Ոչ մի օր` առանց Արցախի. Ստեփանակերտի հայտնի տղերքն ու քյառթուները. մաս IV
copy image url

Ոչ մի օր` առանց Արցախի. Ստեփանակերտի հայտնի տղերքն ու քյառթուները. մաս IV

Ներքին 1 օր առաջ - 22:48 10-03-2025
Անուրջների քաղաքն ուժեղ տղաների պակաս երբեք էլ չի ունեցել։ Ավելին, այստեղ այդպիսիք ավելի շատ էին․ անհամեմատ ավելի շատ, քան այլ քաղաքներում։ Սա ասում եմ, որպես շոշափվող թեմային փորձագետի չափ տիրապետող։ Ու որ ամենազարմանալին է, այդքանով հանդերձ, Ստեփանակերտը երբեք էլ կրիմինալ քաղաք չի եղել, ավելի շուտ՝ հակառակը։

Իհարկե, իմ ներկայացրածը ոչ մի կերպ չի կարող ամբողջական լինել, բայց ընդհանուր պատկերն, այնուամենայնիվ, քիչ թե շատ հաջողվել է ներկայացնել։

Երեք սերնդի ներկայացուցիչների եմ ուզում անդրադառնալ։

Նրանցից ոմանք պարզապես արցախցի հզոր տղաներ էին՝ արարող, արցախցիների ասած՝ «օտող-խմող», «օրիշի հարային հսնող», կարգին հարևանություն անող ու, որ ամենակարևորն է՝ ավանդական հայկական ընտանիքներ ու գերդաստաններ ստեղծող։

Մյուսները պարզապես հեղինակություններին էին, հաճախ՝ մեծ ազդեցություն ունեցող քրեական հեղինակություններ, որոնց ազդեցությունը տարածվում էր․․․ Աղդամից մինչև Բաքու (1982 թվականին նրանցից մեկն իր ավտոմեքենայից Անդրանիկ զորավարի մասին երգ հնչեցնելու պատճառով հենց Աղդամում կընդհարվի ադրբեջանական այդ քաղաքի անքննելի հեղինակության՝ հսկայամարմին մատնոց ֆռցնող «Լալ Թայիրի» հետ և ատրճանակից ազդանշանային հրթիռ կարձակի օդ՝ ասելով․ ,,За Степанакерт!,,)։

Նրանցից ոմանք անգամ օրենքով գողեր կդառնան, ինչպես, օրինակ, «Դուռակ Վանիկը», «Կլոպ Արթուրն» ու «Օգանով Ռուդիկը»։ Բայց և նրանց բացարձակ մեծամասնությունն էլ ավանդական ընտանիքների ու գերդաստանների հիմնադիրներ եղան։
Շատ ազդեցիկ, իսկապես համաժողովրդական սեր ու հարգանք վայելած տղաներից էր «Չոփուռ Անդոն»։

Վերադառնալով երկրորդ աշխարհամարտից՝ իր հետ նա մեծ ու հարմարավետ մեքենա էր բերել, որի մեջ նաև ․․․ մանղալ էր պահում։ Շատ տարիներ հետո նրա թոռը՝ նույնպես, առանց չափազանցության, մեծ հարգանք վայելած Դավիթ Սարգսյանը, կդառնա Ստեփանակերտի քաղաքապետ։ Վերջին քաղաքապետը․․․

Նույն կարգին կարելի է դասել նաև Շուշքենդեցի (իմիջիայլոց, Շուշքենդին արցախցիները գորովանքով ու կատակով տվել էին երկրորդ անունը՝ «Թափանգրադ», որովհետև այդ գյուղում կովի ստամոքսից համադամ ուտելիք էին պատրաստում) Գավոյին՝ Գավրոշ Առստամյանին, ով աշխատում էր Ստեփանակերտի կենտրոնական Շուկայում։

Քաղաքում սիրված և արցախյան սպորտի մեծ երախտավոր էր ԽՍՀՄ սպորտի վարպետ, ըմբշամարտի մարզիչ Ալիխան Մուրադյանը։ Նրա երկու որդիները՝ Ալբերտն ու Վահրամը, նույնպես սպորտի վարպետներ, զոհվեցին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Արժանահիշատակ է նաև նույնպես ըմբշամարտիկ, մարզիչ Բորիս Բաբայանը, ում այլոք տվել էին ,,Кавказский барс,, անունը։

