Ուղիղ եթեր
Ոչ մի օր` առանց Արցախի. Զորավար Անդրանիկը, գաղտնի կազմակերպությունները, հեթանոսներ, Ստալինի նկարը
copy image url

Ոչ մի օր` առանց Արցախի. Զորավար Անդրանիկը, գաղտնի կազմակերպությունները, հեթանոսներ, Ստալինի նկարը

Ներքին 2 շաբաթ առաջ - 22:40 11-03-2025
Ի՜նչ շքեղ սերունդ կար Ստեփանակերտում․ նրա ներկայացուցիչները, կարծես, հանուն հայրենիքի մարտիրոսվելու համար էին աշխարհ եկել։ Պատկերացրեք որ՝ տղաներ կային, ովքեր զոհվեցին միայն նրա համար, որ նվաստացուցիչ էին համարում մարտի դաշտում սողեսող գնալը (ու Տիգրանին հիշեցի, որքան հիշում եմ՝ Ստեփանակերտի մսի կոմբինատում էր աշխատում․ «Ա՛, տահանք հուվ ը՞ն»,-ասում էր ցասումով ու կրակահերթ արձակում ավտոմատից․ ու ընկավ հենց առաջանալիս․ ու նա միակը չէր այդպիսին)։

Ստեփանակերտցի երիտասարդների մեջ, ի տարբերություն հայաստանաբնակների, խիստ հարգի էր զորավարի Անդրանիկի պատկերով մեդալյոնը, որ հայթայթում էին ՀԽՍՀ-ից և որոնք, եթե հիշում եք, վաճառվում էին հայաստանյան քաղաքների հուշանվերների խանութներում։ Հայկականության ծարավն այնքան էր մեծ, որ եթե ամենամիջակ մի համույթ կամ թատերախումբ հազվադեպ հյուրախաղերի գար, ամեն գնով փորձում էին տոմս գտնել։ Պետք է ասել, որ հայրենասիրական գործունեության համար այն ժամանավա Ստեփանակերտում պարարտ հող կար․ մարդկանց արժեհամակարգում «Արարատ»-73-ն ու Անդրանիկ զորավարն էին, Մասիս սարն ու Սողոմոն Թեհլիրյանը։ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» և Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գրքերը ձեռքից ձեռք էին անցնում՝ անկախ մասնագիտությունից։ Իմ շրջապատում, օրինակ, ներառյալ ուսանողական հանրակացարանը, կար Դաշտենցի գրքից երկու հատ, ու մենք միշտ գիտեինք դրանց տեղերը՝ կարդալու համար հերթ էր․․․ Ուսանողական հանրակացարանից անպակաս էր Ներսիկ Իսպիրյանի երգը (Երևանի «Արարատ»-ի խաղերը դիտելու համար ստեփանակերտցիները հավաքվում էին քաղաքի հյուսիսային կողմում գտնվող մի ամայի տարածքում, որտեղ հետագայում Ստեփանակերտի հոսպիտալը կլինի. այստեղ հնարավոր էր, թեկուզ մի կերպ, որսալ Երևանից սփռվող հեռուստաեթերը․ փոքրիկ հեռուստացույցը դրվում էր մեքենայի կապոտին, ու հավաքված մի քանի տասնյակ ֆուտբոլասերները կրքոտ երկրպագում էին «Արարատ»-ին, դե, իսկ երբ մերոնք գոլ էին խփում, շրջակայքը թնդում էր․․․)։

Արդեն այն ժամանակներում կային ընդհատակյա կազմակերպություններ։ Այս առումով հատկապես արժանահիշատակ է Արցախի Ընկերվարական Կուսակցությունը, որ հիմնադրել էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի ուսանող Հակոբ Խաչատրյանը (Ամոքի)՝ 1986-ին՝ իր մի խումբ գաղափարակիցների՝ հիմնականում ինստիտուտի ուսանողների հետ։



Բացառիկ, բացառիկ անհատականություն էր՝ ոտից գլուխ հրեղեն, արժանապատվությամբ առլեցուն, միևնույն ժամանակ՝ համեստ ու շատ ազնիվ։ Մանուկի պես ազնիվ։ Պայքարից ու հայրենասիրությունից բացի, ուրիշ բան նրան չէր հետաքրքրում։ Ասծատուրը, Վաղուհասի Հայկը, Շամոն, ցեղապետ Արմենն ու մյուսները ևս այդ կարգի անհատներ էին՝ անսահման ազնիվ , ոգեղեն ու համարձակ։

Նրանք, ովքեր տեսել են Հակոբին, կհամաձայնեն, որ այդ մարդն աշխարհ էր եկել մի բանի համար՝ պայքարել հանուն հայրենիքի ազատագրման։ Միայն զարմանալ կարելի էր այն հանգամանքից, որ այն ժամանակներում Հակոբը խստորեն հետևում էր մեր հեթանոսական ծիսակարգին ու նշում տոները․ ու սա չափազանցություն չէ․ ասենք, ցույց էր տալիս իրենց այգում պահվող աքլորն ու ասում․ «Միհրի ծննդին պիտի զոհաբերենք»։ Կամ էլ ասում էր, թե երբ իրենք գան իշխանության, պիտի նաև երաժշտական պատշաճ ճաշակ ձևավորեն ժողովրդի մեջ․ «Ձայնադարաններ ենք ունենալու՝ համալրված Կոմիտասի, Եկմալյանի, Տիգրանյանի և մեր մյուս մեծերի երաժշտությամբ»,- ասում էր։ Ինքը երբեք չէր խմում, բայց առաջին կենացն ինքն էր ասում՝ «Տեր, կեցո՛ Դու զՀայս»․․․ Անուններ էր տալիս, որ երբեք չէինք լսել՝ Նժդեհ, Զավարյան, Երկանյան, Թոռլաքյան, Հրայր Դժոխք․․․ Կոմունիզմի ու ինտերնացիոնալիզմի գաղափարախոսության տարիներին։ Արցախում իրենք հայտնի էին որպես ցեղակրոններ։ Հետագայում նրանք այնքան կհզորանան, որ պատերազմի ժամանակ կկազմավորեն գրեթե մի գումարտակ՝ հայտնի «Ցեղակրոնների ջոկատը», որ պատերազմի ժամանակ նշանակալի դերակատարություն կունենա։ Պատերազմի ավարտից հետո նրանք հրաժարվեցին մտնել բանակ, և սկսվեց մի դիմակայություն, որ արդյունքում ինքը պիտի ձերբակալվեր ու դատապարտվեր։ Տղաները պատմում են, որ Հակոբի մայրը, ում բոլորը «Մայրիկ» անունով էին մեծարում, իր հետ վերցրել էր Ֆ1 նռնակն ու մտել նախագահական շենք․․․

Էդ շքեղ սերունդը նաև շքեղ հումոր ուներ․ ուրեմն, 1980-ականների սկզբներին մի ֆանտաստիկ պատմություն եղավ։ Գիշատիչ Աղդամի փողոցներով մի կարճ ժամանակ մարդատար ու բեռնատար ավտոմեքենաները վերուվար էին անում՝ իրենց դիմային ապակուն ունենալով ․․․ Անդրանիկ Օզանյանի լուսանկարը։ Հին սերնդի ներկայացուցիչները կհիշեն՝ ադրբեջանցիք սիրում էին մեքենայից Ստալինի լուսանկարը կախել։ Եվ ահա՝ ստեփանակերտցի չարաճճի տղաները Զորավարի լուսանկարների մի ողջ խմբաքանակ էին վաճառել աղդամեցիներին, որպես Ստալինի լուսանկար․ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ադրբեջանական սեկտորի վարիչ, միձեռքանի հայատյաց Նաջափ Կուլիևն (ով Ստեփանակերտում ապրելուց իր համար հաց էր բերել տալիս Աղդամից) է տեսել ու ճանաչել․․․

