Ուղիղ եթեր
Միտք Ներքին 6 ամիս առաջ - 10:30 10-11-2025

Սերժ Սարգսյա՞նն է խափանել ռուսների պլանները, թե՞ նրան պարտադրել են

Ուշագրավ բացահայտում տեղի ունեցավ օրեր առաջ։ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» պոդքասթի ֆորմատով տված ծավալուն հարցազրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ի հեղափոխության օրերին ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկիին ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե ինքը փողոցը հանդարտեցնի:

«Ո՞վ էր իրեն առաջարկել։ Գալու է ժամանակ, երբ խոսելու են մարդիկ, որոնց մոտ գնացել է Սվիտալսկին և ասել, որ սրան առաջարկել են փոխվարչապետի պաշտոն։ Ինձ համար էլ է անհասկանալի՝ ո՞վ է առաջարկել նման պաշտոն, ես չեմ առաջարկել»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։

Այս մութ պատմությունը հանրային հետաքրքրություն է առաջացրել, շրջանառելով մի քանի վարկածներ։

Առաջին վարկածի առանցքում Կարեն Կարապետյանն է։ Այսինքն՝ ենթադրվում է, որ նա է Նիկոլ Փաշինյանին առաջարկել փոխվարչապետի պաշտոնը։ Կարեն Կարապետյանը Հայաստանի վարչապետն էր 2016 թվականի սեպտեմբերի 13-ից 2018 թվականի ապրիլի 9, իսկ 2018 թվականի ապրիլի 18-ից մայիսի 11-ը՝ ՀՀ առաջին փոխվարչապետ։ Այդ ժամանակ ասեկոսե էր շրջանառվում, թե Սերժ Սարգսյանը ռուսների խնդրանքով՝ իշխանությունը ժառանգելու է Կարեն Կարապետյանին։ Այս մասին ակարկում է նաև Սերժ Սարգսյանը հիշյալ հարցազրույցում, ասելով՝ «Հարց կարող է առաջանալ՝ ինչու՞ էր ՌԴ ձեռնպահ մնում. որովհետև նրանք համարում էին, որ բոլոր պարագաներում, նույնիսկ ժողովրդական ընդվզման պարագայում, եթե ես թողնեմ պաշտոնը, ապա այդ պաշտոնին լինելու է ռուսամետ գործիչ՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, և դա մեծ ողբերգություն չէ։ Ողբերգություն կլինի, եթե Հայաստանում հակառուսական մեծ տրամադրություններ առաջանան»։

Այսպիսով՝ ենթադրելի է, որ ռուսները ստիպել են Սերժ Սարգսյանին իշխանությունը տալ Կարեն Կարապետյանին, իսկ Փաշինյանին էլ փոխվարչապետի պաշտոն են առաջարկել հեղափոխության ֆոն ապահովելու համար։ Եվ քանի որ այս իշխանափոխության սցենարիստը Մոսկվան էր, ապա, բնականաբար, այդ առաջարկի մասին ՌԴ ինչ-որ էմիսար է տեղեկացրել ԵՄ դեսպանին։

Այս վարկածում քողարկված ակնարկ կա, թե Փաշինյանին իշխանության է բերել Կարեն Կարապետյանը։ Սկզբում նրան փոխվարչապետի պաշտոն է առաջարկել, իսկ հետո էլ զիջել է վարչապետի պաշտոնը։ Այս թեզն առաջ մղողները փորձում են մաքրել Սերժ Սարգսյանին, իշխանության հանձնումն ամբողջությամբ բարդելով Կարեն Կարապետյանի վրա։

Մեկ այլ վարկածով էլ Կարեն Կարապետյանը, Փաշինյանին առաջարկելով փոխվարչապետի պաշտոնը, փորձել է պահել իշխանությունը։ ԵՄ դեսպանին տեղեկացնելով այդ մասին, ռուսները, հավանաբար, ակնարկել են, որ Փաշինյանն էլ կզբաղվի եվրաինտեգրման հարցերով ու կյանքի կկոչի 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագիրը։ Եթե ռուսական այս սցենարն իրականանար, ապա վարչապետ Կարեն Կարապետյանը փոխվարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀՀ-ն կպահեին ռուսական ուղեծրում ու ձեռքի հետ էլ կիրականացնեին CEPA-ով նախատեսված ժողովրդավարական բարեփոխումները։

Այս սցենարի ձախողման հավանական պատճառն այն է, որ Փաշինյանը 2018-ին ռուսներին խոստացել է լինել ամենառուսամետ իշխանությունը ՀՀ պատմության մեջ, ֆորպոստի վարչապետ դառնալ, իրականացնել ռուսների բոլոր, նույնիսկ ամենառիսկային ու խայտառակ խնդրանքները, իսկ CEPA-ն արհամարհել։

Մեկ այլ վարկածով էլ ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանն է խափանել Կարեն Կարապետյանի հետ կապված ռուսների պլանները և իշխանությունը ժառանգել Նիկոլ Փաշինյանին։ Այսպիսով՝ Սերժ Սարգսյանն ուղիղ դեմ է գնացել Մոսկվային։ Սվիտալսկին նրան տեղեկացրել է, որ ռուսները պատրաստ են Փաշինյանին փոխվարչապետի պաշտոն տալ, եթե Սերժ Սարգսյանը մնա իշխանության ու ճնշի փողոցային շարժումը։ Իսկ Սերժ Սարգսյանը, հավանաբար, մերժել է դա, ակնարկելով, որ ինքն է քաղաքականություն որոշողն ու ինքը Փաշինյանին նման պաշտոն չի առաջարկել, Փաշինյանի թավշյա հեղափոխությունն էլ չի ճնշելու։

Պարզ ասած՝ Սերժ Սարգսյանի բացած այս մութ պատմության բազմաթիվ հարցերը միանշանակ պատասխան չունեն։ Եվ պարզ չէ ամենակարևորը՝ Սերժ Սարգսյա՞նն է փորձել խափանել ռուսների պլաններն ու իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին, թե՞ ռուսներն են պարտադրել Սերժ Սարգսյանին իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին։ Պարզ է միայն այն, որ 2018-ին հեղափոխության արդյունքում ջուրն են լցվել Սերժ Սարգսյանի արածները եվրաինտեգրման հարցում, Փաշինյանը ռուսական ֆորպոստի վարչապետ է կարգվել, ինչի մասին նա խոստովանել է 2025-ի հունիսի 19-ին և այսօր էլ անշեղորեն շարունակում է ռուսամետ աղետալի կուրսը։

Թաթուլ Մկրտչյան