Ներքին 6 ամիս առաջ - 18:23 08-12-2025

Մսի շուկայի վտանգները․ ինչպես Ամանորի համար անվտանգ մսամթերք գնել

Ամանորյա ամենածանրաբեռնված շրջանն է՝ մսի սպառումն աճում է։ Սակայն արդյո՞ք վստահելի է այն միսը, որը գնում ենք տոնական սեղանի համար։

Մեր հարցմանն ի պատասխան Սննդամթերքի ու անվտանգության տեսչական մարմինը տրամադրել է տվյալներ, որոնք միաժամանակ և՛ հուսադրող են, և՛ մտահոգիչ։

Մասնավորապես՝ Հայաստանում գործող սպանդանոցների մասին հարցին ՍԱՏՄ-ն ներկայացրել է հետևյալ պատկերը․

Ըստ ՀՀ-ում գրանցված գործող սպանդանոցների ցանկի՝ կենդանիների մորթը իրականացվում է՝

• Երևան – 6
• Արագածոտն – 11
• Արարատ – 14
• Կոտայք – 30
• Արմավիր – 16
• Գեղարքունիք – 9
• Լոռի – 14
• Շիրակ – 5
• Սյունիք – 7
• Տավուշ – 10
• Վայոց ձոր – 2

Թռչունների մորթ՝

• Արագածոտն – 2
• Կոտայք – 4
• Լոռի – 3
• Սյունիք – 3
• Արմավիր – 8
• Արարատ – 3
• Վայոց ձոր – 1
• Երևան – 2
• Գեղարքունիք – 1

Այս բաշխվածությունը ցույց է տալիս, որ հատկապես Կոտայքը, Արմավիրը և Արարատը ունեն ամենամեծ ծանրաբեռնվածությունը՝ Ամանորից առաջ սրանք են հիմնական մատակարարները լինելու։

Տեսչական մարմնի տվյալներով՝ 2024–2025 թվականներին դադարեցվել է 10 սպանդանոցի գործունեություն։
Պատճառները՝
• սանիտարահիգիենիկ լուրջ խախտումներն են,
• ՎՎՀԿԿ համակարգի (HACCP) բացակայությունը կամ ոչ պատշաճ աշխատանքը,
• սպանդի գործընթացը չտեսանկարահանելը (օրենքը պահանջում է տեսանկարահանում առաջին առնվազն 4 վայրկյանը)։

Ըստ օրենքի՝ բացահայտված խախտումների դեպքում սպանդանոցները տուգանվում են․ 400.000 դրամ՝ սանիտարական խախտումների համար, 300.000 դրամ՝ կենդանիներին սպանդանոցից դուրս մորթելու կամ գործընթացը չպահելու դեպքում։

Տեսչական մարմինը չի բացառում, որ խախտումների դեպքում նոր դադարեցումներ կարող են տեղի ունենալ, քանի որ անընդհատ իրականացվում են անասնահամաճարակային մշտադիտարկումներ։

2023–2024 թվականներից ուժի մեջ մտած կարգավորումը պահանջում է, որ վաճառվող ցանկացած միս ունենա՝ Form V անասնաբուժական վկայական, պիտակ կամ համապատասխանության հայտարարագիր։ Առանց այս փաստաթղթի՝ միս վաճառելն արգելվում է, իսկ բակային մորթը թույլատրվում է միայն ծիսական նպատակներով՝ մատաղի դեպքում։ Ամանորից առաջ սպանդանոցները գտնվում են խիստ վերահսկողության տակ։

Էջմիածին քաղաքի սպանդանոցներից մեկի տնօրենը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ պետությունը սուբսիդավորում է մորթի ծառայությունը. մեկ գլխաքանակի համար տրամադրվում է 10.000 դրամ աջակցություն, ինչը զգալիորեն նվազեցնում է գյուղացիների ծախսերը։

Հարցին՝ արդյո՞ք սահմանամերձ գյուղերում բնակվող մարդիկ բարդություն չեն ունենում կենդանիներին սպանդանոց հասցնելու դեպքում, տնօրենը պատասխանեց.

«Հայաստանը հիմա էնքան փոքր ա, որ ոչ մի խնդիր չի լինում։ Մեկ մետր տեղ ա իրականում»։

Բացի պետական օժանդակությունից, այսօր գործում են նաև մասնավոր, շարժական սպանդանոցներ, որոնք կարող են ծառայություն մատուցել անմիջապես գյուղացիների տարածքում։ Նրանք վերցնում են 5000–7000 դրամ։

2024–2025 թվերի տվյալները ցույց են տալիս, որ ստուգում անցած 15 սպանդանոցից 7-ում հայտնաբերվել են խախտումներ։ 2025-ին նույնպես՝ 8 ստուգումից 7-ում կրկին խնդիրներ են եղել։ Այս թիվը շատ բարձր է, մոտ 90%։

Սա նշանակում է, որ շուկայում անվտանգ միս ունենալու համար վերահսկողությունը պետք է ավելի բարձր պահել, և սպառողը նույնպես այս օրերին պետք է ավելի զգոն լինի։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել