Այս հրապարակումը Ստեփանակերտի՝ մի այլ Ստեփանակերտի մասին է լինելու՝ մինչշարժումյան ժամանակաշրջանի․ նրա սրճարանների, ռեստորանների, պարահրապարակի, բակային խաղերի, ֆուտբոլի, մարզական հաջողությունների, բիլյարդանոցների, կինոթատրոնների, թատրոնի ու հրաշալի, քյառթու տղաների ու պարզապես քաղաքում սիրված ու հարգանք վայելող տղաների մասին, որոնցից շատերը մեծ ներդրում են ունեցել Արցախյան շարժման ու հաղթական պատերազմի ժամանակ։
Ի դեպ, քյառթուների առնչությամբ․ կարծես մի տեսակ տաբու կա՝ ընդունված չէ խոսել մեր հասարակության այդ հատվածի մասին, բայց հատկապես Ստեփանակերտի պարագայում նրանք առանձնահատուկ կոլորիտ ու համուհոտ են հաղորդել քաղաքին՝ ամբողջացնելով կայացած ու հարուստ ավանդույթներով քաղաքի պատկերը, առավել ևս, որ քմահաճ ճակատագրի առաջադրած մարտահրավերը նրանից շատ-շատերը փայլուն են հաղթահարել՝ դառնալով համաքաղաքացիների հպարտության առարկան։
Երեք սերունդ ներկայացնող մարդկանց մասին է խոսքը, որոնք ապրել են Ստեփանակերտում՝ 1960-ականներից մինչև մեր օրերը։ Նրանցից ոմանք դառն ու դրամատիկ, հաճախ՝ ողբերգական ճակատագիր են ունեցել։
Որոշները, հետագայում, կայացել են որպես գործարարներ, ոմանք անվանի մարզիկ են դարձել, ոմանք համալրել են Պաշտպանության բանակի շարքերը, այնուհետև իրենց ծառայությունը շարունակել են ՀՀ-ում, մյուսները բնակության են տեղափոխվել այլ երկրներ, իսկ մի մասն էլ, պարզապես, գեղեցիկ ու ավանդապահ ընտանիքների հայրեր ու պապիկներ են դարձել։
Քաղաքային մթնոլորտի ընդհանուր պատկերին զուգահեռ, մենք կներկայացնենք նաև դիմանկարներ՝ որոշ՝ առավել հայտնի ու ազդեցիկ ստեփանակերտցիների կանդրադառնանք առավել մանրամասն։
Նյութում անդրադարձ կլինի նաև ստեփանակերտյան առօրյայի այլ արժանահիշատակ բազմաթիվ պահերի։
Ստեփանակերտն անուրջների քաղաք էր՝ իր քաղաքային բարձր մշակույթով (ինչին երբեք չհասան շրջակայքի ադրբեջանական քաղաքները), սոցիալ-մշակութային յուրահատուկ շերտերով ու հարուստ պատմությամբ։
Եթե արտերկրում իրար էին հանդիպում կայացած ու ազդեցիկ երկու արցախցի, սովորաբար հնչում էր այսպիսի հարց․
-Շտղան ը՞ս։
Եթե պատասխանը լինում էր՝ «Քըղաքան ըմ»,- նշանակում էր, որ Ստեփանակերտից էր, քանի որ աշխարհում, առաջին հերթին, քաղաքը Ստեփանակերտն է։
Քաղաքը մարզի գյուղերի հետ շատ ամուր կապի մեջ էր մի առանձնահատկությամբ․ Ստեփանակերտի ավտոկայանից ուղերթներ կային գրեթե բոլոր գյուղեր՝ Մեծ Թաղերից ու Տողից մինչև Առաջաձոր ու Չափար, Ճարտարից ու Գիշիից մինչև Շուշի ու Նորագյուղ։
Ու քաղաքային ավտոկայանը մշտապես լիքն էր մարդկանցով, և այս պատկերին առանձնահատուկ փայլ էին տալիս սիրահար զույգերը՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի և գյուղատնտեսական տեխնիկումի տղաները ճանապարհում կամ դիմավորում էին իրենց երազների թագուհիներին։
Կային նաև Ստեփանակերտ-Կապան և Մարտակերտ-Սիսիան երթուղիները․ վերջինը գրվում էր մի տեսակ աղավաղված՝ Мардакерт, ինչպես որ աղավաղված էր գրվում Ստեփանակերտից Ճարտար մեկնող ավտոբուսի ցուցանակին՝ Степанакерт-Чертаз:
Պետք է ասել, որ առանձնահատուկ կապ կար Ստեփանակերտի ու Կապանի միջև․ դա արտահայտվում էր նրանով, որ սկսած 1970-ականների վերջերից, բազմաթիվ ստեփանակերտցի պատանիներ ու երիտասարդներ մեկնում էին ուսանելու Կապանի շինարարական տեխնիկումում։
Ու դժվար գտնվեր այդ տարիներին որևէ երիտասարդ ստեփանակերտցի, որ Կապանում ուսանած ծանոթ չունենար։
Շարունակելի
Կարեն Միրզոյան