Ներքին Միտք 11 ամիս առաջ - 15:24 05-12-2025

Սա խաղաղության օրակարգ չէ․ 2026-ի ընտրությունները սովորական չեն լինելու․ Սուրենյանց

Քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ինչի՞ մասին է Ալիևի այսօրվա հայտարարությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրկին հայտարարել է իբրև «Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մասին։

Սա խաղաղության օրակարգ չէ։

Սա Հայաստանի տարածքի փաստացի վերաձևման վերաբերյալ պահանջ է, որի խորքային նպատակը կարող է լինել հայ-ադրբեջանական համակեցության որևէ ձև՝ Հայաստանի ներկայիս տարածքում։

Այս հայտարարությունն ի ցույց է դնում, որ իրական խաղաղություն գոյություն չունի։

Ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի և իշխանական շրջանակի պնդումների՝ Բաքուն ոչ թե մեղմում է իր դիրքորոշումը, այլ օրեցօր կոշտացնում այն՝ նպատակ ունենալով ապահովել առավելագույն միակողմանի արդյունք։

Բայց ինչո՞ւ է Ալիևը նման պահանջներ բարձրացնում հենց հիմա՝ լիովին գիտակցելով, որ դրանք կարող են վնասել իրեն առավել շահավետ գործող իշխանությանը։

Պատճառներն, ըստ էության, մի քանի շերտ ունեն․

Ալիևը չի վստահում Փաշինյանի իշխանության վերարտադրությանը

Ադրբեջանը փորձում է մինչև 2026 թվականն ավարտին հասցնել իր հիմնական պահանջները՝ հասկանալով, որ իշխանության հնարավոր փոփոխության դեպքում Հայաստանի բանակցային դիրքերը կարող են արմատապես փոխվել։

Այս փուլում Բաքուն ձգտում է ամրագրել հնարավոր առավելագույնը։

Ալիևը բարձրացնում է գինը՝ Փաշինյանին ներքաղաքական աջակցություն ցուցաբերելու դիմաց

2026-ի ընտրություններում Փաշինյանի համար արտաքին աջակցությունը վճռորոշ է լինելու։

Ալիևը ձևավորում է ակնհայտ պահանջների նոր փաթեթ՝ հասկացնելով, որ ցանկացած աջակցություն պայմանավորված է լինելու նոր, ավելի խորքային զիջումներով։

Սա ուղիղ քաղաքական ազդակ է՝ հասցեագրված ոչ միայն Երևանին, այլև արտաքին դերակատարներին։

Ալիևը համոզված է, որ Հայաստանում դիմադրության կենտրոններ այլևս չեն գործում

Ներքաղաքական դաշտի թուլացումը և կազմակերպված դիմադրության բացակայությունը Բաքվում ընկալվում են որպես ազդանշան, որ Հայաստանում ներկայումս բացակայում է այն ներքին կարողությունը, որը պահանջվում է ադրբեջանական ճնշումներին դիմակայելու համար։

Այս համոզմունքն է նրան հնարավորություն տալիս առավել բաց և կոշտ հնչեցնել այն, ինչ նախկինում արտահայտում էր զգուշությամբ։

Ի դեպ, Հայաստանի ներսում դիմադրության կենտրոնների չեզոքացման հարցում Ալիևի հիմնական դաշնակիցը հենց Փաշինյանն է:

Ալիևը ձևավորում է բանակցությունների նոր մեկնակետ միջազգային հարթակների համար

Նրա հայտարարությունները հաճախ ուղղված են ոչ միայն Երևանին, այլև արտաքին կենտրոններին՝ Միացյալ Նահանգներին, Եվրոպային, Մոսկվային և Անկարային։

Ալիևը փորձում է ամրագրել հետևյալ տրամաբանությունը․

«Ադրբեջանի պահանջները վաղուց են հնչեցվել, հետևաբար դրանք պետք է դիտարկվեն որպես բանակցային օրակարգ»։

Այսպիսով՝ նա ձգտում է, որ հետագա ցանկացած քննարկում սկսվի իրեն առավել ձեռնտու մեկնակետից։

Հայաստանի համար հետևությունն առավել քան ակնհայտ է:

Որքան էլ սցենարները տարբեր լինեն, անհերքելի է մեկ բան․ ներկա ստատուս-քվոն Հայաստանին պահում է միակողմանի, նվաստացուցիչ և շարունակ ընդլայնվող ճնշումների դաշտում։

2026-ի ընտրությունները սովորական չեն լինելու։

Դրանք որոշելու են՝ շարունակելո՞ւ է Հայաստանը շարժվել Ադրբեջանի թելադրած հունով, թե՞ վերականգնելու է իր պետական սուբյեկտությունն ու արժանապատիվ դիրքավորումը։

Միակողմանի զիջումների վրա կառուցված խաղաղությունը խաղաղություն չէ։

Դա ընդամենը վերափոխված ճնշում է՝ նոր պահանջներով և նոր սպառնալիքներով»:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը