Երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցների փոխհրաձգությունները վերջին օրերին նոր թափ են ստացել։ Եթե սկզբում դրանցում ներգրավված էին միայն նրանց աջակիցները՝ այլ կերպ ասած երկրորդ և երրորդ էշելոնի ներկայացուցիչները, ապա վերջին շաբաթներում արդեն նկատում ենք, որ նախկին նախագահների մերաձավոր թիմակիցներն են մեղադրում իրար Նիկոլ Փաշինյանին իշխանության մեջ՝ շատ հաճախ անցնելով նաև անձնական վիրավորանքների։
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները թիմակիցները տողատակով, երբեմն էլ՝ առանց դրա, հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականին բավարար դիմադրություն չցուցաբերեց և իշխանությունը հեշտությամբ փոխանցեց Նիկոլ Փաշինյանին՝ համոզմունք հայտնելով, որ շարժումն աստիճանաբար կմարեր, եթե Փաշինյանը Ռադիոտան գրավումից հետո ձերբակալվեր, ինչը, սակայն տեղի չունեցավ։ Երրորդ նախագահի թիմից էլ հակադարձում են, որ Ռոբերտ Քոչարյանի այժմյան աջակիցներից ու թիմակիցներից շատերը իշխանափոխության օրերին հրապարակներում էին՝ քայլականների կողքին։
Երկրորդ նախագահի աջակիցներին իրենց «տեղը ցույց տալու», ժողովրդական լեզվով ասած՝ նրանց «պորտը տեղը դնելու» գործին միացել է նաև Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակեպության փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը։ Մարտի 11-ին նա իր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակել, որում երկրորդ նախագահի ներկայիս աջակիցներից մեկը 2018 թվականին հրապարակային կերպով աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ լիարժեք կերպով վստահում է նրան, ընդ որում ոչ թե վերջինիս խոսքերին, այլ կոնկրետ քայլերին։ «
Ու սրա նման նիկոլական թափթփուկը ինձ մեղադրում ա 2018 թվականին ինչ-որ փողոց փակելու մեջ, այնինչ ես նկարվել եմ ուրիշի փակած փողոցի աղբամանների մոտ և պայքարել եմ նիկոլի դեմ նրա վարչապետ դառնալուց 10 օր հետո մինչ օրս։ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում ա մի անձնավորություն, ով նիկոլի հետ բերանը մինչև ատամները բացած նկարվում էր ու Նիկոլին հաճոյանալու ասուլիսներ էր շռայլում այն ժամանակ, երբ իր պաշտպանած նախագահին նիկոլը դատում էր»,- տեսանյութին կից գրել էր նա՝ առաջարկելով ճանաչել երկրորդ նախագահի իր խոսքով «նիկոլական» աջակիցներին։
Ամենևին չցանկանալով ներգրավվել երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցների փոխհրաձգությունների մեջ՝ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ 2018-ի իշխանափոխությանը և դրան հաջորդած զարգացումներին ՀՀԿ-ական Աշոտ Անդրեասյանի մասնակցությունը չի սահմանափակվել միայն աղբամանների մոտ լուսանկարվելով։ Թեպետ ՀՀԿ ԵԿ փոխնախագահը պնդում է, որ 2018-ի իշխանափոխությունից 10 անց սկսել է պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն իրականությունը մի փոքր այլ է․
Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից օրեր անց նոր իշխանության, մասնավորապես՝ Կրթության և գիտության այն ժամանակվա նախարար (2018-ին նախարարությունը դեռ չէր անվանափոխվել) Արայիկ Հարությունյանի և նրա կուրացիայի ներքո գործող «Ռեստարտ» նախաձեռնության թիրախում հայտնվեց ԵՊՀ այն ժամանակվա, այժմ արդեն լուսահոգի ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Նախաձեռնության անդամները պահանջում էին, որպեսզի Սիմոնյանը հրաժարական տա՝ դժգոհելով բուհի կուսակցականացվածությունից, կրթության որակից, ինչպես նաև ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ կառավարումից։
