացքում կազմակերպությունը ստանում է լրացուցիչ ֆինանսավորում, դրա մասին պետք է անմիջապես տեղեկացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,– նշեց Մխիթարյանը։

Խոսելով հավատարմագրման ժամկետների մասին՝ նա ասաց. «Եթե նախկինում դիտորդական առաքելությունները կարող էին դիմում ներկայացնել քվեարկությունից մինչև 10 օր առաջ, ապա այժմ դիմումը պետք է ներկայացվի կուսակցությունների գրանցման վերջին օրը, այսինքն՝ շատ ավելի շուտ»։

Մխիթարյանի խոսքով՝ փոփոխվել են նաև դիտորդների վարքագծի կանոնների վերաբերյալ պահանջները։ «Այդ կանոնները պետք է ներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և հրապարակվեն նրա կայքում»,– ասաց նա։

Ատոմ Մխիթարյանը ընդգծեց, որ հավատարմագրման դիմում ներկայացնելու պահից կազմակերպությունը պարտավոր է պահպանել լիարժեք չեզոքություն։ «Կազմակերպությունը հրապարակայնորեն որևէ դիրքորոշում չպետք է արտահայտի, ինչը էապես սահմանափակում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը»,– նշեց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին