Յուրաքանչյուր կայացած ու կարգին քաղաքի նման, Ստեփանակերտն էլ ուներ իր ռեստորանները, սրճարաններն ու հասարակական սննդի կազմակերպման կետերը։
Գլխավորը, բոլորի մեջ, իհարկե, «Ղարաբաղ» ռեստորանն էր, որ գտնվում էր նույնանուն հյուրանոցի առաջին հարկում (արդեն անկախ Արցախի ժամանակ շենքի այդ հատվածը չկար, մյուսում տեղակայվել էր «Արցախբանկը»)։ Հենց այստեղ, 1973 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմավորման 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված բանկետին, մարզի ակտիվին դիմելով՝ Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը կասի իր բազմանշանակ ու թունոտ կենացը։
Այստեղ նաև նվագախումբ կար, որը զարդարում էր ջութակահար Բորիսը։ Խոհանոցը, բնականաբար, ավանդական արցախյան էր ու բարձրակարգ, չնայած, երբեմն, մատուցողները նաև անբարեխիղճ էին լինում՝ կախված նրանից, թե ովքեր էին հաճախորդները։
Ռեստորանում, սովորաբար, կարող էիր տեսնել Ստեփանակերտում և շրջակայքի ադրբեջանական քաղաքներում մեծ հարգանք վայելող և կշիռ ու ազդեցություն ունեցող ստեփանակերտցի քյառթուներին՝ «Չանթա Բոկային», «Շալյավին», «Զավադսկոյի Հաչոյին», «Օգանով Ռուդիկին» (չշփոթել բաքվեցի օրենքով գող Օգանով եղբայրներից ավագի հետ), «Բանվորական թաղի Սաշիկին», «Կիչան Բորյային», Պարգևին, Բաղդասարով Արթուրին և այլոց։ Նրանց կարող էիր տեսնել նաև մեծ հաճախելիություն ունեցող այլ վայրերում, որոնք սովորական խորովածանոցներ էին, սակայն իրենք՝ ստեփանակերտցիները, «պավիլյոն» էին անվանում։ Դրանք էին՝ «Հոռեն տակը» (ուռենու տակ), «Օտդըխը» («Տատիկն ու պապիկը» հուշարձանի հենց հանդիպակաց մասում), Խնածախի ճանապարհի վրա գտնվող «պավիլյոնը»։ Կար նաև «Գարուն» ռեստորանը (Ալեք Մանուկյան փողոցի վերջնամասի հարևանությամբ հինգհարկանի՝ «Գարունեն շենքի» առաջին հարկում), որը, սակայն, անհրաժեշտ ընդունելություն չէր գտել ստեփանակերտցիների մոտ։
Այնտեղ, սովորաբար, գնում էին գարեջուր խմելու։ Բայց գարեջուր խմելու համար առավել ընդունված ու սիրված վայր էր «Ծիծեռնակը», որ գտնվում էր ЦОР-ի՝ կենտրոնական պաշտպանական շրջանի կայազորի մոտ։ Բուֆետապանն այստեղ հանրահայտ «Ծիծեռնակեն Աբոն» էր՝ Ալբերտ Առուստամյանը՝ քաղաքում հայտնի՝ շուշքենդեցի Գավոյի եղբայրը։ «Ծիծեռնակը» նաև խորովածանոց էր, մանավանդ՝ վերջին շրջանում։ Այսպիսի օբյեկտներ էին նաև «Քիրսը», (գտնվում էր վաղուց քանդված «Օկտյաբր» կինոթատրոնի մոտ՝ թատրոնի մոտակայքում), «Կարկառը» (գտնվում էր հայտնի «Շուշվա ուգլ»-ում՝ Ստեփանակերտ մտնելուց), «Բաշիրոկը» (ավտոկայանի հարևանությամբ, որտեղ, ինչպես Հրայր Բաղդասարյանն էր ասում, զարմանալի համեղ էին մատուցվող կոտլետները և, անգամ, միայն իրենց հայտնի ռեցեպտով պատրաստվող վերմիշելը), «Վասմոյ ստալովին»՝ Թումանյան փողոցի վերևում և շուկայի՝ Գիրոյի խորովածանոցը։ Սրանք, սակայն, առանձնպես ընդունված վայրեր չէին, ի տարբերություն նշվածների, և այստեղ հաճախ կարող էիր տեսնել նաև Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ու գյուղտեխնիկումի ուսանողների և Արցախի տարբեր գյուղերից եկած տղամարդկանց։