Նախաձեռնության հեղինակները այս նպատակով օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում, խաթարում դասապրոցեսը՝ տպավորություն ստեղծելով նաև, որ ուսանողությունը ևս աջակցում է այս արհեստածին օրակարգին։ 2018 թվականի մայիսի 19-ին Արամ Սիմոնյանը համաձայնեց ընդունել իր հրաժարականը պահանջող ցուցարարներին և հանդիպումը կայացավ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում։ Լարված մթնոլորտում անցած հարց ու պատասխանից հետո Արամ Սիմոնյանը մերժել էր հրաժարականի պահանջը, որից հետո ԵՊՀ դահլիճ ներխուժած ռեստարտականները խոչընդոտել էին նրա ելքը նիստերի դահլիճից, թույլ տվել միայն այն բանից հետո, երբ լուսահոգի ռեկտորի ինքնզգացողությունը վատացել էր։
Ուշագրավ է, որ մայիսի 29-ին կայացած հանդիպմանը ներկա էր նաև ՀՀԿ-ական Աշոտ Անդրեասյանը, ով քայլական-ռեստարտականների կողքին և նրանցից ոչ պակաս էնտուզիազմով պահանջում էր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Ընդ որում, Արամ Սիմոնյանը ևս Հանրապետական կուսակցության անդամ էր, և «հեղափոխական» իշխանությունների կողմից հալածվում էր ենթարկվում բացառապես իր կուսակցական պատկանելիության համար։ Փաստացի ՀՀԿ-ական Աշոտ Անդրեասյանը, ով այժմ բարոյականության դասեր է տալիս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին, 2018-ի իշխանափոխությունից 20 օր անց ռեստարտական խաժամուժի կողքին մերժում էր Արամ Սիմոնյանին, ով իր կուսակիցն էր ու մինչև իր կյանքի վերջը չլքեց ՀՀԿ-ն, թեպետ, եթե դա աներ օրինակ 2018-ի մայիսին, ապա գուցե նրան հաջողվեր պահպանել իր պաշտոնը, հետապնդումների չենթարկվեր, գուցե նաև՝ այսօր նա ողջ լիներ։
Այսպիսով՝ եթե երրորդ նախագահի այժմյան աջակիցները մեղադրում են երկրորդ նախագահի այժմյան աջակիցներին՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու կամ նրա գործողություններին ինչ-որ կերպ աջակցելու համար, ապա նրանք ևս պետք է ազնիվ լինեն և իրենցից շատերի գործողությունների կապակցությամբ հանրությանը պարզաբանումներ ներկայացնեն։ Խոսքը վերաբերում է նաև Աշոտ Անդրեասյանին, ով այժմ սկզբունքայնության դասեր է տալիս և մաստերկլաս ցուցաբերում, սակայն ժամանակին մերժում էր իր կուսակից Արամ Սիմոնյանին։ Կարծում ենք՝ ՀՀԿ ԵԿ փոխնախագահի սկզբունքայնությունն առավել համոզիչ կլինի, երբ նա հիշյալ զարգացումների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնի, ինչպես նաև ներողություն խնդիր լուսահոգի ռեկտորի ընտանիքից, եթե իհարկե գտնում է, որ ժամանակին սխալվել է։
Վերահաստատում ենք նաև, որ բովանդակազուրկ «ո՞վ բերեց Նիկոլին» օրակարգը մի կողմ թողնելու և ներընդդիմադիր այս գզվռտոցը դադարեցնելու ժամանակն է, քանի որ այն բխում է բացառապես Նիկոլ Փաշինյանի շահերից, իսկ խորհրդարանական հաջորդ ընտրությունները սարերի հետևում չեն։
Անկախ միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ ընդդիմադիրները պետք է ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերեն, որ այլևս միմյանց չեն թիրախավորելու և իրենց ողջ ռեսուրսն օգտագործելու են Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու համար, իսկ մնացած բոլոր տարաձայնությունները կքննարկեն արդեն դրանից հետո, եթե իհարկե ընդդիմության նպատակն իշխանափոխությունն է․․․
Դավիթ Գույումջյան