Կառավարության առաջարկով՝ նախարարների աշխատավարձերի դրույքաչափերը գրեթե կրկնապատկվելու են, բարձրանալու են նաև մոտ 20 հազար պետական աշխատողների աշխատավարձերը։ Այս բարձրացումը տարեկան ավելի քան 25 միլիարդ դրամ լրացուցիչ ծախս է պահանջելու։
Ի՞նչ չափելի արդյունք է ակնկալվում այս մեծ ծախսի դիմաց։
Սեպտեմբերի 22-ին ճեպազրույցում պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ մեջբերելով միջազգային փորձը, ընդգծեց, որ աշխարհում կա բացասական կոռելացիա աշխատավարձերի չափի և կոռուպցիայի մակարդակի միջև։
Արդյոք բարձր աշխատավարձը կփրկի՞ կոռուպցիայից։
Այո, ՔՊ-ական պատգամավորը ճիշտ է։ Պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը տեսականորեն կարող է նվազեցնել կոռուպցիան, պաշտոնյան ամեն րոպե կաշառք չի ուզի, քանի որ չարացած և նվաստացած չի զգա ցածր աշխատավարձի պատճառով, չի փորձի վրեժ լուծել քաղաքացիներից, որոնք իրենից լավ են հագնված կամ կուշտ են երևում։ Ժամանակ կար, որ ՀՀ-ում քաղաքացիները խուսափում էին առավոտյան դիմել պաշտոնյաներին, երբ նրանք դեռ քաղցած էին։ Մարդիկ սպասում էին և պաշտոնյայի մոտ մտնում օրվա երկրորդ կեսին, ընդմիջումից հետո, որ պաշտոնյան կուշտ լինի և քաղաքացուց հացի փող չուզի։
Չինովնիկների աշխատավարձի բարձրացման արդյունքում պակասում են նաև ապապետական գործողությունները։ Երբ չինովնիկը քիչ փող է ստանում, ապա չարանում է, միտումնավոր գործում է նաև պետության դեմ։ Նա լավ հասկանում է, որ կոռուպցիան պետության հիմքերն է քայքայում, սակայն թքած ունի այդ ռիսկի վրա և միտումնավոր գործում է հայրենիքի դեմ։ Իսկ երբ չինովնիկի աշխատավարձը բարձրանում է, ապա նա, կարծես, երախտագիտությամբ է լցվում պետության, հարկատուների նկատմամբ և միտումնավոր չի վնասում, չի քայքայում երկիրը։
ՔՊ-ական իշխանության պարագայում, սակայն, այսպիսի լավատեսության համար հիմքերը թույլ են։ Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու այլ ՔՊ-ականներ ժողովրդի մի մասին անթաքույց ատում են, նրանց անբարյացկամ են վերաբերվում, ինչպես աշխարհի բոլոր հեղափոխականները։ Այսինքն՝ ՔՊ-ական չինովնիկներն ի բնե չարացած են, հետևապես՝ վնասելու են մարդուն ու պետությանը։ Ինչքան շատ փող ստանան, այնքան շատ են վնասելու։ ՔՊ-ական չինովնիկները աչքի չեն ընկնում մարդասիրությամբ։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ ակնհայտ անմարդկային որոշումներ են ընդունվում, ոտնահարվում մարդու իրավունքները։ Արժեքների հանդեպ էլ հարգանք չկա։ Մասնավորապես՝ «Հավասարություն» արժեքի հանդեպ հարգանք չկա։ Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ ՔՊ-ականները վերևից և արհամարհանքով են նայում ժողովրդի մի մասին։ Ենթադրելի է, որ ինչքան էլ բարձրացնեն նրանց աշխատավարձը, նրանք միևնույն է շարունակելու են չարությամբ ու արհամարհանքով վերաբերվել հարկատուների, ժողովրդի մի մասին։
Կոռուպցիայի գլխավոր պատճառներից է նաև ապագայի հանդեպ հավատի բացակայությունը։ Չինովնիկը Հայաստանում չի տեսնում իր, իր ընտանիքի ապագան, հիմքեր է ստեղծում, որ իր երեխաներն ապրեն դրսում։ Նախկին պաշտոնյաների մի մասն ու նրանց ընտանիքի անդամներն այսօր ապրում են հայրենիքից դուրս։ Նիկոլ Փաշինյանն անորոշ, հետևաբար՝ անհեռանկար քաղաքականություն է վարում։ Օրեր առաջ նա խոստովանեց, որ 2022-ի սեպտեմբերին պետականության կորստին 5 էր պակաս։ Ո՞րն է երաշխիքը, որ վաղը նույն սխալը չի անի ու նույն ռիսկը չի ստեղծվի։ Այսօրվա չինովնիկը բնականաբար կասկած ունի նաև, որ իշխանափոխությունից հետո հետապնդվելու է, ինչպես այսօր հետապնդվում են նախկինները։ Այսինքն՝ ՔՊ-ականը ևս իր ապագան ՀՀ-ում չի տեսնում։
Կարճ ասած՝ այս ամենը հիմք են ենթադրելու, որ ՀՀ չինովնիկի աշխատավարձի բարձրացումը չի նվազեցնելու կոռուպցիան։ ՔՊ-ական չինովնիկը մնալու է չարացած մարդկանց ու պետության վրա, անմարդկային ու ապապետական բաներ է անելու։
Հետևապես՝ չինովնիկի աշխատավարձը բարձրացնելու նպատակն այլ տեղ պետք է փնտրել։ Ենթադրելի է, որ սա նախընտրական խոստում էր, այսինքն՝ այս խայծով ՔՊ-ն հունիսի 7-ին ստացել է մի քանի տասնյակ հազար պետական աշխատողների քվեները։ Եվ հիմա էլ եկել է դրա համար վճարելու ժամանակը։ Հոռետեսներն էլ կարծում են, թե առաջիկայում կարող է հեղափոխական իրավիճակ ստեղծվել։ Եվ այսօր բարձրացնում են պետական աշխատողների աշխատավարձերը, որ նրանք նման իրավիճակում չանցնեն վաղվա հեղափոխականների կողմը, չստեղծեն լեգիտիմության ակնհայտ ճգնաժամ։
Թաթուլ Մկրտչյան