Ստեփանակերտի սրճարանների մեջ, անշուշտ, ամենահարգին և ընդունվածն «Արագիլն» էր, որ գտնվում էի քաղաքային զբոսայգում։ Նրա տանիքին էլ պարահրապարակն էր՝ «տանցպլաշչադկան», որտեղ ժամանակին իսկապես բարձրակարգ երաժշտություն էր մատուցում «Ղարաբաղ» էստրադային համույթը՝ Հենրիխ Բարխուդարովի գլխավորությամբ։ Ավելորդ չէ նշելը, որ համույթն իր ելույթներով ջերմ ընդունելության է արժանացել նաև ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Պարահրապարակում տիրող մթնոլորտը, առանց չափազանցության, այն աստիճանի էր հիանալի, որ կարող էր թվալ, թե բեմադրված է։ Ոչ մի ավելորդ արարք և հույզ, եթե, անգամ, պարահրապարակ էին այցելել առաջին հարկում շամպայն վայելած խենթ երիտասարդները, նույնիսկ՝ այստեղ հազվադեպ այցելող սովետական բանակի ռուս սպաները։ Ստեփանակերտցիները մի ուրիշ սիրով էին սիրում իրենց քաղաքը։
Ի դեպ, 1987 թվականի մայիսին, երբ ընկերներիս՝ Էդիկ Ավանեսյանի, Արթուր Մինասյանի ու Վազգեն Գյագունցի հետ ես էլ այցելեցի պարահրապարակ, հերթական երաժշտության ավարտից հետո բարձրախոսն ավետեց․ «Հարգելի ստեփանակերտցինե՛ր, ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր առավոտյան ծնվել է Ստեփանակերտի քառասունյոթ հազարերորդ քաղաքացին»։
Առաջին հարկը նույնպես մշտապես մարդաշատ էր։ «Արագիլը» մի այլ տեսակի սիրված վայր էր։ Չնայած մի կողմից տաքարյուն և ազդեցիկ երիտասարդներն էին նրա մշտական այցելուները, ովքեր շամպայնը երբեմն արկղերով էին խմում, մյուս կողմից էլ այստեղ կարող էիր նաև զույգերի հանդիպել։ Ու միշտ ամեն ինչ հարթ էր ընթանում, տղաներն իրենց չափի մեջ էին պահում, որովհետև համարում էին, որ ուժեղ տղամարդն այդպիսին պիտի լինի։ Այստեղ հաճախակի էին լինում քաղաքի երիտասարդների մեջ մեծ կշիռ ու ազդեցություն ունեցող Կարեն Հակոբյանը՝ «Կարկաժը», նրա եղբայրը՝ Կառլոսը, «Սև Աբոն», «Գագուլիկը», հետագայում հայտնի երգիչ Օլեգ Բաբախանյանը, Արթուր Վարդանյանը, «Ծիլի Աշոտը», «Լախկա Գարիկը», «Բազարին թաղին Ժագան» (խոսքը Սամվելի մասին է և ոչ թե մյուս՝ Ժագայի՝ «Փիշկայի» եղբոր) և այլոք։
1986-ի կողմերը նոր սրճարան էր բացվել «Կոլցեվոյ»-ում՝ դեպի Ասկերան տանող ճանապարհի վրա գտնվող երկու իննհարկանիներից ձախի առաջին հարկում (հետագայում այդտեղ կտեղակայվի «Արարատ բանկ»-ի մասնաճյուղը)։ Սրճարանը «Երիտասարդական» էր կոչվում։ Ամեն ինչ բարձր մակարդակի էր՝ անգամ «Բրեյք դանս» ու «Ռոբոտ դանս» պարողներ կային ու՝ շատ վարպետորեն, ինչը շատ ակնահաճո էր։ Հետո այդտեղ խինկալիանոց բացվեց։ Ու դա ևս շատ լավ էր կազմակերպված․ մատուցվող կերակուրը բարձրակարգ էր, սակայն ոգելից խմիչքներն արգելված էին։
Թեկուզ թեմայից դուրս, բայց արժե հիշատակել նաև «Ղարմետաքսկոմբինատի» դիսկո սրահը, որը, թերևս լավագույնն էր Արցախում և այն ժամանակների համար բացառիկ կերպով էր ձևավորված ու հագեցած էր ամենաբարձրակարգ տեխնիկայով։ Սկսած 1987-ից, այստեղ իրենց միջոցառումներն էին անցկացնում Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողներն՝ իրենց համակուրսեցիների հետ՝ փետրվարի 23-ին, մարտի 8-ին և այն ժամանակ ընդունված այլ տոների, իսկ շատ հաճախ, պարզապես՝ անառիթ։ Որքան հիշում եմ, այդ պրակտիկայի սկիզբը դրվեց ինստիտուտի ուսանող Վազգեն Գյագունցի նախաձեռնությամբ։
Լուսանկարներում՝ 1987 թվականին մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպված՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողների միջոցառումը՝ «Ղարմետաքսկոմբինատ»-ի դիսկո սրահում։



Շարունակելի
Կարեն ՄիրզոյանՆախորդ ակնարկը՝
այստեղ։