copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:45 10-11-2022

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը կենսական անհրաժեշտություն է. Ստեփանակերտից արձագանքում են Ալիևի հայտարարություններին

Արցախի Հանրապետության նախագահի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքով դեպի Արցախ ռազմատեխնիկայի տեղափոխման՝ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, ՌԴ խաղաղապահ առաքելության դեմ ուղղված Ադրբեջանի պաշտոնական և տեղեկատվական շրջանակների որոշ մեղադրանքներին, 2022 թվականի նոյեմբերի 8-ին Իլհամ Ալիևի կողմից Շուշիում հնչեցրած ակնարկներին ու ագրեսիվ հայտարարությունների նարատիվներին:

– Տիկին Բաղդասարյան, օրերս ադրբեջանական կողմը լուր է տարածել, թե իբր Լաչինի միջանցքով զինտեխնիկա է տեղափոխվում Արցախ: Հատկանշական է, որ դա տեղի ունեցավ Սոչիի հանդիպումից հետո: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված նման լուրի շրջանառումը, ինչի՞ են ցանկանում դրանով հասնել:

– Ադրբեջանը փորձում է ամեն գնով հասնել միջանցքի նկատմամբ վերահսկողության: Արցախի Հանրապետության պաշտոնական շրջանակներն այս լուրը հերքել են, թեման զարգանալու դեպքում հերքման անհրաժեշտություն կարող է լինել նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ որպես նրա պատասխանատվության գոտու նկատմամբ ակնհայտ ապատեղեկատվություն: Փաստ է, որ նույն նարատիվները Ադրբեջանը զարգացնում էր նաև միջանցքի նախկին ուղղության նկատմամբ. ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանը դիմել էր ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ՆԱՏՕ-ին, ՌԴ ԱԳՆ-ին, իբրև թե «Լաչինի միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելու» մասին: Ադրբեջանը հետևողական քաղաքականություն է վարում՝ բաց տեքստով ՌԴ խաղաղապահությանը մեղադրելով Արցախի Հանրապետության ռազմականացմանը նպաստելու մեջ: Ադրբեջանը զարգացնում է նոր միջանցքում անցակետերի տեղակայման ոչ լեգիտիմ դիսկուրսը, ինչպես նաև պնդում է «միջանցք՝ միջանցքի դիմաց» նարատիվը: Հատկանշական է, որ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո ՌԴ-ն ճանապարհային հաղորդակցություններին տվել էր «երթուղիներ» ձևակերպումը:

– Շուշիում 2022 թվականի նոյեմբերի 8-ին անդրադառնալով Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության թեմային՝ Ալիևն ակնարկել է, որ «Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են տեղակայվել, 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ այդ ժամկետը նշված է»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ենթատեքստեր է նման ակնարկը պարունակում:

– Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ուղղված էր Արցախի Հանրապետության նախագահի կողմից ՌԴ խաղաղապահների անժամկետայնության անհրաժեշտության մասին բազմիցս արված հայտարարություններին, այս տարվա հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի ընթացքում Արցախի ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությանը, ՀՀ կողմից խաղաղապահների ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին, «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահի պատասխանին, Սոչիում այս թեմայով քննարկումներին: Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ, որ այս թեման զարգանա:

– Նույն ելույթում Ադրբեջան նախագահը պնդել է, թե Հայաստանն Արցախից ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերը: Ըստ Ձեզ՝ ինչով է պայմանավորված իրականությանը չհամապատասխանող այս պնդումը , որն, ի դեպ, պարբերական բնույթ է կրում:

– Սա Ադրբեջանի՝ Հայաստանին ագրեսորի և օկուպանտի դերում ներկայացնելու հետևողական քաղաքականությունն է: Արցախի Հանրապետության կողմից բազմիցս հերքվել են այս հայտարարությունները: Արցախում ինքնապաշտպանական գործառույթ իրականացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը: Ավելին, 2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից հետո շփման գծի աշխարհագրական բարդությունները և ձգվածությունն, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումները պատճառ դարձան, որ ս.թ. մարտի 26-ին Արցախի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքով ՌԴ նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված պաշտոնական գրությամբ խաղաղապահ զորակազմի թվաքանակի ավելացման խնդիր դրվի:

– Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ակնհայտ սպառնալիքներ էին պարունակում: Մասնավորապես, ի՞նչն այդ առումով կառանձնացնեիք և ինչ հետևություններ պետք է անել դրանցից:

– Միջազգային հանրությունը ցանկության դեպքում կարող է քննարկել ելույթի մի շարք շեշտադրումներ. մասնավորապես, ներկայացվեց Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական «Փառուխ» և «Հատուցում» օպերացիաները՝ որպես ուժի կիրառմամբ նպատակներին հասնելու հաջողված միջոց, դա ուժի սպառնալիքի հերթական դրսևորում է: Ակնարկ արվեց ՀՀ տարածքում մի շարք օկուպացված բարձունքներ «հետագա «օգտագործման հնարավորությունների» մասին: Միջազգային հանրությունը, կարծում եմ, պետք է հաշվի առնի նաև իր հասցեին հնչած անհարգալից որակումները, և սա այն դեպքում, երբ նրանց շարքում առավելապես Ադրբեջանի դե յուրե գործընկեր կամ ռազմավարական դաշնակից պետություններն են: Ադրբեջանը շարունակում է խոսել վերջնագրերի լեզվով, նպատակ ունենալով ստիպելու կնքել խաղաղության պայմանագիր՝ սեփական օրակարգով: Իհարկե, սա ադրբեջանական կողմից նման բովանդակությամբ առաջին ելույթը չէ, սակայն սա հերթական ահազանգն է, որ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը կենսական անհրաժեշտություն է:

Ամենից շատ դիտված

17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի