Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 4 օր առաջ - 19:00 14-11-2025

Դիվանագիտական սկանդալ ու անպտուղ բանավեճ են սպասվում

Քաղաքական նախաձեռնություններն արժեք ունեն, երբ նպաստում են ազգային առաջընթացին, ընդհանուր բարեկեցությանը, ազգային իրավունքների, անկախության և ժողովրդավարության պաշտպանությանը։

«Ես նախկինում էլ եմ ասել, որ կհրապարակեմ բանակցային փաստաթղթերը, բայց դրա տերը միայն մենք չենք: Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի և այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա։ Այսինքն, այդ սուբյեկտը չի լինի, և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել: Իսկ Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված այլ երկրի ղեկավարի, ես խնդրել եմ գաղտանզերծման գործընթաց լինի, կհրապարակեմ, կտեսնեք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

Ի՞նչ իմաստ ունի Արցախյան բանակցային փաստաթղթերի և Սերժ Սարգսյանի նամակի գազտնազերծումը։ Եվ դա ի՞նչ կտա Հայաստանին ու ժողովրդին։

Առաջին հայացքից՝ սա բլեֆ է։ Բանակցային փաստաթղթերի հրապարակումը հետաքրքիր է միջազգային հարաբերությունների մասնագետների համար։ Երկրորդ հերթին հետքրքիր է նրանց համար, ովքեր կարծում են, թե 2019-ին միջնորդների առաջարկով Արցախի հարցը կարող էր լուծվել հոգուտ հայերիս, բայց Փաշինյանը մերժել է այն ու պատերազմի դուռ բացել։

Նախ՝ հարկ է նկատել, որ այսօրվա տեսանկյունից բանակցային բոլոր առաջարկներն էլ հայանպաստ են երևում, նույնիսկ Լավրովի պլանը։ Սակայն հարցի հայանպաստ լուծում չէր լինում ու չէր կարող լինել, քանի որ ՀՀ-ն հակաքաղաքակրթական կուրս էր վարում։ Արևմտյան միջնորդները հույս էին փայփայում, որ ՀՀ-ում իշխանության կգան անկախական ուժերն ու այդ ժամանակ ազատ աշխարհն Ադրբեջանին կպարտադրեր արդար ու հայանպաստ լուծում։

Հարկ է նկատել նաև, որ մինչև 2018-ը ՀՀ-ում ռուսամետ ուժերն էին իշխանության։ Իսկ 2018-ի հեղափոխությունից հետո ՀՀ-ն դարձել էր ռուսական ֆորպոստ, Փաշինյան էլ՝ ֆորպոստի վարչապետ։ Այս առումով՝ Արցախի հարցի հայանպաստ լուծման իրական շանս չի եղել՝ ստատուս քվոյի պահպանումից զատ։ Հետևապես՝ բանակցային փաստաթղթերի հրապարակումը զուտ ներքաղաքական շահարկման առարկա է դառնալու։ Խորհրդարանական ընդդիմությունն մատնացույց է անելու, որ լավ առաջարկ է բաց թողել վատ Փաշինյանը։ Իսկ ՔՊ-ն ասելու է, որ խաղաղություն է բերել, ու վերջ։ Իրականում՝ ներքաղաքական բանավեճում ընդդիմության հաղթաթուղթը ոչ թե բանակցային փաստաթղթի գաղտնազերծումն է, այլ փաստը, որ Փաշինյանը վառ ռուսամետ կուրս է վարել, ինչը հուսահատություն է պատճառել արևմտյան միջնորդներին և լեգիտիմացրել մեր դեմ ագրեսիան։ Այս գիտակցումը պրագմատիկ է։ 2019-ի բանակցային առաջարկը գաղտնազերծելուց հետո հնարավոր չէ այն կիրառել ու Արցախը հայկական պահել։ Բայց ռուսամետ կուրսից հրաժարվելու և անկախության ու ժողովրդավարության դիրքերում կանգնելու պարագայում հույս կա, որ Արցախը վերստին կարող է ազատագրվել ազատ աշխարհի աջակցությամբ։

Բոլորովին այլ կինո է լինելու Սերժ Սարգսյանի՝ այլ երկրի ղեկավարին գրված նամակի գաղտնազերծումը։ Առանց հասցեատիրոջ երկրի թույլտվության՝ նման գաղտնազերծումը դիվանագիտական սկանդալ է առաջացնելու։ Եթե նամակն առնչվում է արցախյան բանակցային գործընթացին, ապա ենթադրյալ հասցեատերը ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներից մեկի ղեկավարն է։ Եթե մինչև տարվա վերջ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, ապա անդամ երկրների լուծարում կամ այս երկրներում հեղափոխություն չի կանխատեսվում։ Այս երկրները ՀՀ ներքաղաքական օրակարգը սպասարկելու համար չեն գնա այդպիսի գաղտնազերծման, իրենց միջազգային հեղինակությունը ռիսկի չեն ենթարկի։

Չի բացառվում, որ գաղտնազերծվելիք նամակի հասցեատրերը Բելառուսի ղեկավարն է։ Շատերն են հիշում Սերժ Սարգսյանի և Լուկաշենկոյի հեռախոսազրույցը 5 միլիարդի առաջարկի ու դրա մերժման մասին։ «Չեմ բացառում, որ 5 մլրդ դոլարի առաջարկը արվել է նաև կապիտուլյանտին։ Իրադարձությունների զարգացումը իրավունք է տալիս ողջամիտ կասկածներ ունենալու»,- նշել է ՀՀ երրորդ նախագահը 2021-ի փետրվարի 15-ին հարցազրույցում։ Եվ չնայած՝ Լուկաշենկոն հակահայ դիրքորոշում և ներգրավվածություն է ունեցել 44-օրյա պատերազմում, շնորհավորել գործընկերոջը Արցախի զավթման, հայերին բռնի տեղահանման առիթով, երբեմն ծաղրում է Փաշինյանին, սակայն նույնիսկ սրան ուղղված նամակի գաղտնազերծումը դիվանագիտական սկանդալի պատճառ է դառնալու, քանի որ իրական հասցեատերերը եղել են ՌԴ-ն, Ադրբեջանը կամ այլ երկիր։ Այսինքն՝ եթե նամակի գաղտնազերծման մասին ակնարկը բլեֆ չէ, ապա առաջիկայում Հայաստանը դիվանագիտական խայտառակ սկանդալի մեջ է ներքաշվելու։

Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանի նամակի և Արցախյան բանակցային փաստաթղթերի գաղտնազերծումը Հայաստանին ու ժողովրդին բան չի տալու, չհաշված՝ դիվանագիտական սկանդալն ու անպտուղ բանավեճը։ Սակայն դրանք ստվերելու են քաղաքական օրակարգի կարևոր հարցերի շուրջ բանավեճը, ուշադրություն են սևեռելու Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի անձերի վրա, ներքաղաքական շահարկման առանցքային նյութ են լինելու առաջիկա ամիսներին և մոռացվելու են 2026-ի ընտրություններից անմիջապես հետո։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
20:12 Ինձ ընտրեք, խոստանում եմ՝ 2 հատ վիլա կառնեմ, քաղաքի ամենալավ ավտոն էլ կքշեմ. քաղաքացի
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
20:18 Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Մալաթիա մոլ»-ի դիմաց բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
20:59 Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ, հուսահատվել չկա՛, պետք է անել ավելին
20:40 Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
20:30 Փաշինյանն Աստված չունի․ ինքը շատ փոքր ա, որ Մայր Աթոռին տիրանա․ հարցում
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