Քանի որ խոսք գնաց մանկավարժական ինստիտուտի տղաների մասին, ուզում եմ մի կարճ պատմություն ներկայացնել՝ մեր ուսանող ընկերների հնարամտության մասին։

1984-ի աշնանային թավշյա մի կեսօրի մանկավարժական ինստուտի հանրակացարանի առջև իր ընկերների հետ զրուցող Վարդան Սարգսյանին (արձակագիր, պատմաբան, ներկայումս՝ Ակ․ Բակունցի տուն-թանգարանի վարիչ) մոտեցած մի ուրիշ ուսանող ասաց՝ թե բա չես ասիլ՝ քիչ առաջ մի ադրբեջանցի, որ իմ առջևից էր գնում, «գայու շենքի» (պետավտոտեսչություն) հենց մուտքի մոտ մի քանի քսանհինգանոց գտավ՝ երևի թե՝ մի հարյուր ռուբլի։

-Ու որտե՞ղ գնաց,-հարցրեց Վարդանը։

-Մտավ շենք,-հնչեց պատասխանը։

-Արի ետևիցս,- ասաց Վարդանը, ու տղաներով ուղղվեց դեպի պետավտոտեսչության շենք, որ մի քանի քայլի վրա էր՝ ավտոկայանի հարևանությամբ։

Քիչ հետո ուսանողն ասաց Վարդանին՝ մատնացույց անելով շենքի մուտքից դուրս եկած թավ բեղերով հսկայամարմին ադրբեջանցուն։

-Ահա նա։

Վարդանը մոտեցավ, բարևեց ու իր կիսատ-պռատ ադրբեջաներենով բացատրեց, որ ուսանող է, տանից հարյուր ռուբլի են ուղարկել, եկել, ստացել է ավտոկայանում ու կորցրել այս մասերում, ու լսեց, որ հենց ինքն է գտել։ Ադրբեջանցին անակնկալի եկավ, ձեռքը տարավ գրպանը, հանեց երկու քսանհինգանոց ու սկսեց երդվել, որ իր գտածը հիսուն ռուբլի էր, ու որպես ապացույց, հանեց մյուս գրպանի պարունակությունը՝ մի քանի հինգանոց, երեքանոց ու՝ բանալիների խուրձը։ Վարդանը դժգոհությամբ վերցրեց «կորցրած փողի մի մասը», իսկ ադրբեջանցին ուղղակի ծլկեց։

Մի քանի մետրի վրա հայտնի «Բաշիրոկն» էր՝ խորտկարանը, և տղաների ընթրիքն այդ երեկո համեղ քյաբաբն ու խորովածը դարձան։

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

22:14 Այսօր 1-ը, իսկ վաղը մեզնից 1000-ավորները կգան․ ադրբեջանցու սադրիչ տեսանյութը Երևանից
18:56 Հայրը վրաերթի է ենթարկվել այն վայրում, որտեղ 1 օր առաջ վրաերթից մահացել էր իր որդին. shamshyan.com
13:47 Ադրբեջանցիները կրակում են Սյունիքում․ տեսանյութ
13:13 Ներվայիններին խնդրում եմ հեռանալ այս պատմությունից, գեշ է ցնցելու․ Լևոն Բարսեղյան
20:43 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
12:49 Սյունիքում ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
22:54 Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին չի կարողանում մուտք գործել իր վարձակալած բնակարան, իսկ տան տերը չի բարեհաճում գալ․ shamshyan.com
16:10 Սարի՛կ Մինասյան, տղա՞ ես՝ ապացուցիր, եթե չէ` ֆուֆլու ես. Գյումրիի քաղաքապետի թեկնածու
15:33 Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ «Ոսկու աշխարհ»-ից գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր․ shamshyan.com
19:48 Երևանում ստահակը փորձում է թալանել խանութը, սակայն իր սև գործը չի կարողանում ավարտին հասցնել. բացառիկ տեսանյութ. shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի