Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումներում առաջընթաց չկա, սակայն առնվազն կողմերը միմյանց գաղափարներ և ազդակներ են փոխանցում։
Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կրկին ասեմ՝ ԱՄՆ-ը միշտ բաց է աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ որևէ հակամարտության, ճգնաժամի կամ առկա տարաձայնությունների շուրջ երկխոսության համար։ Այսպիսով, եթե գաղափարներ կամ ազդակներ փոխանակելու բարենպաստ հնարավորություն կա, մենք դա կանենք։ Հիմնականում հենց դա է տեղի ունեցել երեկ»,- ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ում միջնորդների միջոցով ԱՄՆ-ի և Իրանի շփումները։
«Այս իմաստով խոսքը դրական զարգացումների մասին է։ Սակայն, ի վերջո, ես չեմ ցանկանում դա սխալ կերպով ներկայացնել որպես մեծ առաջընթաց։ Թեև կարծում եմ՝ նշանակալի էր այն, որ առնվազն զրույց տեղի ունեցավ»,- նշել է Ռուբիոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 22-ին հայտարարել էր, որ Իրանի հետ հակամարտության դադարեցման շուրջ պայմանավորվածության հասնելու նախադրյալներ կան։ Նա նշել էր, որ իր ներկայացուցիչներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը «շատ արդյունավետ հանդիպում են ունեցել Իրանի հարցով միջնորդների հետ»։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ հանդիպման ընթացքում ներկայացվել են «շատ լավ գաղափարներ»։
Սպիտակ տան ղեկավարը նաև չէր բացառել, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են հակամարտության ավարտի վերաբերյալ համաձայնության հասնել ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, որոնք կանցկացվեն նոյեմբերի 3-ին։