Այդ սերնդի ներկայացուցիչներից էր «Տաքսիստ Իշխանը»՝ Իշխան Ավետիսյանը, ով թեկուզ բարձրագույն կրթություն չէր ստացել, բայց օժտված էր բնատուր խելքով ու շրջահայացությամբ։ Նրա հայրը՝ Գաբրիելը, ով գնդակահարության էր դատապարտվել 1937-ին, ժամանակին եղել էր մարշալ Բաղրամյանի հրամանատարը։ Ու երբ 70-ականների վերջին Բաղրամյանն այցելել է Ստեփանակերտ, հանդիպել է Իշխանի մորը՝ Վարդանուշին (տարազով կին էր․ հիշում եմ՝ 1992-ին զոհված նրա ծոռը՝ Սամվելը, երբ դեռ փոքր էր, նրան «փուլի բաբո» էր ասում՝ տարազի՝ գլխարկից կախված արծաթե դրամների պատճառով)։

Իշխանն անփոխարինելի թամադա էր, ում խոսքը համեմված էր փիլիսոփաներից ու բանաստեղծներից մեջբերումներով։ Ի դեպ, Ավետիսյանը եղել է 1960-ականների կեսերին Բագրատ Ուլուբաբյանի գլխավորած ու մեծ աղմուկ հանած՝ 13 հոգանոց հայտնի խմբի գործակիցներից մեկը և մի քանի օր անց է կացրել ՊԱԿ մարզային բաժնի նկուղում։ Արցախյան Շարժման ժամանակ եղել է «Աշխատանքային խմբի» (նրան կլինի առանձին անդրադարձ) ակտիվ անդամներից մեկը։ Նրա որդին՝ Կարլեն Ավետիսյանը, եղել է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը։

Քաղաքում շատ հայտնի էր, ինչ խոսք, նաև արցախյան ֆուտբոլի երախտավոր, ԼՂՀ ՊԲ գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը, ով 1977-ին Ադրբեջանի չեմպիոն դարձած Ստեփանակերտի «Ղարաբաղ»-ի գլխավոր մարզիչն էր և խաղացել էր, անգամ, Երևանի «Արարատում»։ Չնայած նա 1950-ականների վերջին Կիրովաբադից էր Ստեփանակերտ տեղափոխվել, բայց առանց նրա, ով ի դեպ, երիտասարդ տարիներին նաև հեղինակություն էր, արդար չէր լինի խոսել ստեփանակերտցիների մասին։

Հին սերնդի (ովքեր ծնվել էին 1920-30-ական թվականներին) ազդեցիկ հեղինակություններից էր Զվեր Էդոն, ով ադրբեջանցիների ահուսարսափն էր․ երեք հոգու հետ կոնֆլիկտ էր ունեցել, սպանել նրանց ու դատապարտվել գնդակահարության․ ինչից առաջ ասել է իր մտերիմներին․
-Մի վշտացեք, ինձանով ոչ սկսվել է այս աշխարհը, ոչ էլ կավարտվի․․․

Ավագ սերնդի հեղինակավոր անձնավորություններից էր օրենքով գող «Դուռակ Վանիկը» (ցավոք, անունն ու ազգանունը չեմ կարող նշել), ում անունը 50-60-ականներին թնդում էր Այսրկովկասում։ Հեղինակավոր էին նաև «Կյող Բորիկը» (Բորիս Երեմյան), «Կյող Աբոն» և «Կարդինալը»։

Երկրորդ սերնդի (որ հիմնականում ներկայացնում են 40-60-ականներին ծնված ստեփանակերտցիները) առավել հայտնի ու ազդեցիկ ներկայացուցիչներից էին «Հերկուլեսը» (1973 թե 74 թվականին նրան ատրճանակի կրակոցով կսպանի տեղացի միլիցիոները), ում մասին ժամանակին պատանեկությունն ու երիտասարդությունը լեգենդներ էր հյուսում, «Չանթա Բոկան»


(մեծ հեղինակություն և ազդեցություն ուներ ոչ միայն Ստեփանակերտում, այլև շրջակայքի ադրբեջանական քաղաքներում․ շատ խարիզմատիկ, իր արտաքինի նկատմամբ շատ պահանջկոտ, միշտ կոկիկ հագնված տղամարդ էր․ մի հետաքրքիր առանձնահատկություն ուներ նա՝ խոսում էր ոչ թե Արցախի բարբառով, այլ՝ գրական հայերենով․ Ստեփանակերտում հայտնի մարդկանցից մեկը պատմել է, որ մի անգամ Բոկան բարկացել է մեկի վրա ու ասել․ «Գնա՛, էստեղից, ես քո պապայի կոշիկները․․․»։

-Բոկա, կոշիկները հինչա՞,-հարցրեցինք նրան։

-Վընամաննեն (ոտնամանները),- պատասխանեց։ Պատանեկության տարիներին նա քաղաքի լավագույն չմշկորդն էր և սահում էր ոչ թե առջևում կլորացող, այլ իսկական մարզական չմուշկներով՝ անցնելով «Պիտաչոկից» մինչև «Բազարին թաղ»․ հենց այս հատվածում էին սահնակ ու դահուկ քշում ստեփանակերտցիները 1960-ականներին։

1986 թվականին Բոկան զոհվեց «Ղարաբաղ» ռեստորանում՝ ստեփանակերտցի «Կալբաս Էդոյի»՝ հրացանից արձակված կրակոցի արդյունքում),


«Զավադսկոյի Հաչոն»՝ Հրաչիկ Սարգսյանը (նույնպես շատ ազդեցիկ էր, բաքվեցի եղբայրներ՝ հռչակավոր օրենքով գողեր Օգանով եղբայրների՝ Ռուդիկի և Վաչկոսի մտերիմն էր․ նրա որդու ծննդյան տոնակատարությանը Բաքվից ժամանած եղբայրներն իրենց հետ բերել էին նաև հանրահայտ երգիչ Բորիս Դավիդյանին՝ Բոկային․ 1982-ին մի խումբ երիտասարդներ կռվել էին ու գնացել նրա մոտ՝ «ռազբորկայի»․ Հրաչիկն ասել է՝ խի՞ եք կռվում՝ ուժի ավելցուկ կա՝ գնացեք գործարաններում աշխատեք ու նաև պատվիրել խիստ՝ գնացեք անտառում արեք ձեր կռիվը, Ստեփանակերտը քաղաք է), Լալան (ֆուտբոլիստ էր), Էդիկ Սարգսյանը («Մարկարով», ԼՂՀ ԱԺ երկու գումարումների պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Սարգսյանի հորեղբայրն էր), «Մուրադիկը»


(հետագայում հայտնի պետական-քաղաքական գործիչ, Արցախի պարետ, ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, հրապարակախոս Մուրադ Պետրոսյանը, ով, ինչպես պատմում են, հեռացվել է Երևանի Պետական համալսարանից ընդհատակյա պայքարի ու զենք-զինամթերք պահելու համար․ 1988-ի մայիսին հենց նա է ինձ ու ցեղակրոնների առաջնորդ Հակոբ Խաչատրյանին (Ամոքի) ծանոթացրել Ստեփանակերտ ժամանած Վանո Սիրադեղյանի հետ), Օգանով Ռուդիկը (կարճ ժամանակով օրենքով գող է եղել, երկար ժամանակ եղել է Ռուսաստանում, հայրենի Ստեփանակերտ վերադառնալով, բուռն կերպով է ինքնադրսևորվել, ինչը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել անգամ յուրայինների շրջանում),
«Շալյավը» (գործարար ու ավանդապահ գերդաստանի նահապետ Սլավա Սարգսյանը),


