Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 17:50 11-11-2025

Էկոնոմիկայի նախարարությունը ոչ թե գործ է անում, այլ շոու․ 4-րդ կարգի ցորենի հետքերով

Ղազախստանից Հայաստան ներմուծված ցորենը 4-րդ դասի պարենային ցորեն է, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուրի, այնպես էլ կերախառնուրդների արտադրության համար։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատոր «Պրոդկորպորացիա» ազգային ընկերության մամուլի ծառայությունը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ, անդրադառնալով այս փաստին, գրառում է կատարել՝ հայտնելով, որ Ղազախստանից ներմուծված 4-րդ կարգի ցորենը հիմնականում օգտագործվում է կերի արտադրության մեջ: «Այնպես որ, շատ չբողոքեք, եթե վաղը մատնաքաշն էլ էն համը չունենա: Բարձր կարգի ցորենը թանկ է, տրանսպսրտային ծախսերն էլ, եթե ավելացնեին՝ հացի գինը շատ կբարձրանար»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Oragir.News –ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Էկոնոմիկայի փոխանախարար Էդգար Զաքարյանի այն արտահայտութունը, թե՝ «ցորենը ցորեն չէ՞, կենդանին որ ուտում է, մեզ ոչ մի բան չի՞ տալիս՝ կաթ, կարագ»։

«Ցավոք սրտի՝ մեր երկրում մեկնաբանություններն արվում են առանց բավարար հիմքերի և առանց բավարար հենքերի։ Ինչո՞ւ․ որովհետև 4-րդ կարգի ցորենը տեխնիկական կանոնակարգով կարող է օգտագործվել, պիտանի լինել ինչպես սննդի արդյունաբերության մեջ, այնպես էլ պիտանի չլինել։

Եվ այս ամբողջ խառնաշփոթը գալիս է նրանից, որ էկոնոմիկայի նախարարն, ի սկզբանե, պարենային ապահովության խնդիր ունեցող երկրում ցորեն-ալյուրի ներմուծումով հացի գնից է սկսում խոսել և հացի գործոնով պայմանավորել։ Հասարակության մոտ ավտոմատ ձևավորվում է կարծիք, որ բարձր դասի ցորեն է գալու, հետո տեղեկություն է տարածվում, որ 4-րդ դասի ցորեն է։ Սկսվում են կասկածներ, թե արդյոք անասնակե՞ր է, թե՞ անասնակեր չէ, որովհետև իրականում կարող է համապատասխանել ինչ-որ պայմանների և դառնա պարենային՝ սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող ցորեն, հնարավոր է՝ ինչ-որ պայմաններ չբավարարեն և լինի արդեն անասնակեր»,- մանրամասնեց Պիպոյանը։

Հասարակական ամենամեծ շոկն, ըստ ՀԿ նախագահի, այն է, որ պետությունն ինքը չի ասում, թե ինչ ցորեն է ներմուծում, այլ դա բացահայտվում է ղազախական աղբյուրներից։

Նրա խոսքով՝ շատ ավելի վատ բան է տեղի ունենում, երբ նույն նախարարության նախարարն ասում է՝ «սպասում եմ, որ էս ցորենի հացն ուտեմ», իսկ փոխնախարարն ասում է՝ «ի՞նչ է եղել, կտանք՝ անասունները կուտեն»։

«Մենք տեսնում ենք, որ անգամ շատ բարձր ռիսկային ապրանքները ոչ միշտ են պատշաճ հետազոտությունների ենթարկվում։ Մենք տեսնում ենք, որ կասեցում ունեցող հանրային սննդի օբյեկտը շարունակում է աշխատել, ինչից էլ մարդկանց մոտ տրամաբանական հարց է առաջնաում՝ ի՞նչ եք ստուգել»։

Շարունակելով խոսքը՝ Բաբկեն Պիպոյանը կարծիք հայտնեց, որ եթե Էկոնոմիկայի նախարարությունում խորհրդակցեին, կարդային տեխնիկական կանոնակարգերը, հասկանային ընթացակարգերը՝ միգուցե այլ իրավիճակ կլիներ։

«Որովհետև, ի վերջո, մենք գործ ունենք մաքսային միությունից ներմուծվող ապրանքի հետ. արդյոք սահմանային հսկողություն անցե՞լ է, թե՞ միայն փաստաթղթերով է ներմուծվել, ի՞նչ լրացուցիչ քայլեր են ձեռնարկվել որոշակի հսկողություն իրականացնելու համար։ Ի՞նչն են հսկել, ո՞ր ցուցանիշն են հսկել, միայն անվտանգության ցուցանիշնե՞րը, թե՞ նաև որակական ցուցանիշները։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ունենալուց հետո միայն պետությունը պետք է խոսեր։ Այս պարագայում, գործադիրը ոչ թե գործ է անում, այլ շոու ստեղծում, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարությունը»,- մեկնաբանեց Բաբկեն Պիպոյանը։