Ուղիղ եթեր
Ոչ մի օր՝ առանց Արցախի․ Անուրջների քաղաքը․ մաս II
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի․ Անուրջների քաղաքը․ մաս II

Ներքին 1 ամիս առաջ - 23:00 07-03-2025
Պետք է ասել, որ ստեփանակերտցիներն առանձնանում էին բացառիկ օրինապահությամբ ու կազմակերպվածությամբ, ինչի արտահայտություններից էր այն, որ քաղաքը միշտ մաքուր էր։

Ստեփանակերտցիները մի ուրիշ մեծ արժանիք էլ ունեին՝ այստեղ վաղուց էր ձևավորված հերթ կանգնելու կուլտուրան։ Նաև զիջել ու հարգել գիտեին մեծերին․ շատերն էին կարող ականատես լինել, թե ինչպես են գաստրոնոմների մոտ կաթի համար հերթ կանգնած մարդիկ առաջ թողնում տարեցներին։

-Բաբո, վեչինչ, կարևորը տուվս, տու՛ ածե,- կլսեիր հերթ կանգնած երիտասարդներից։
-Բաբոն ծըզ մատաղ,- գորովալից հնչում էր երախտիքի խոսքը։

Իսկ երկու շաբաթը մեկ քաղաքի մի ստվար հատվածը շարժվում էր դեպի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտ (այն ժամանակներում ստադիոնը տեղավորում էր մինչև տասհինգ հազար հանդիսատես), որտեղ ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի 9-րդ գոտու առաջնության խաղերում աշխարհում երևի թե ամենաանտեր թիմը՝ Ստեփանակերտի «Ղարաբաղ»-ը, ուրախություն ու բերկրանք էր պատճառում իր հազարավոր երկրպագուներին։

Իսկ անտեր էր ահա թե ինչ իմաստով․ 9-րդ գոտում հանդես էին գալիս հայկական («Շիրակ» Լենինական, «Կոտայք» Աբովյան, «Սպարտակ» Հոկտեմբերյան, «ՖԻՄԱ»), վրացական («Դինամո» Բաթումի, Վրաստանի ղեկավար Շևարդնաձեի կողմից հովանավորվող՝ «Գուրիա» Լանչխութի, «Կոլխեթի» Փոթի) և ադրբեջանական (Կիրովաբադի «Քյափազ», Բաքվի «Ավտոմոբիլիստ», Նախիջևանի «Արազ») թիմերը՝ գումարած նաև Թուրքմենիայի մայրաքաղաք Աշխաբադը ներկայացնող «Կոլխոզչի»-ն և անդրկովկասյան էլի մի քանի թիմեր։

ԽՍՀՄ ժամանակներում ֆուտբոլում կոռուպցիայի մասին հայտնի է լայնորեն։ Անգամ բարձրագույն խմբի թիմերը՝ Կիևի «Դինամոն», Թբիլիսիի «Դինամոն» ու մոսկովյան թիմերն էին խառնված պայմանավորված խաղերում (այդ մասին նաև հրապարակում էր եղել, որտեղ ասվում էր, թե հատուկ մրցավարներին նվերներով «խրախուսելու» համար, ամենատիտղոսակիր թիմերից մեկն անգամ բազա ուներ), ինչի պատճառով 80-ականների սկզբից սկսվեց կիրառվել, այսպես կոչված, լիմիտը ոչ-ոքիների վրա։ Եվ ահա՝ բոլոր արտագնա խաղերում՝ թե՛ Հայաստանում, թե՛ ադրբեջանական բոլոր քաղաքներում, «Ղարաբաղը» դիտարկվում էր որպես ոչ յուրային՝ չխոսելով արդեն Վրաստանի ու Թուրքմենիայի մասին։

Թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ 9-րդ գոտու լավագույն պաշտպան, երջանկահիշատակ Վարուժան Բաբայանը մի անգամ հետևյալը պատմեց, երբ վերադարձել էին Աշխաբադից․
-Գրեթե ողջ խաղի ընթացքում, երբ մեր տղաներն անցնում էին մրցակցի կիսադաշտն ու գրոհ սկսում, եզրային մրցավարն իսկույն բարձրացնում էր դրոշակը՝ գրանցելով խաղից դուրս՝ սադրելով ոչ ստանդարտ, անընդունելի արարքների։ Ինչ անես՝ ոչ կարող ես խփել, ոչ․․․ մնում է համակերպել ոչ-ոքիի հետ․․․

Այդպես էր ամենուր։

Ավելին, անարդար մրցավարությունը տեղ ուներ, նույնիսկ, ստեփանակերտյան հանդիպումներում, ինչը, երբեմն, հանգեցնում էր լուրջ անախորժությունների, ինչպես եղավ 1987-ին, երբ Ստեփանակերտ էր եկել խմբի առաջատար Կիրովաբադի «Քյափազ»-ը, որը հավակնում էր անցնելու առաջին լիգա և նախորդ տարի ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում հասել էր մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ միայն 1-2 հաշվով պարտվել էր գերհզոր Կիևի «Դինամո»-ին, որն այդ տարի նվաճել էր եվրոպական երկրների գավաթակիրների գավաթը՝ եզրափակիչում 3-0 հաշվով հաղթելով Մադրիդի «Աթլետիկո»-ին, իսկ թիմի հարձակվող Իգոր Բելանովն էլ դարձել էր Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ արժանանալով «Ոսկե գնդակի»։

Մրցավարն ամեն ինչ արեց, որ բախում լինի խաղացողների միջև ու հասավ իր նպատակին։ Բայց կրքերը հանդարտվեցին, և մերոնք հաղթեցին 3-1 հաշվով։ Որքան հիշում եմ՝ մինչ այդ Կիրովաբադում կայացած խաղերից մեկում իրենք ջարդել էին մեր թիմի պաշտպան Սլավա Գաբրիելյանի ոտքը։

Այսքանից հետո մերոնք այնքան լավ էին խաղում, որ, օրինակ, 1979-ին խմբում գրավել էին երրորդ տեղը՝ 46 խաղերից հաղթելով 29-ում՝ առաջին տեղը գրաված՝ անձամբ Շևարդնաձեի «Գուրիա»-ին զիջելով ընդամենը երեք միավոր։ Ու դա այն դեպքում, որ մեր փոխարինողների նստարանը կարճ էր։

Պետք է ասել, որ այդ մրցաշրջանում թիմի կազմն ուժեղացվել էր Երևանի «Արարատ»-ում իրենց կարիերան ավարտած մեր երկու անվանի ֆուտբոլիստներով․ թիմ էին եկել Հովհաննես Զանազանյանն ու Սուրեն Մարտիրոսյանը, որոնց, ինչպես վկայում էին, ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովը տրամադրել էր մեքենաներ․ որքան հիշում եմ՝ Զանազանյանին՝ «Վոլգա» ԳԱԶ-24, Մարտիրոսյանին՝ ՈւԱԶ-469՝ ժողովրդի մեջ «Վիլիս» անունը ստացած։

Ասենք նաև, որ նույն աղբյուրների պնդմամբ, մեքենաները, պարզապես, արտահերթ տրամադրվել էին մեր անվանի ֆուտբոլիստներին, որոնք պետական գներով վճարել էին դրանց դիմաց (նոր սերնդի ներկայացուցիչների համար պարզաբանենք․ ԽՍՀՄ ժամանակներում մեքենա ձեռք բերելու համար անհրաժեշտ էր երկար տարիներ սպասել, մինչև կգար քո հերթը)։

-Շատ հաճախ խաղից հետո շատերս ստիպված էինք տուն գնալ զարտուղի ճանապարհով՝ խուսափելու համար մեր երկրպագուների ողջագուրանքներից ու հույզերից,-պատմում է թիմի հարձակվող Սարգիս Աղաջանյանը։ Ստեփանակերտը ֆուտբոլով էր ապրում։

Մինչ այդ, 1977 թվականին, «Ղարաբաղ»-ն ավելի քան համոզիչ կերպով հաղթել էր Ադրբեջանի առաջնությունում՝ հռչակվելով չեմպիոն։ Չեմպիոնական թիմի հարձակվողներից էր հետագայում Ռուսաստանում չափազանց ազդեցիկ, մեծ հեղինակություն և ազդեցություն ունեցած Գագիկ Գալստյանը՝ «Սվերդլովսկի Գագոն», ով սկզբից ապրել է Պերմում, հետո՝ Եկատերինբուրգում (նրան հաջորդիվ կանդրադառնանք ավելի մանրամասն)։

Լուսանկարում 1977-ին Ադրբեջանի չեմպիոն՝ Ստեփանակերտի «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմն է։ Առաջին շարքի կենտրոնում՝ նստածների մեջ, Գագիկ Գալստյանն է՝ «Սվերդլովսկի Գագոն»։

Շարունակելի․․․

Կարեն Միրզոյան

Նախորդ ակնարկը՝ այստեղ։


Ձեզ գուցե հետաքրքրի