«Բազարին թաղեն Չեպեն», ով կոշկագործ էր, հայտնի զվարճախոս ու էլ ավելի հայտնի գարեջուր խմող, Օգանով Սլավիկը, Աղայան Սամվելը (առանց չափազանցության, Արցախի բոլոր ժամանակների ամենաազդեցիկ, սիրված ու հարգված տղամարդկանցից էր, նրան առանձին անդրադարձ կլինի), «Փիշկան» (անչափ ազդեցիկ ու սիրված էր, դատապարտվել էր Ստեփանակերտի հրապարակում երեք ադրբեջանցու վրա նռնակ նետելու պատճառով), «Ժագա Աբոն» (Փիշկայի եղբայրն էր, 1967 թվականի հուլիսին դատից հետո Բերդաշենցի մանուկին բռնաբարած ադրբեջանցուն տանող միլիցիայի մեքենան շուռ տված ու կրակի տվածներից մեկն էր՝ «Բազարին թաղի Երմակի» հետ, ինչի պատճառով դատապարտվել էր գնդակահարության, բայց պատիժը փոխարինվել էր 15 տարվա ազատագրման՝ մոր՝ Աստղիկի՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին դիմելուց հետո), «Թոչին», Պարգևը, Ալբերտ Սարգսյանը՝ «Սնղչի Կրիքորին տղան»՝ արդեն հիշատակված «Զավադսկոյի Հաչոյի» եղբայրը», Վլադիկ Ղազարյանը, ով մարզիկ էր, Ռուդիկ Ստեփանյանն (ֆուտբոլիստ) ու Օգանով Ջոնիկը, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել 1967-ի՝ վերը նշված հուլիսյան օրը (Ջոնիկը դատապարտվել է գնդակահարության, բայց վճիռը փոխարինվել է 15 տարի ազատազրկմամբ), Վանյա Հարությունյանը՝ «Ցորեն Սաշկի»՝ Ալեքսանդր Հարությունյանի հայրը, «Բանվորական թաղեն Սաշիկը», Գոգոն, Արգոձիկը, «Կրասնի Գենան», «Լիպիստոկը», «Ձախ Աբոն», «Կիչան Բորյան»,

«Ռիժի Արտյոմը», Բաղդասարով Արթուրը, Շիրինը, Չանթա Դավիթը, Օգանով Պեպոն, «Աֆերիստ Գրիշան», «Շուտնիկ Աբոն», «Բոյնուն Սլավիկը», «Նիյազը», «Ղուշը», «Յոսկան», «Խախլատին» և այլոք։

Ավելի նոր սերնդի ներկայացուցիչներից քաղաքում սիրված ու ազդեցիկ էին Արթուր Դանիելյանը՝ «Դանին», Էդիկ Ավանեսյանը՝ «Պրոֆեսորը»՝ զարմանալի սկզբունքային, ազնիվ ու անչափ մեծ ռիսկի տեր մի մարդ, Ռաֆիկ Աղամյանը, ով նաև կարգին մտավորական էր՝ հրապարակախոսական մի շարք հոդվածների հեղինակ, Ժանիկը՝ հայտնի ֆուտբոլիստ Ժան Ապրեսյանը, Աշոտ Պողոսյանը, Կամո Ստեփանյանը՝ «Տեխնիկոմեն Կամոն»,

ով հայտնի էր իր մեծ պարկեշտությամբ ու բարությամբ, Ակսել Ավանեսյանը՝ «Տեխնիկոմեն Ակսելը»՝ հայտնի բանաստեղծ Արմեն Հովհաննիսյանի որդին, «Արջ Արարատը», «Գիշոն», «Խուժան Արթուրը», «Կուդրի Կարենը», «Խուժան Ռաֆոն», «Սև Աբոն»՝ Ալբերտ Հայրապետյանը,


«Ճաղար Արթուրը», «Շուշվա Վաչոն»՝ Վաչագան Իշխանյանը, «Կարվինին Ռիժի Արտյոմը», հետագայում ԼՂՀ ՆԳ նախարար և Ստեփանակերտի քաղաքապետ Կարո Բաբայանը՝ Սամվել Բաբայանի եղբայրը, Արմեն Չալյանը՝ «Չալին», «Մոդան»՝ Արմենը, «Ծիլի Աշոտը», «Մասկովսկի Գառնիկը»՝ Գառնիկ Առստամյանը, «Կուճի Նեսին», «Քիրսին Սամոն», «Լայկա Աշոտը»,


«Աբելը», «Բախշուն Սուրիկը», «Օգանով Ամոկան», և այլոք։

Երկու խոսք Կարեն Հակոբյանի՝ «Կարկաժի» մասին։ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի շրջանավարտ է։ Իմ սերնդի ամենաազդեցիկ երիտասարդներից էր, եթե ոչ ամենաազդեցիկը։ Մեկ անգամ չէ, որ պատժել էր քաղաքում լկտիության փորձեր անող աղդամեցի ջահելներին։ Մի անգամ, նույնիսկ, քիչ էր մնում քրեական գործ հարուցվեր, բայց մեր բախտից Ստեփանակերտի քաղաքային միլիցիայի բաժնի պետն Արմո Աբրահամյանն էր՝ «Չանա Արմոն»՝ հայրենասեր ու ավանդապահ մի հայ տղամարդ։

Ցավոք, Կարենի հերոս որդին, որ հատուկջոկատայինների ստորաբաժանման հրամանատար էր, անհետ կորել է 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմում։

Երբ 1988-ին սկսվեց Շարժումը, նրանցից շատերը վճռորոշ դերակատարություն ունեցան, շատերը նաև պատերազմին մասնակցեցին։ Այն էլ՝ ինչպե՜ս․ օրինակ, «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանի ասպետ «Կուդրի Կարենը»՝ Կարեն Առաքելյանը, լեգենդար Խաչենի գումարտակի հիմնադիրներից էր, նրա հրամանատարը․ զոհվեց 1992-ին։

«Մարտական խաչ»-ի ասպետ Աշոտ Պողոսյանը դարձավ ՊԲ ԶՀՀԳ գնդի հետախուզության պետ, հրամանատարի տեղակալ, Մոտոհրաձգային գնդի հրամանատար, առանձին հետախուզական զորամասի հրամանատար, Մարտակերտի Պաշտպանական շրջանի շտաբի պետ։ Հետո ավարտեց Ֆրունզեի անվան ակադեմիան, դարձավ ՀՀ ՊՆ վարչության պետի տեղակալ։



Մոտավորապես նույնպիսի փառավոր ճանապարհ են անցել նաև նշվածներից շատերը։

Լուսանկարներում՝ ըստ հերթականության․ «Չանթա Բոկան», «Օգանով Ռուդիկը», «Կիչան Բորյան», «Մուրադիկը», «Կարկաժն» (ձախից) ու Շալյավը» (կենտրոնում), Աշոտ Պողոսյանը (կենտրոնում), Կամո Ստեփանյանը (աջից), Ալբերտ Հայրապետյանը՝ «Սև Աբոն», «Կալբաս Էդոն», և «Լայկա Աշոտը»։

Շարունակելի

Կարեն Միրզոյան

Նախորդ ակնարկը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

16:49 «Բայց սահմանին ձեզի կբռնեն ու կուղարկեն Ադրբեջան»․ դեպք Անձնագրայինում
12:59 Արփինե Հովհաննիսյանի ամուսնու մասին՝ օգտատիրոջ գրառումը հաստատելու համար դատում են ֆեյսբուքյան խմբի ադմինին
08:10 Փաշինյանը հորդորել է սպառնալ պատերազմով․ Հրապարակ
12:30 Նիկոլին մոտեցած բոլոր մարդիկ ուղղորդված են եղել, «պռոստը տակ» իրան անհնար է մոտենալը. գյումրեցի ակտիվիստ
13:11 Վնասազերծվել է Վանաձորում 28-ամյա տղամարդու սպանության գործով կասկածյալներից մեկը. ոստիկանը հոսպիտալացվել է․ shamshyan.com
10:28 Արարատում 13-ամյա տղան ինքնասպան է եղել. նրան գտել են տան տանիքում՝ առաստաղից կախված. shamshyan.com
08:42 Ոստիկանությունը լցվել է գյուղ․ ինչ է կատարվել Փարաքարում․ Հրապարակ
20:12 Դեմ չենք թուրքերի հետ հարևանություն էնելուն. Բայանդուրի բնակիչ
23:47 Հատուկ ջոկատայինները Երևանի Թումանյան փողոցում «ասֆալտին են փռել» ԱԺ պատգամավորներից մեկի անվտանգության աշխատակիցներին. shamshyan.com
15:00 Փաշինյանը 200 ախրանիկով ման գուկա. էդ ո՞վ կռնա մոտիկնա, մի հատ էլ հարց տա. հարցում Գյումրիում